close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոքրիկ հուշարձան է՝ նվիրված Մուշեղ Իշխանին․ լույս է տեսել գրողին նվիրված միջազգային գիտաժողովի ժողովածուն

Հասարակություն

21 Ապրիլի 2021, 17:25
 Փոքրիկ հուշարձան է՝ նվիրված Մուշեղ Իշխանին․ լույս է տեսել գրողին նվիրված միջազգային գիտաժողովի ժողովածուն

Հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս եւ մանկավարժ Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովի զեկույցներն ամփոփվել են մեկ գրքում եւ հրատարակվել։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ԵՊՀ-ում այսօր՝ ապրիլի 21-ին։ Ե՛վ միջազգային գիտաժողովի, ե՛ւ ժողովածուի լույս ընծայման նախաձեռնության հեղինակներն են Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակը եւ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը։ Միջոցառմանը ներկա էին գրականության եւ արվեստի գործիչներ, ուսանողներ, ժողովածուի մեջ ամփոփված հոդվածների հեղինակներ։

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության՝ Երեւանի գրասենյակի տնօրեն  Ռուզաննա Առաքելյանը, միջոցառման մեկնարկին ընդգծելով Մուշեղ Իշխանի գրական ու հասարակական գործունեությանը, վստահեցրեց,որ այս ժողովածուն կարող է սկզբնաղբյուր լինել գրողի գրական ժառանգությունն ուսումնասիրողների համար։ Նա նաեւ կարեւորեց  Մուշեղ Իշխանի՝ Սփյուռքում կատարած մանկավարժական եւ հասարակական աշխատանքը՝ ներկաներին փոխանցելով գրողի պատգամը, որ ցանկացած ժամանակահատվածում, ցանկացած իրավիճակում պիտի հավատալ հայրենիքի հավերժությանը։

«Այն, ինչ մենք անում ենք, նվազագույնն է, մի կաթիլ է մեր հերոսների արածի դիմաց, այն տղաների, որոնք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին, այն, ինչ արել ենք եւ անելու ենք, միշտ հիշելու ենք նրանց, նրանց պատգամը։ Այստեղ հավաքված մարդկանց համար կա մի չափանիշ՝ հայրենիք, մշակույթ, կրթություն, որով շարունակելու ենք ճանապարհը»,- ասաց նա։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը ցավով նշեց, որ համալսարանը դատարկվում է՝ բոլոր առումներով, մանավանդ՝ մարդկային նկարագրի։ «Մարդիկ չարացել են, անտարբեր դարձել միմյանց նկատմամբ։ Երեկ ներկա էի մեր պրոֆեսորներից մեկի թաղմանը եւ ցավով նայում էի, որ չկա ոչ մի մտավորական՝ ոչ մի հիմնարկից։ Ի՞նչ ենք դարձել, ո՞ւր ենք գնում, ի՞նչ է լինելու։ Վերջապես գրականությունը մեզ մի բան սովորեցրե՞լ է, սովորեցնելո՞ւ է, թե՞ ոչ»,- նշեց նա։

Ըստ Ավագյանի՝ հայ խոսքը, հայ մարդու վերաբերյալ մտածումները, գաղափարադրույթները, մտորումները, տառապանքներն ու հույզերը, կարոտները, չգիտես՝ ինչու, այսօրվա մարդուն չեն հետաքրքրում։ «Մեզանից վեր ավելի մեղավորներ կան, եւ մեղավորների մեղավորը կա։ Երեւի մեղավորերին իրենց տեղը դնելու եւ մեզ շտկելու ժամանակները կգան։ Բոլոր դեպքերում, մենք ունենք Ռուզանի նման նվիրյալներ, որոնք անմնացորդ կարողանում են իրենց գործը կատարել։ Համազգայինը ջանասիրաբար շարունակում է ազգին, մտքին, արվեստին ու գրականությանը նվիրյալ գործունեություն ծավալել»,- հավելեց նա։

Խոսելով ընթերցանության, գրականության կարեւորության մասին՝ Ավագյանը մի զավեշտալի պատմություն պատմեց․ «Մենք ունենք Տեր-Խաչատրյան դասախոս, որի դեմ  բողոքելու էր եկել մի ծնող, ասում էր․ «Ես աղջիկ եմ մեծացրել, որ դու ստիպես գիրք կարդա՞»։ Իրական փաստ է, ցավոք։ Ծնողն ուղարկել է բանասիրական կրթության եւ եկել է՝ բողոքելու, թե ստիպում են իր աղջկան, որ գիրք կարդա»։

Մուշեղ Իշխանին նվիրված ժողովածուն խմբագրել է գրականագետ, բանասիրության դոկտոր Դավիթ Գասպարյանը։ Նա ասաց, որ այս գիրքը փոքրիկ հուշարձան է՝ նվիրված Մուշեղ Իշխանին, որում ընդգրկված են պոեզիան, արձակը, թատերգությունը, մարդը, կենսագրությունը։ Գասպարյանի խոսքով՝ նա, ում հետաքրքիր է Մուշեղ Իշխանը՝ որպես ստեղծագործող, ուսուցիչ, մանկավարժ, այստեղ կգտնի ամեն բան։

Գրողների միության վարչության քարտուղար, բ․գ․դ․ Պետրոս Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց ժողովածուի համար՝ շեշտելով՝ Համազգայինի լավագույն կողմերից մեկը ճշտապահությունն է, խոսքին տեր կանգնելը։ «Իմ գրադարանում ունեմ այսպիսի մի քանի ժողովածուներ, որոնք հրատարակել է Համազգայինը։ Զեկույցները, բնականաբար, շատ օգտակար են լինելու ապագա ուսումնասիրողներին, որովհետեւ այս հեղինակները, ինչքան ուսումնասիրվեն, այնքան խորքեր են բացահայտելու։ Մուշեղ Իշխանի նման հեղինակները ավանդույթներ ստեղծող են»,- նշեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica