close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն ռազմագերու համար Ադրբեջանի դեմ հատուկ գործ ենք ներկայացնում ՄԻԵԴ. Քեն Խաչիկյան

Քաղաքական

6 Մայիսի 2021, 23:31
 Ամեն ռազմագերու համար Ադրբեջանի դեմ հատուկ գործ ենք ներկայացնում ՄԻԵԴ. Քեն Խաչիկյան

Yerkir.am-ի զրուցակիցն է Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը:

(Հարցազրույցը տեղի է ունեցել ապրիլի 23-ին):  

 - Պարո՛ն Խաչիկյան, այժմ Հայաստանում ամենազգայուն հարցը մեր գերիների ճակատագիրն է Ադրբեջանում. մեր հայրենակիցները խոշտանգումների են ենթարկվում Ալիևի անմարդկային ռեժիմի կողմից, և թվում է՝ միջազգային մարդասիրական օրենքներն անզոր են այս հարցում։ Նաև՝ որ միջազգային հանրությունը չունի համարժեք վերաբերմունք՝ այս խնդիրը լուծելու համար։ Ի՞նչ տեսակետ ունեք խնդրի վերաբերյալ։

- Համաձայն եմ։ Ես հավատացած եմ, որ դա շատ լուրջ խնդիր է և մեծ նշանակություն ունի երկու առումով՝ անհատների, նրանց ընտանիքների ու հայության համար, նաև անդրադառնում է ադրբեջանական ռեժիմի շարունակական դաժանություններին, նրանց անմարդկային և միջազգային իրավունքի նկատմամբ փոփոխական վերաբերմունքին։ Դա պարզապես անընդունելի է, մենք միասնաբար պետք է համախմբենք բոլոր ռեսուրսները, որ կարողանանք շտկել այս իրավիճակը։ Ես այն կարծիքին եմ, որ միջազգային հանրությունը նույնպես նկատում է այս վիթխարի մտահոգությունը։ Այն լայն տարածում է գտել մեր միասնական իրազեկումների արդյունքում՝ Հայ դատի գրասենյակների և Հայ դատի տեղական հանձնախմբերի միջոցով՝ ստեղծելով արտակարգ իրավիճակի զգայունություն։ Այստեղ՝ Ամերիկայում, Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը կարողացել է բանաձև ներկայացնել Ներկայացուցիչների պալատին և հավանություն ստանալ՝ Ադրբեջանին ստիպել շուտափույթ վերադարձնել ռազմագերիներին։ Դրա համար ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում պետք է ջանքեր գործադրել, և, հավանաբար, ամենից շատ Ռուսաստանում կարիք ունենք այն իրագործելու։ Գիտեք, դա պետք է տարածում գտնի Թուրքիայից դուրս՝ յուրաքանչյուր երկրում, որը հնարավոր է ազդեցություն ունենա Ադրբեջանի վրա, հնարավոր է, որ լինի Ռուսաստանը։ Դա շատ լուրջ խնդիր է, և գիտեք՝ մենք պետք է հրատապ վերաբերմունք ցուցաբերենք դրան։

- Շուրջ մեկ ամիս առաջ Վաշինգտոնում տեղակայված Հայկական իրավական կենտրոնը, որը ղեկավարում եք Դուք, սկսեց համագործակցել Երևանում գտնվող Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հետ՝ հասնելու համար հայ գերիների ազատ արձակմանը։ Ձեր միասնական թիմն ի՞նչ աշխատանք է կատարել վերջերս, և ի՞նչ սպասենք։

- Մեր կազմակերպությունը՝ Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնը, միջազգային ոչ առևտրական կազմակերպություն է, որի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր երկրներից, ընդ որում՝ նաև Հայաստանից։  Մեր կազմակերպությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Երևանի Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հետ, որպեսզի համագործակցենք ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի մարդու իրավունքների փաստաբանները մեծ հաջողություններ են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարուցված գործերում՝ նախկինում հայությանը առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Նրանք մինչ այդ էլ ներգրավված են եղել այս գործերում, սակայն նրանց ավելի շատ ռեսուրսներ են անհրաժեշտ եղել՝ ընդգրկելու համար ավելի մեծ թվով ռազմագերիների հարցեր։ Ցավոք, իրավական գործընթացները շատ առանձնահատուկ և ճշգրիտ են և կարիք ունեն շատ մանրամասն փաստաթղթերի՝ գործ հարուցելու համար։ Պետք է ապացույցներ ներկայացնել, որ նրանք գերեվարվել են ադրբեջանցիների միջոցով, որոշակի տեղում ու որոշակի ժամանակահատվածում, և որպեսզի դա արվի, դուք ռեսուրսների կարիք ունեք՝ առաջ շարժվելու համար։ Անհրաժեշտ է հարցազրույցներ անցկացնել, փաստեր հավաքել, և մենք տրամադրում ենք նրանց ֆինանսական ռեսուրսներ՝ այդ գործերը հետապնդելու համար։ Մոտավորապես 250 ռազմագերի է պահվում Ադրբեջանում, այսքան մինչ այժմ կարողացել ենք պարզել, և մեր ցանկությունն է, որ յուրաքանչյուր դեպքի համար գործ հարուցենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և այդ կերպ  միջոցներ կիրառենք՝ ստիպելու համար Ադրբեջանին, որ հաշվի առնի յուրաքանչյուր անհատին և, երկրորդ հերթին, ազատ արձակի նրանց։ Մոտավորապես 100 այսպիսի գործեր արդեն ներկայացվել են, մյուսների համար ապացույցներն են հավաքագրվում, որպեսզի գործերը ներկայացվեն, և հաջորդ 4-ից 6 շաբաթվա ընթացքում մնացած գործերը կներկայացվեն։ Կենտրոնը յուրաքանչյուր օր գործեր է ներկայացնում։ Դա կողմնակի աշխատանք չէ, այլ շարունակական աշխատանք է։ Եվ ուրեմն՝ ապագա մի քանի շաբաթներում մենք ակնկալում ենք ներկայացնել ինչքան հնարավոր է շատ, եթե ոչ՝ այդ բոլոր գործերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նկատի է առնում այդ գործերը, յուրաքանչյուր կողմից պատասխան է պահանջում, և ադրբեջանական կողմի պատասխանը գտնում է անբավարար, այժմ ուղղորդել է այս գործերը Նախարարների խորհրդին։ Նախարարական խորհուրդն ավանդական մարմին է, որն ուսումնասիրում է այդ գործերը մեկ առ մեկ, և խորհրդականները, օգտագործելով ավանդական իրավական գործընթացները, ստիպում են Ադրբեջանին՝ հաշվի առնել յուրաքանչյուր ռազմագերու պարագան։

- Բայց Նախարարական խորհուրդը նույնպես կարող է պատժամիջոցներ կիրառել։

- Եթե նրանք չկատարեն, եթե նրանք չլսեն Եվրոպական դատարանի հայտնաբերումները, այդ դատարանը կարող է  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Բարեբախտաբար, Ադրբեջանը, ինչպես Հայաստանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մաս է կազմում, և մեր միասնական աշխատանքում փորձ է արվում հնարավորինս մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Այնպես որ՝ ես չեմ կարծում, որ իրավական գործընթացները բավարար են։ Ես հավատացած եմ, որ շահերի պաշտպանության կարիք ունենք, ես հավատացած եմ, որ պետք է քաղաքական ճնշում գործադրվի աշխարհի խոշոր մայրաքաղաքների կողմից։ Դա կարող են լինել Ամերիկայի Միացյալ Նահանգները և Վաշինգտոնը, Եվրոպան ու Բրյուսելը և Ռուսաստանը։ Հարկավոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ նստի բանակցությունների սեղանի շուրջը։

Ես գիտեմ, որ Հայ դատի մեր գործընկերը Բրյուսելում աշխատում է այդ գործընթացի վրա։ Վաշինգտոնի գրասենյակն աշխատում է դրա վրա, և յուրաքանչյուր երկրի ներսում, ես նկատի ունեմ կան որոշ երկրներ, որ, սովորաբար, եղել են ավելի աջակցող, Ֆրանսիան, հատկապես, այդ երկրներից մեկն է։ Բայց ես վստահ եմ, որ մենք հետամուտ կլինենք՝ Ավստրալիայում դրան հասնելու նույնպես։ Բայց Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի կարևորությունն այն է, որ այս երեք երկրները Մինսկի խմբի անդամ երկրներ են, որոնք, ենթադրվում է, պետք է վերահսկեն խաղաղության գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև, և նրանք մեր տրամաբանական թեկնածուներն են, որոնք պետք է կողմերին պատասխանատվության կանչեն, և այս պարագայում, Ադրբեջանն է պատասխանատվության կանչվում։ Ահա, թե ինչու պետք է քաղաքական ճնշում գործադրվի ամենուրեք. ամենակարևոր տեղերը, որ պետք է կենտրոնացնել գործողությունները, կարող են լինել Ֆրանսիան, Վաշինգտոնը՝ Միացյալ Նահանգները, և Ռուսաստանը։

-Պարո՛ն Խաչիկյան, հաշվի առնելով Ձեր մեծ փորձառությունը Ամերիկայի քաղաքական դաշտում, մասնավորապես՝ հայերի շահերի պաշտպանության բնագավառում, ի՞նչ եք կարծում Միացյալ Նահանգների քաղաքականության մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ի մասնավորի՝ գերիների խնդրի։ Եվ ինչո՞ւ Բայդենի վարչակազմը չի փորձում կրկին ներգրավվել բանակցությունների գործընթացում և ճնշում գործադրել Ալիևի ռեժիմի վրա։

- Ես կարծում եմ, այստեղ մի քանի գործոններ կան, պատմականորեն, այստեղ կա մի հարց, որ Միացյալ Նահանգները դրել է՝ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները...

- Ինչպես Եվրոպա՞ն։

-Այո, այո, այնպես էլ Միացյալ Նահանգներն այդ պատճառով ուզում է լավ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ։ Միացայլ Նահանգները մեղմորեն է վերաբերվում Թուրքիային, որովհետև նրանք Թուրքիային դիտարկում են որպես կարևոր համախոհ այդ տարածքում և միշտ շատ զգուշավոր են լինում որևէ գործ Թուրքիայի հանդեպ իրականացնելուց։

Ես հավատացած եմ, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ փոփոխություն կա, քանի որ Էրդողանը գնալով դարձել է բռնակալ և բռնապետ, քանի որ նա սկսել է ավելի շատ համագործակցել Ռուսաստանի հետ և վարվում է առանց պարկեշտության, նրա հանդեպ վստահությունը Միացյալ Նահանգներում կտրուկ նվազել է։ Ալիևը միշտ էլ բռնակալ է եղել, նա միշտ էլ եղել է բռնապետ։ Ես վստահ եմ՝ դուք գիտեք՝ նա մի քանի տարի առաջ ընտրվել է աշխարի ամենակոռումպացված բռնապետ, դա բարձր ստանդարտ է, որը տրվում է այլ դիկտատորների՝ Հյուսիսային Կորեային և Սիրիային։ Եվ այսպես՝ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Ալիևին ոչ մեծ ցանկությամբ է դիտարկում, բայց մի այլ խնդիր էլ կա, որ փոփոխվել է վերջին 5 տարիների ընթացքում՝ այն է, որ Միացյալ Նահանգները դարձել է էներգետիկայի ամենամեծ արտադրողը աշխարհում և այժմ ավելի ինքնաբավ է ու ավելի քիչ է կախված արտաքին էներգետիկ աղբյուրներից, ուրեմն Ադրբեջանի էներգետիկան դառնում է ավելի քիչ կարևոր Ամերիկայի համար։ Այս բոլոր աստիճանական գործընթացներից ոչ մեկը չի փոխվել։ Սրանք գործոնների խումբ են։

Մյուս գործոնն այն է, որ աշխարհի այս կողմում Լեռնային Ղարաբաղը, Արցախը՝ մեզ համար, երբեք ոչ մի ամերիկյան վարչակազմի համար առաջնային խնդիր չի եղել։

Միայն Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հանրային շահերի պաշտպանության շնորհիվ է, որ ինչ-որ չափով ուշադրություն է դարձվում։ Լեռնային Ղարաբաղը միակ տեղն է աշխարհում, որ Միացյալ Նահանգները չի ճանաչել, բայց դեռ օգնություն է տրամադրում, դրա միակ պատճառը հանրային շահերի պաշտպանությունն է ամբողջ երկրում՝ Հայ դատի գրասենյակների ջանքերի շնորհիվ։

Մենք ունենք հայկական խնդիրներին լավատեղյակ նախագահ և իսկապես զգայուն Հայաստանի հարցերի վերաբերյալ, ինչպես երևում է, և ես դա ասում եմ գիտակցաբար, որ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը վաղը, և մենք սպասում ենք ներգրավվելու նրա վարչակազմում և պիտի փորձենք առաջացնել ավելի մեծ կենտրոնացում ռազմագերիների մարդասիրական գործընթացների վրա,  բայց ամենամեծ խնդիրը Արցախի հարցում արդարության հաստատումն է՝ Թուրքիայի կողմի պաշտպանությունն ունեցող Ադրբեջանի կողմից բռնագրավված հայկական հողերի կապակցությամբ։ Եվ դա Միացյալ Նահանգներում Հայ դատի առաջնահերթ նպատակային խնդիրներից է։

Ես անձամբ ժամերով խոսել եմ Միացյալ Նահանգների դեսպանների հետ Մինսկի խմբի գործընթացների մասին և անկեղծորեն պետք է նշեմ՝ դրանց երբեք էլ առաջնահերթություն չի տրվել, և ես հույս ունեմ, որ այս հուսախաբությունը՝ Ալիևի և Էրդողանի հետ կապված, մարդասիրական չարաշահումները և Ադրբեջանի ապօրինի գործողությունները ռազմագերիների հանդեպ կպարտադրեն Միացյալ Նահանգների վարչակազմին՝ այս հարցերը դարձնել ավելի առաջնահերթ և ավելի ծանր ճնշում գործադրել Ալիևի վրա։ Ի հավելումն նախագահ Բայդենի՝ հայկական հարցերին ծանոթ լինելուն, նոր պետքարտուղարը՝ Էնթոնի Բլինքենը, նույնպես շատ լավ ծանոթ է այս խնդիրներին, և ես հավատացած եմ, որ սա ևս կարող է դրական ազդեցություն ունենալ վարչակազմի՝ ապրիլի 24-ի հայտարարության վրա։ Նախապես պետական գերատեսչությունները Միացյալ Նահանգներում ամենամեծ խոչընդոտն էին Ցեղասպանության ճանաչման հարցում, և ես կարծում եմ, որ այս պարագայում, հավանաբար, աչքի տակ է լինելու այս գործը։ Իհարկե, ճանաչումն առաջին քայլն է, դուք գիտեք, որ մենք պատրաստակամություն ենք ակնկալում, և Հայ դատի գրասենյակների նպատակներից մեկն այն է, որ պատրաստված գործերը ներկայացնեն դատարան։ Եվ սրանք միակողմանի խնդիրներ չեն, մենք պետք է շարունակենք մեր շահերի պաշտպանության աշխատանքները, քաղաքական ճնշումը զուգորդենք իրավական ճնշման հետ, որպեսզի հասնենք մեր նպատակներին։

- Եթե Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը, կարելի՞ է ենթադրել, որ դա նշանակում է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը փոխվել է Թուրքիայի նկատմամբ։

-Այո, ես կարծում եմ, որ էական փոփոխություն կլինի։ Ինչպես գիտեք, 2019-ին Ներկայացուցիչների պալատի ճնշող մեծամասնությունը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց, մի քանի շաբաթ հետո, միաձայնությամբ, նման բանաձև ընդունեց Միացյալ Նահանգների Սենատը։

Մենք երբեք Միացյալ Նահանգների նախագահի կողմից չենք ունեցել ուղղակի հայտարարություն։ Ռոնալդ Ռեյգանի հայտարարության համատեքստում այլ ցեղասպանությունների, Հոլոքոստի հիշատակի օրն  էր, և դա անցողիկ մեկնաբանություն էր, և մենք գնահատում էինք այն որպես անցողիկ մեկնաբանություն։ Այո, ես համոզված եմ՝ նախագահ Բայդենի այս հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին էական ազդեցություն է ունենալու Ամերիկայի արտաքին քաղաքականության վրա։ Դա ոչ միայն հայերի համար է կարևոր, այլ նաև կարևոր է յուրաքանչյուր անձի համար, ով տառապել է ցեղասպանության պատճառով, նաև մարդու իրավունքների չարաշահումների ճանաչման համար, չարաշահված ու տառապած մարդկանց համար, և ես հույս ունեմ, որ այս վարչակազմն ավելի շատ ուժ է գործադրելու այս հարցերում, քան որևէ այլ վարչակազմ։

Մասնավորապես, ինչպես դուք ևս նշեցիք,  հարկավոր է քայլեր ձեռնարկել, Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականության ավելի շատ կոշտացման ուղղությամբ։

-Իմ վերջին հարցը, պարո՛ն Խաչիկյան, ինչպե՞ս եք գնահատում հանրային դիվանագիտության կարևորությունը հայկական շահերի պաշտպանության գործում՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու տեսակետից։

- Ի՞նչն է կարևոր, հանրային ճնշո՞ւմը։

- Ոչ, հայկական շահերի պաշտպանությունը։

-Հասկացա, ես կարծում եմ, որ շահերի պաշտպանությունը շատ կարևոր է, գիտեք, անցյալում 90 օր Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը քարոզչության համար Սպիտակ տանն ուղղել է ավելի քան 1000000 հաղորդագրություն, դա անսովոր բան է, ես նկատի ունեմ, որ ոչ մի էթնիկ խումբ չկա, որ այսպիսի ճնշում է գործադրում, և ինչքան էլ մենք նախագահ Բայդենի հանդեպ վստահություն ունենանք հայտարարության համապատասխան հարցերում, պետք է հասկանանք, որ մենք նաև քաղաքական ճնշում ենք գործադրում, ինչին նա պատասխանում է, և նման որևէ պաշտոնյա զգայուն է քաղաքական ճնշման հարցում, և գիտեք, որ դա լուծում է, ապագա ընտրությունները հավանաբար մոտ են, և չնայած դրան, որ մենք փոքր համայնքների շարքում ենք, մեր համայնքը տեղաբաշխված է երկրի կարևոր նահանգներում, և այս քարոզչությունը կարևոր է։ Ես չեմ կասկածում, որ դա նույնքան կարևոր է աշխարհի այլ երկրներում՝ անկախ նրանից՝ նրանք ընկերներ են, թե՝ ոչ՝ Կանադան, Ավստրալիան, Միջին Արևելքը, այսինքն՝ ուր որ կարող ենք ներդնել քարոզչության ուժը, ես հավատացած եմ, որ դա անհամեմատելիորեն կարևոր է։ Հայաստանը փոքր երկիր է, նա բավարար կարևորություն չունի հիմնականում մեծ երկրների համար, և իսկապես անհրաժեշտ է շահերի պաշտպանության միջոցով ավելացնել այս հարցի կարևորությունը։ Մենք ասում ենք՝ սա կարևոր է մեզ համար՝ ամերիկահայերի, ֆրանսահայերի, կանադահայերի համար, դուք պետք է ուշադրություն դարձնեք այս հարցին։ Եվ այս շահերի պաշտպանության հարցի շուրջն այդպիսի քաղաքական ճնշում ստեղծելով՝ մենք գրավում ենք քաղաքականություն մշակողների ուշադրությունը և հուսով ենք, որ կկարողանանք ազդեցություն ունենալ այդ քաղաքականության վրա։

Գիտեք՝ մենք հսկայական առավելություններ ունենք, քանի որ գտնվում ենք բարոյական խնդիրների իրականության ճիշտ կողմում, մենք չենք խնդրում մարդկանց, որ անհամապատասխան դիրք ընդունեն, մենք խնդրում ենք, որ պաշտպանեն արդարությունը, մենք խնդրում ենք նրանց, որ պաշտպանեն իրականությունը, և դա նրանց կողմից ավելի է հեշտացնում շահերի պաշտպանության ընդունումը։ Բայց ես կարծում եմ, որ շահերի պաշտպանությունն անհրաժեշտ է։

- Շնորհակալություն, պարո՛ն Խաչիկյան, մեզ ժամանակ տրամադրելու համար, մեծ հնարավորության համար։ Հուսով եք՝ նախագահ Բայդենը վաղը կճանաչի Ցեղասպանությունը և կկիրառի ճիշտ բառը։

- Խնդրեմ, հաճելի էր։

 

Հարցազրույցը վարեց

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի

հատուկ ծրագրերի պատասխանատու

Գևորգ Ղուկասյանը

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica