close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՜նչ ԵԽԽՎ, պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե՞ Բաքվի, ե՞րբ է Ադրբեջանը լսել ԵԽԽՎ-ին․ Ստանիսլավ Տարասովը՝ հայ ռազմագերիների հարցի մասին. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

21 Ապրիլի 2021, 09:50
 Ի՜նչ ԵԽԽՎ, պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե՞ Բաքվի, ե՞րբ է Ադրբեջանը լսել ԵԽԽՎ-ին․ Ստանիսլավ Տարասովը՝ հայ ռազմագերիների հարցի մասին. «Հրապարակ»

«Սոցիալական ցանցերի հայկա­կան տիրույթում հակառուսա­կան տրամադրությունները, ինչպեսև ենթադրվում էր, երեկ հա­սել էին գագաթնակետին: ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի հետ կապված քվեարկությունը, որի ժամանակ Ռուսաստանի ներկայա­ցուցիչները դեմ են քվեարկել, վրդո­վեցրել է մարդկանց: Այս նուրբ և ցավոտ հարցի՝ ռազմագերիների հետ կապված հայկական արձագանքը միանշանակ է: Մենք ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է ՌԴ-ն այդպես վարվում իր ռազմավա­րական դաշնակցի հետ, այն էլ այն դեպքում, Երբ Հայաստանը բոլոր միջազգային հարթակներում, նույն՝ Ղրիմի հարցում մշտապես քվեարկել է Ռուսաստանի օգտին և նրա հետ համակարգված: Պարոն Կոլերովը հայտարարեց. «Հայաստանում պետք է ադեկվատ ըմբռնում լինի առ այն, որ քվեարկությունը, որի մասին խոսում եք, փաթեթային էր՝ Ալեքսեյ Նավալնիի հարցը ևս նե­րառված էր: Եվ ՌԴ-ն սկզբունքորեն, ոչ մի պարագայում չէր կարող Ալեքսեյ Նավալնիի հարցով որևէ թեմայով քվեարկությանը կողմ լինել: Երկրորդ, եթե Հայաստանում սա չեն հասկա­նում, չեն տեսնում ու չեն ուզում տեսնել, ապա դաշնակցային հարա­բերությունների մասին խոսել իրոք չարժե: Դաշնակիցը պետք է ունենա աչքեր, պետք է հասկանա, որ եթե ուզում եք, որպեսզի Ռուսաստանն ընտրություն կատարի ձեր և իր շահերի միջև, ապա ՌԴ-ն միշտ կընտրի իր շահը»:

Ավելին՝ պարոն Կոլերովը շատ պատկերավոր նկարագրեց իրենց պատվիրակության վիճակը, որը, իր ասելով, կանգնած է եղել իրենց շահերի և «Նավալնիի պարանը սեփական ձեռքերով իր կախա­ղանին» փաթաթելու հեռանկարի առաջ: Ցավոք, մեր խոսակցությունը տեղի էր ունեցել մինչև հայտնի դառնալը, որ ի սկզբանե ԵԽԽՎ բյուրոն համաձայնություն էր տվել հայ ռազմագերիներին վերաբերող հարցի՝ փաթեթով քվեարկության ներկայացնելուն, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի միջնորդությամբ հարցը դրվել է առանձին քվեարկության, որին էլ դեմ և ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանի պատվիրակության անդամները: Ավելի ուշ պարոն Կոլերովի հետ կապվել չհաջողվեց, սակայն մինչ այդ այս թեմայի շրջա­նակում նրան հիշեցրել էինք, որ, ի տարբերություն ՌԴ-ի, 2014 և 2018 թթ. Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ղրիմում իրավիճա­կի վերաբերյալ Ուկրաինայի ներկա­յացրած բանաձևի քվեարկությա­նը, որի բանաձևի տեքստում Ռուսաստանը քննադատության էր ենթարկվում թերակղզու բնակիչնե­րի իրավունքները խախտելու ու խտրական քաղաքականություն վա­րելու մեջ, Հայաստանը, հակադրվելով բանաձևի օգտին հանդես եկած 73 պետություններին, եղել էր 23 դեմե­րից մեկը՝ Բելառուսի ու Ռուսաստա­նի, Ղազախստանի ու Ուզբեկստա­նի հետ մի ճամբարում: Իսկ, օրի­նակ, Ղրղզստանն ու Տաջիկստանը ձեռնպահ էին մնացել, չէին քվեարկել Թուրքմենստանն ու Ադրբեջանը: Նա, ի պատասխան, ասաց. «Նորից Ձեր ուշադրությունն եմ հրավիրում՝ փա­թեթով էր այդ հարցը»:

Տեղեկացել էինք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները փորձում են կապ հաստատել ռուս գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե որն է գերի­ների հարցի քննարկմանը նրանցից մի քանիսի դեմ լինելու պատճառը: Մարուքյանը հայտնել էր, թե ռուսա­կան պատվիրակությունից իրենց հայտնել են, որ կոմունիկացիայի խնդիր է, առցանց են քվեարկել: Մարուքյանն առաջարկեց սպասել օրվա ելույթներին, և եթե ռուսական կողմից ելույթներ լինեն ու աջակցեն հայկա­կան կողմին, կստացվի, որ տեխնիկա­կան խնդիր էր ընդամենը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել:

Զրուցեցինք նաև Ստանիսլավ Տարասովի հետ, որը հայտա­րարեց. «Ի՜նչ ԵԽԽՎ, պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե Բաքվի, իրենց հետ պայմանավորվեք: Եվ ԵԽԽՎ-մխխվների միջոցով Բաքվի վրա դուրս գալը հիմարություն է»: Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջում, որ Հայաստանը «ՄԱԿ-մուկ»-երում քվեարկի այնպես, ինչպես ՌԴ-ն:

Տարասովն ի պատասխան ասաց, որ դրանք միանգամայն տարբեր բաներ են: «Դուք պատերազմել եք, դուք ունեք ռազմագերիներ: Պետք է կարողանալ պայմանավորվել Բաքվի հետ: Ի՞նչ եք ուզում ԵԽԽՎ-ի միջոցով ստանալ Բաքվից, որը ԵԽԽՎ-ին, ռուսերեն ասած, 3 տառով մի տեղ է ուղարկում: Ե՞րբ է Ադրբեջանը լսել ԵԽԽՎ-ին: Իսկ մենք այդ ԵԽԽՎ-ից ուզում ենք հեռանալ Ուկրաինայի պատճառով: Ու ձեր այդ նախարա­րը, ёлки палки, ինչ-որ մի գավառա­միտ ընկեր է: Պետք է զանգել Բաքու, հանդիպել իր գործընկերոջը, ազգա­նունը Բայրամով էր, այնպես չէ՞... Ուղիղ պետք է հարցերը լուծել, ոչ թե ռազմագերիներին վերադարձնելու համար սկանդալներ սարքել»:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մշտապես հանդես է գալիս արդարության առա­ջամարտիկի կերպարում և մշտապես Արևմուտքին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ: Ս. Տարասովի բացատրություններից հետո նրան հարցրինք՝ փաստորեն, Ռուսաստանն էլ ունի երկակի ստանդարտներ: «Ի՞նչ ստանդարտներ, Ռուսաստա­նի՞ ռազմագերիներն են Բաքվում: Ուրեմն՝ չեք ուզում նրանց վերա­դարձնել ու փոխարենը քաղաքական շոուներ եք կազմակերպում և դեռ մի բան էլ Ռուսաստանի հետ հարաբե­րություններ եք պարզում: Հա, ասենք թե այլ կերպ քվեարկեինք, դա ինչ-որ մի բան փոխելո՞ւ էր՝ ոչ»:

Տարասովը նաև հավելեց, որ ռուսական կողմին հայտնի չէ, թե Ադրբեջանի ինչին են պետք հայ ռազմագերիները: «Բաց թողեք այդ տղաներին, ձեր խնդիրները լուծել եք, նրանք ձեր ինչի՞ն են պետք»,-Ադրբեջանին ուղղված հարց հնչեցրեց Տա­րասովը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica