close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բնական է՝ նման միջադեպեր կարող են լինել․ այնպես չէ՝ մեր հարեւանը Ֆրանսիան է․ Արմեն Խաչատրյանը՝ հովվին քաշքշելու մասին

Քաղաքական

27 Ապրիլի 2021, 19:00
 Բնական է՝  նման միջադեպեր կարող են լինել․ այնպես չէ՝ մեր հարեւանը Ֆրանսիան է․ Արմեն Խաչատրյանը՝ հովվին քաշքշելու մասին

Իհարկե, լինելու են միջադեպեր, բայց դրանք հնարավորինս պետք է կանխվեն, ցանկացած միջադեպ դրդում է նրան, որ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովվին քաշքշելու միջադեպին։

«Ասել, թե այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան, եւ այս պահին Սյունիքում բնակվելը վտանգավոր է, իհարկե այդպես չէ։ Բնական է, որ նմանօրինակ միջադեպեր կարող են հանդիպել, այնպես չէ, որ մեր հարեւանը Շվեյցարիան կամ Ֆրանսիան է, եւ այն ամենը, ինչ գրված է թղթի վրա, պայմանավորվածությունները կան համաձայնագրով, լիակատար, օրենքի տառին համապատասխան իրականացվելու են։ Փաստը հիմա ուսումնասիրվում է, դեռեւս օբյեկտիվ եւ բազմակողմանի տեղեկատվություն չունեմ՝ ինչ է տեղի ունեցել, սակայն կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ նման բոլոր դեպքերը բացառելու համար»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հովվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը պետք է մանրամասն քննվի, ներկայացվի նաեւ ռուսական խաղաղապահ զորքերին։

Անդրադառնալով ՄԻՊ-ի այն եզրահանգմանը, թե պետք է ստեղծվի անվտանգության գոտի, պատգամավորն արձագանքեց, թե շատ լավ կլինի, եթե դա լինի։ «Ընդհանրապես, շատ բաներ կան, որ մեր պատկերացումներով, լավ կլինի, որ լինեն, սակայն պետք է հաշվի առնենք հնարավորությունները, եւ թե դրանց հասնելու ճանապարհներն ինչքանով են ռեալ»։

Նա ընդգծեց, որ պատերազմից հետո էական փոփոխություններ են կրել սահմանները, սահմանամերձ գոտիները, սահմանների վերահսկողությունը․ «Կարեւոր է այդ վերահսկողության ուժեղացումն ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ ամենօրյա աշխատանքի կատարումը, բայց աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ 1-2 ամսվա մեջ հնարավոր չէ անել։ Պետք է ստեղծել եւ՛ սահմանապահ գոտի, եւ՛ անվտանգային ուժերի տեղաբաշխվածության հարց լուծել, եւ՛ բանակի մեջքն ուղղել»,- ասաց պատգամավորը։

«Այդ երկիրը հասկանալու հետ կապված լուրջ խնդիր ունի՝ իր ղեկավարի հետ միասին։ Բոլորս ենք գիտակցում, որ Ադրբեջանը, Ադրբեջանի կառավարությունը, իշխանության ղեկավարն այն մարդիկ չեն, որոնք փորձում են ամեն ինչը կառուցել մարդասիրության ֆոնի վրա։ Ցանկացած պրովոկացիոն քայլ ընդունակ են անելու, ցանկացած զինիցմի դրսեւորումներ կարող են տեսնել։ Մենք պիտի պատրաստ լինենք այդ ամենին եւ կարողանանք համարժեք պատասխան տալ»,- նշեց պատգամավորը։

Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ Սիսիան քաղաքում այդ առնչությամբ անցկացվել է խորհրդակցություն. «Սահմանային այդ հատվածներում սահմանապահ դիրքերն են ամրապնդվում, տեխնիկական միջոցներ են տեղադրվում՝ տեսախցիկներ, փշալարեր, որպեսզի քաղաքացին հնարավորություն չունենա անցնել եւ ինչ-որ վեճերի տեղիք տրվի այդ ամենին։ Այսինքն՝ սահմանը պետք է կահավորված լինի համապատասխան տեխնիկական միջոցներով, մարդկային ռեսուրսներով»։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին եւ հարցին՝ արդյոք սյունեցիները չե՞ն կարող օբյեկտիվ դժգոհություն ունենալ Նիկոլ Փաշինյանից, պատգամավորն ասաց. «Կան սյունեցիներ, որոնք օբյեկտիվ դժգոհություն ունեն իշխանությունից։ Բնական է, որ կունենան։ Հարցն այն է, թե օբյեկտիվ դժգոհությունն ինչպես պետք է արտահայտել։ Խորքային իմաստով եմ ասում, որ ՀՀ վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրություններ, պատճառը դա է, որ մենք հասկանանք՝ ովքեր են դժգոհ, ովքեր այլեւս չեն վստահում ՀՀ կառավարությանը, հետեւաբար լինելով ժողովրդավարության կրող, այս իշխանությունը գնացել է արտահերթ ընտրությունների, որպեսզի հասկանանք, թե մեր վստահության աստիճանը ինչ փոփոխություններ է կրել։ Եթե մարդիկ հիասթափություններ ունեն, այդ դժգոհությունն արտահայտելու օրենքով սահմանված ձեւեր կան, սկսած ընտրություններ գնալուց, բայց այս երկրում որեւէ մեկն իրավունք չունի իր քաղաքական դժգոհություններն արտահայտել հանցագործության կատարմամբ»։

Լրագրողի դիտարկմանը, որ 2018 թվականին նույնպես ճանապարհներ էին փակվում, պատգամավորն արձագանքեց. «Այո, ճանապարհներ փակվում էին, բայց ինչու այն անվանվեց թաշվյա հեղափոխություն, որովհետեւ ամբողջ հեղափոխության ընթացքում գեթ մեկ անգամ բռնություն չի գործադրվել որեւէ մեկի նկատմամբ, հեղափոխության լիդերներն անընդհատ կոչ են արել, որ չի կարելի բռնություն գործադրել որեւէ մեկի հանդեպ»։

Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ Սյունիքում տեղի ունեցած ժողովրդի ձայնը չէր. «Ժողովրդի մեծամասնության ձայնը չէր։ Այո, Սյունիքի մարզում դժգոհություն շատ կա, բայց որ դա ժողովրդի ձայնը չէր, ժողովրդի կազմակերպածը չէր, դա միանշանակ է»։

Անդրադառնալով Սյունիքի դեպքերի առնչությամբ Փաշինյանի կողմից իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգ տալուն եւ մի շարք իրավաբանների պնդմանը, թե դա քաղաքական ճնշման փորձ է, պատգամավորն ասաց. «Նման դիրքորոշում հայտնողները բացարձակապես տգետ են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, ՀՀ ոստիկանությունը կառավարությանն առընթեր ծառայություն է, այդ թվում՝ ԱԱԾ-ն։ Նրա աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում՝ վերահսկել այդ ծառայությունների գործունեությունը, վերլուծել, համապատասխան հանձնարարականներ տալ եւ վերահսկել այդ հանձնարարականների կատարումը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica