close
Եղանակը Երևանում
16 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իշխանությունը միայն վնասարարությամբ է զբաղվում․ Վանաձորի մանկական գրադարանը «Լոֆտի» վերածելուն մտավորականները դեմ են

Հասարակություն

29 Ապրիլի 2021, 11:32
 Այս իշխանությունը միայն վնասարարությամբ է զբաղվում․ Վանաձորի մանկական գրադարանը «Լոֆտի» վերածելուն մտավորականները դեմ են

Վանաձորի մանուկներից խլում են գրադարանը․ փաշինյանական կառավարությունը որոշում է կայացրել, որ Վանաձորի կենտրոնական Տիգրան մեծ պողոտայի վրա գտնվող շենքը՝ Լոռու մարզային գրադարանի մանկական բաժանմունքը, պետք է վերածվի «Լոֆտի»՝ հայտնում է Yerkir.am-ը։

400 հազար կտոր գիրք, 10 աշխատող ու մի ամբողջ մանկական մշակութային կենտրոն՝ «Անհաղթ աքլորը», պետք է խցկեն Լոռու մարզային գրադարանի մեծերի մասնաշենքում, իսկ նորոգված և ակտիվ գործող մանկական մասնաշենքը կփակեն ու, ժապավենը վրան, կտան շահույթ հետապնդող կազմակերպությանը։

«Լոֆտի» աչքը Վանաձորի գրադարանի վրա է եղել դեռ վաղուց, բայց ոչ մի կերպ չի հաջողվել խլել մասնաշենքերից որևէ մեկը։ Վանաձորցիներն ասում են, «Լոֆտ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի ձեռքերը երկարել են, երբ իշխանության է եկել իր մտերմուհին՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Զավեշտն այն է, որ նախորդ իշխանության օրոք՝ 2017-ին, երբ «Լոֆտը» փորձել է վերցնել Լոռու մարզային գրադարանի մեծերի մասնաշենքի մի հարկը՝ 250 քմ-ը, հանրությունը բողոքել է, որ «Լոֆտը» ՍՊԸ է՝ բիզնես շահ հետապնդող, հետևաբար, գրադարանի շահից չի բխում հարկաբաժինը տրամադրել։

Փաշինյանական իշխանությունը գտավ հնարը․ ոչ միայն տալիս է ամբողջ մանկական մասնաշենքը, այլև պետբյուջեից էլ գումար է տալիս՝ նորոգման համար։

Մանիպուլյացիայի մասնագետները ձևը գտել են․ եթե խնդիրը «ՍՊԸ» ձևակերպումն է, ուրեմն նույն «Լոֆտը» կդարձնեն ՀԿ, այդ ՀԿ-ն կմասնակցի դրամաշնորհային մրցույթի, կշահի այն, ու ոչ միայն կվերցնի պետական շենքը առանց վարձավճարի, այլև պետական բյուջեից էլ գումար կստանա՝ այդ շենքը երեխաներից խլելու և ժամանցի կենտրոնի վերածելու համար։ Ի դեպ, այդ նույն նախագծի համար նախկին մարզպետը այլ՝ ազատ, տարածքներ էր առաջարկել, բայց «Լոֆտը» մերժել էր բոլորն ու պահանջել մանկական գրադարանինը:

«Վերանորոգված շենք է, ամեն օր այնտեղ երեխաները միջոցառումներ են անցկացնում, ինչո՞ւ են մեզանից խլում, թող գնան՝ ազատ տարածքներ կան, պետությունն էլ 100 միլիոնից ավելի գումար է տալիս է իրենց, թող վերանորոգեն, իրենց համար կազմակերպեն իրենց միջոցառումները, բա կարելի՞ է պետական հիմնարկից վերցնել, տալ «Լոֆտին»»,-Yerkir.am-ին ասաց դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը։

Նրա սիրտը ցավում է․ 60 տարվա պատմություն ու ավանդույթներ ունի Վանաձորի մարզային գրադարանի մանկական բաժինը, ժամանակին Երևանից մեծագույն գրողներն են եկել  այդտեղ՝ Պարույր Սևակը, Մկրտիչ Սարգսյանը, Գևորգ Էմինը։

Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի ղեկավար, գրող, թարգմանիչ Խորեն Գասպարյանն ասում է՝ միտումնավոր են անում, որ ազգային չլինի, հայկական չլինի, միտումնավոր, որ մեր արժեքները ոտնահարվեն։

«Այսօր, առավել քան երբևէ, շատ վատ են վերաբերվում գրականությանը, կրթությանը, և վատ վերաբերվելը ոչ միայն նրանց չիմացության հետևանք է, այլ նաև, կարծեք, միտումնավոր ինչ-որ բանի հետևանք է դա»,-ասաց Խորեն Գասպարյանը։

Եվ այս ամենի մեջ միակ իդիլիան գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանի աշխատասենյակում է․ Yerkir.am-ին տնօրենն ասաց՝ կառավարության որոշման մասին չի լսել, իրեն բան չեն ասել, կոնկրետ հրահանգ չունի։

«Դա ընդամենը խոսակցություն է եղել»,-ասաց նա։

Որտե՞ղ է տեղավորելու մի ամբողջ մանկական գրադարանի գույքն ու աշխատակիցներին՝ Կարինե Հակոբյանը չգիտի, նախարարության հետ կմտածի, ինքը միայնակ չի կարող որոշել։

«Կարևորը, իմ աշխատանքը չի խաթարվի, ես նրանց կբերեմ մեր կորպուս, ինձ համար կարևորը այն է, որ իմ աշխատողը չի տուժում»,-ասաց Լոռու մարզային գրադարանի տնօրենը։

Կարինե Հակոբյանն այդ պաշտոնին է 2016-ից։ Նոր իշխանությունների հետ մերվել է՝ ընկել հունի մեջ, նույնիսկ ասում են՝ դարձել է «նրանց մարդը»։

Վանաձորի գրողները, ստեղծագործողները, սակայն, չեն համակերպվում իրենց համար նվիրական այդ վայրը՝ մանկական գրադարանը, կորցնելու մտքի հետ։ Ասում են՝ «Լոֆտին» դեմ չեն, բայց ինչո՞ւ հենց գրադարանում։

«Այս իշխանությունները ոչ մի վերաբերմունք ընդհանրապես չունեն գիր ու գրականության նկատմամբ․ եթե ունենան անգամ՝ միայն վնասարարությամբ են զբաղվում։ Երևի նպատակներ ունեն, ես չգիտեմ։ Եթե հայոց լեզվի դասավանդումը, հայ ժողովրդի պատմության դասավանդումը սկսում են արդեն թիրախ դառնալ դպրոցներում, այսինքն, վաղվա մեր քաղաքացին արդեն դաստիարակվում է բոլորովին ուրիշ դաստիարակչական համակարգով, գիտելիքների ուրիշ պաշարով, ուրեմն ի՞նչ կարող եմ ասել՝ այս կառավարությանը կարո՞ղ եմ դրվատել, ասել՝ գրականության և արվեստի նկատմամբ մեծ հոգատարությո՞ւն ունի․ ո՛չ, չունի»,-արձանագրեց Սամվել Խալաթյանը։

Լոռեցին կատարող մարդ է՝ ընդվզող չէ, ընդվզում է, երբ դանակը ոսկորին է հասնում՝ ասաց գրողը։ Դանակը, փաստորեն, ոսկորին մոտ է։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica