close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միասին մենք կարող ենք նոր հաղթանակներ կերտել․ Դավիթ Իշխանյան

Քաղաքական

4 Մայիսի 2021, 14:31
 Միասին մենք կարող ենք նոր հաղթանակներ կերտել․ Դավիթ Իշխանյան

Ստորեւ ներկայացնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի խոսքը ՀՅԴ 130- ամյակին նվիրված «130 տարին 130 րոպեում» առցանց միջոցառմանը (2-ը մայիսի 2021թ)

Սիրելի ընկերներ, քույրեր և եղբայրներ,

Նախ, ուզում եմ Արցախից ջերմորեն շնորհավորել Ձեզ ՀՅԴ 130-ամյակի առիթով:

2020թ.-ը ի սկզբանե մեր ժողովրդի համար հույսերի և ակնկալիքների տարի էր: Դժվար էր պատկերացնել այն ավարտը, որ մենք արձանագրեցինք տարեվերջին:

Անցած 30 տարիների ազգային-ազատագրական պայքարում Արցախը համահայկական օրակարգում իր ուրույն տեղն ուներ: Այն միշտ էլ առաջին հորիզոնականում էր: Պայքարն ունի երկու կողմ՝ հաղթանակ ու հաջողություններ, պարտություն ու կորուստներ: Այդպիսի պահեր մենք ունեցել ենք 1990-ական թվականներին՝ թե հաղթանակի բերկրանքի և թե կորուստների դառնության: Այդ ժամանակաշրջանում համազգային ներուժի կենտրոնացումով հաղթանակներն ու հաջողությունները մեզ դարձրինք ուղեկից, իսկ վերջին 25 տարիներին մտանք պետականաշինության և հաղթանակների ամրապնդման մի այլ փուլ՝ զարգացման փուլ:

2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը մեր առջև նոր առաջադրանք է դրել: Մենք մտել ենք պայքարի նոր հանգրվան՝ պարտությամբ ու կորուստներով:
Անցած դարի 90-ական թվականների սկզբներին մենք գրեթե նույն վիճակում էինք, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մոտ 40 տոկոսը, ունեինք տեղահանված Մարտակերտի, Շահումյանի և Գետաշենի բնակչության հոծ զանգվածներ և բարոյահոգեբանական ծանր վիճակ: Բայց մենք կարողացանք հաղթահարել այդ ամենը համազգային մեծ ջանքերով: Այսօր էլ վիճակը գրեթե նույնն է՝

-Բռնազավթված է Արցախի տարածքի գրեթե ¼-ը,
-Տեղահանված՝ բնակչության 1/3-ը
-Կազմալուծված է բանակը,
-Ունենք մոտ 5000 զոհեր, 10000-ից ավելի վիրավորներ,
-Սոցիալական ծանր ու լարված վիճակ
-Խաթարված տնտեսություն
-Անորոշ կարգավիճակ
-Անվտանգության ոչ բավարար երաշխիքներ,
-Թուլացած պետական կառավարման համակարգ,
-Բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ,
-Համազգային միասնականության և համախոհության բացակայություն:

Սա է հետպատերազմյան Արցախում տիրող մթնոլորտը մի կողմից, բայց մյուս կողմից մեր գիտակցումն է ու պարտականությունը Արցախի հիմնահարցը համահայկական օրակարգի առաջին հորիզոնականում պահելը, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ նոր ջանքերի գործադրումը, բանակի ու տնտեսության վերակազմավորումը, արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը, ժողովրդի անվտանգության նոր երաշխիքների ապահովումը, ամեն գնով հայ ազգաբնակչությանն Արցախում պահելը:

Այս ամենը մենք պարտավոր ենք խորությամբ գիտակցել, ճշգրիտ գործել, ասել է թե նպատակային պայքար մղել: Սա է մեր ճակատագիրը, նախնիների տված պատգամը: Ահա այստեղ է, որ խիստ կարևորվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության դերն ու անելիքները: Անելիքները շատ են, ռեսուրսները՝ ոչ բավարար: Հատկապես ուզում եմ ընդգծել Հայ Հեղափոխական Դաշնակցության դերը պետական կառավարման համակարգում և բնակչության կարիքների բավարարման ու կազմակերպման աշխատանքներում: Հենց այդ ամենին էլ մենք լծված ենք այստեղ՝ Արցախում:

Վստահեցնում եմ, որ այստեղ՝ Արցախում, մեր կամքը անկոտրում է, պայքարը շարունակելու տրամադրվածությունը՝ բավարար: Սակայն մեր համոզումն է, որ հաջողություններ արձանագրելու հիմնական գրավականը համազգային միասնականությունն է: Օրեցօր զարգացող աշխարհում դեմ հանդիման ենք կանգնում նոր մարտահրավերների: Այդ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն ու միայն ուժերի համախմբմամբ և միասնականությամբ: Միասին մենք կարող ենք նոր հաղթանակներ կերտել: Սա նաև մեր նահատակների պատգամն է, հավերժ փառք նրանց:

Մենք գիտակցում ենք, որ խիստ պատասխանատու ժամանակաշրջան ենք մտել: Այս պարագայում խնդիրն այն է, թե որքանով է մեր դիմադրողականությունն ամուր, որքանով է մեր կեցվածքը համահունչ նոր մարտահրավերներին դիմակայելու համար:

Շնորհավորելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին ՀՅԴ 130-ամյակի առիթով ուզում եմ շեշտել, որ Դաշնակցությունը, ինչպես անցած 130 տարիներին, ապագայում եւս հավատարիմ կլինի իր առաքելությանը. Դաշնակցության անելիքներն այսօր քան երբեւէ բազմապատկվել են:

Ուրեմն ի գործ, առաջ դեպի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտում:

Շնորհակալություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica