close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր պատասխանն Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը․ Հայկ Չոբանյան

Հասարակություն

19 Ապրիլի 2021, 19:19
 Մեր պատասխանն Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել են «Ինժեներական քաղաք»:

ԲՏԱ նախարարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ Հայկ Չոբանյանը մեծապես կարևորել է «Ինժեներական քաղաքի» դերը որպես հայկական ինժեներական մտքի դարբնոց.  «Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը: Առաջիկա տասը տարիների ընթացքում պետք է վերականգնենք Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը»,- ընդգծել է նախարարը:

«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը նախարարներին հանգամանորեն ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները: Վերջինս մասնավորապես նշել է, որ շինարարական աշխատանքները «Ինժեներական քաղաքում» սկսվելու են հունիս֊հուլիս ամիսներին՝ 7 ռեզիդենտ ընկերությունների կողմից: Նրա խոսքով՝ գիտելիքի մասով ծրագիրը բավականին հաջող է ընթանում, իսկ արտադրության հետ կապված դեռևս որոշակի անելիքներ կան:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ շոշափելի արդյունք արձանագրելու համար հարկավոր է ֆիքսել բոլոր դերակատարներին, աշխատանքային ծրագիր կազմել, հստակեցնել անելիքները և առաջիկա շաբաթներին գործողությունների ծրագիր մշակել:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջարկել է իր գերատեսչության աջակցությունը «Ինժեներական քաղաքի» միջազգային համագործակցության հետ կապված խնդիրները լուծելու համար։  Նա նշել է, որ մի շարք ֆրանսիական և այլ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրվածություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծ է մշակվել: Նախարարն առաջարկել է քննարկել «Ինժեներական քաղաքի» և «Արդյունաբերական պարկի» հնարավոր համագործակցության շրջանակները:

Գործընկեր նախարարները, բարձր գնահատելով մեր երկրում ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման հնարավորությունը, պատրաստակամություն են հայտնել միավորելու ուժերը՝ երկրի համար կարևորագույն ծրագրի իրականացման գործընթացում:

Վերջում նախարարները  շրջայց  են կատարել  «Ինժեներական քաղաք»-ում,  ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին:

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica