close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աճող սերունդը կորցրեց կողմնորոշիչները վատ կինոյի պատճառով․ «Լույսի կաթիլների» ռեժիսորը՝ թշնամի հարևանի և կասկածների մասին

Մշակույթ

6 Մայիսի 2021, 20:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աճող սերունդը կորցրեց կողմնորոշիչները վատ կինոյի պատճառով․ «Լույսի կաթիլների» ռեժիսորը՝ թշնամի հարևանի և կասկածների մասին

Համբուրվելու էպիզոդ կա․ այնպես արեցինք, որ նկարահանման հրապարակում մնա միայն զվուկավիկը ու ես, որ գլխավոր դերակատարներն իրենց հանգիստ զգան։ Ասացին՝ կլինի՞ 5 րոպեով բացակայենք՝ այս համբուրվելու տեսարանը մեր ձևով պատրաստենք, ու գանք։ Եկան՝ աչքերը վառվում էին՝ այն, ինչ պետք էր․․․ ու իրենք այդ սցենան նենց խաղացին, որ մենք նույնիսկ չէինք պատկերացնում․ մի դուբլով ենք նկարել։ Այնպիսի տպավորություն էր, որ նրանք սիրահարներ են։

Այս պատմությունը «Լույսի կաթիլներ» ֆիլմի ռեժիսոր Արման Չիլինգարյանը Yerkir.am-ին պատմեց իր ֆիլմի գլխավոր դերակատարների մասին, որոնք դերասաններ չեն՝ նկարիչներ են։

Ասաց՝ դժվար են գտել նրանց․ 3 ամիս նախապատրաստական շրջան են անցել, գտել երկրորդական դերերի կատարողներին, որոնք պրոֆեսիոնալ դերասաններ էին, բայց քաստինգի ընթացքում 300 դերասաններից չէին կարողանում գտնել այն գլխավոր հերոսներին, որոնց ինքը պատկերացնում էր։

«Միամիտ հանդիպեցի նկարիչ Էմմա Բաբախանյանին, միամիտ հեռուստացույցով եմ տեսել․․․ կապ հաստատեցի, փորձեցինք, տեսանք ամեն ինչ աշխատում է։ Ապա գտանք երկրորդ դերակատարին՝ Սասունին, որոնք ընտիր կպան իրար։ Ոնց որ մտածված լինեին իրար համար,  և այն քիմիան, որը մեզ պետք էր, իրենց մեջ աշխատեց»,-ասաց Արման Չիլինգարյանը։

Ֆիլմը եռապատման երկրորդ մասն է․ առաջինը Սպիտակի երկրաշարժի թեմայով է, երկրորդը՝ «մութ ու ցուրտ տարիների», երրորդը կլինի արցախյան առաջին պատերազմի մասին։

1990-ականների դեպքերն են․ հերոսը վերադառնում է պատերազմից ու իր թողած երկիրն այլ վիճակում տեսնում․ առաջանում են ներքին կոնֆլիկտներ։

Արդյո՞ք երրորդ պատերազմից հետո, երբ ազգի մեջ վերացավ նաև հաղթողի զգացողությունը, ինքը նույն կերպ կտեսներ 90-ականների զարգացումները և նույն կերպ նկարեր ֆիլմը․ Արման Չիլինգարյանը պատասխանում է՝ երևի կլինեին շեշտադրումների փոփոխություններ, բայց ընդհանուր իմաստը, որ՝ երկու իրար կողքի ապրող ազգերը մարտնչում են և, եթե կողքիդ հարևանը քեզ միշտ ընդունում է որպես թշնամի և յուրաքանչյուր քո առաջարկությանը ինքը չի փորձում գտնել մոտենալու եզրեր, այլ ավելի շատ է թշնամանում քեզ հետ, ապա ինքը դառնում է նույն թշնամին և վերաբերմունքը մնում է որպես թշնամու։

«Այս մի պատերազմը, որը, իմ կարծիքով, վերջինը չէ, ցավոք, ու ամենաարյունալին չէ, իմ կարծիքով, դա բերում է նրան, որ դու քո մեջ արդեն փոխում ես վերաբերմունքը հարևանիդ նկատմամբ ու, եթե ինքը չի փոխում իր կարծիքը քո վերաբերյալ, ապա ինքը դառնում է նույն թշնամին։ Եթե մեկը քեզ արել է վատություն և քեզանից ներողություն չի խնդրում, չի քավում իր մեղքերը, չի զղջում իր արածների համար, և ասում է՝ ինչ արել եմ, մոռանում ենք, ու սկսում ենք նոր էջից, այդ ժամանակ մեկ հարց է գալիս՝ լավ, բա որ նորից կրկնվի, ես ի՞նչ պատասխանեմ իմ ընտանիքի անդամներին, չէ՞ որ «հիմարը սովորում է սեփական սխալների վրա, խելոքը՝ ուրիշի»»,-բացատրեց ռեժիսորը։

Հերոսի ներքին կոնֆլիկտի մասին նա ասաց՝ համասցենարիստ Գարիկ Մաշկարյանի հետ փորձել են դա ունենալ սցենարում, հետո տեղափոխել են կինո։

«Շատ հետաքրքիր պահ ենք բոլորս ապրել, երբ մի օր վեր կացանք ու տեսանք, որ մենք մեծ երկրի քաղաքացիներ չենք, Սովետական Միությունը փլուզվեց և մենք մեր տերն էինք։ Ինչ դուրս եկավ դրանից՝ ինչ-որ բաներ հիմա է երևում, ինչ-որ բաներ կերևա հետո, երբ մանրամասն կզննեն, կհասկանան՝ ով էր ճիշտ, ով էր սխալ, բայց մենք ուզեցինք, որ հերոսի մեջ դա լինի, դա լավ գույն է փոխանցում հերոսին, երբ նա ունենում է կասկածներ՝ վերադառնալով քաղաքացիական կյանք պատերազմից»,-ասաց Արման Չիլինգարյանը։

Մարտի դաշտում՝ պարզ էր, կար թշնամի, կային ընկերներ, զինակիցներ։ Վերդառնալով՝ մարդը  հասկանում է, որ ինչ թողել է՝ նույնը չէ։ Այդ ամենը սրվում է սոցիալական իրավիճակով՝ չկա լույս, ջուր։ Բայց մենք մեր մեջ ուժ գտանք այդ ամեն ինչը հաղթահարելու։ Ռեժիսորը վստահ է, որ այդ դժվարությունները թույլ տվեցին, որ ապագա սերունդի ներկայացուցիչները լինեն ավելի ուժեղ։

Ապա ժողովրդի մեջքը կոտրվեց սերիալային հոսքագծով՝ դրանց պատճառով աճող սերունդը կորցրեց կողմնորոշիչները։

«Կինոն պետք է հեռու մնա դիտակտիկ մոտեցումից, կինոն չպետք է լինի պաթետիկ. մեր սերիալներում մենք տեսնում ենք երկուսն էլ։ Ինձ պետք չէ ասել՝ ոնց անեմ, որ լավ լինի, ես նայում եմ պատմություն, ես ինքս կորոշեմ՝ որն ընդունեմ, որը՝ ոչ․ դա է ճիշտը»,-ասաց նա։

Ի՞նչն է խանգարում կինեմատոգրաֆներին միավորվել և նկարել բարձրաճաշակ կինո՝ ազգայինը քարոզող ու արժևորող, Արման Չիլինգարյանն ասաց՝ դժվարագույնը այսօրվա դրությամբ կինեմատոգրաֆում գումարի բացակայությունն է պետությունում։

«Կան ֆոնդեր, բայց այդ ամեն ինչով միայնակ անցնելը համարձակություն է պահանջում, սովորաբար դա անում են խմբով, իսկ խումբ ունենալու համար նորից պետք է գումար, որ վճարես, որ խումբը քեզ օգնի։ Նորից  վերադառնում ենք գումարին։ Կարող ես մենակով ինչ-որ բաներ անել, բայց կինեմատոգրաֆը մեկ մարդու տեղ չէ, խոսքը մի մեծ թիմի մասին է, որոնք ոչ միայն աշխատում են կինոյի վրա, այլ նաև ստանում են օգնություն կողքից, որը թույլ է տալիս իրագործել մտահղացումը և ներկայացնել հանդիսատեսին արժեք ունեցող աշխատանք»,-ասաց ռեժիսորը։

Նրա նոր ֆիլմի բյուջեն 100 հազար դոլարի չափ է․ դա կոպեկներ են, ասում է, եթե ինքը չունենար անձնուրաց թիմ, ընկերներ, ցավող մարդիկ, որ օգնել են, անհնար կլիներ կյանքի կոչել։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Լույսի կաթիլների» համար գումար է հատկացրել դեռ մինչև իշխանափոխությունը․ կինոյի վրա սկսել են աշխատել 6 տարի առաջ։

«Կինոն 2018 թ-ին հանձնելով կինոկենտրոնին, էլի կային խնդիրներ, որոնք ես փորձում էի շտկել, պատրաստեցինք 20 թ-ին, բայց նույնիսկ պրեմիերայի համար ժամանակ պետք եղավ, որ ստացվի։ Գտնվեցին մարդիկ, որոնք տվեցին այդ հնարավորությունը»,-ասաց Արման Չիլինգարյանը։

«Լույսի կաթիլներ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մի քանի օրից՝ մայիսի կեսին։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica