close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոլիկլինիկաների նկատմամբ անվստահություն, COVID-19 վարակով հոսպիտալացումների ոչ պատշաճ իրականացում․ ՀՀ-ում բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է բնակչության համար․ ՄԻՊ

Հասարակություն

15 Ապրիլի 2021, 12:37
 Պոլիկլինիկաների նկատմամբ անվստահություն, COVID-19 վարակով հոսպիտալացումների ոչ պատշաճ իրականացում․ ՀՀ-ում բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է բնակչության համար․ ՄԻՊ

2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է բնակչության համար անհրաժեշտ բուժօգնության տեսակի բացակայության և աշխարհագրական անհավասարակշիռ լուծումների տեսանկյունից։

 

Օրինակ՝ գյուղական բնակավայրերում մասնագիտացված բժիշկների, բժշկական սարքավորումների և պարագաների բացակայությամբ պայմանավորված՝ մարդիկ ստիպված են լինում լրացուցիչ ծախսեր անել և բուժօգնություն ստանալ մարզկենտրոնում, հիմնականում՝ մայրաքաղաքում:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ առողջապահական ծառայությունների մատչելիությանը վերաբերող հարցերը` հատկապես բնակչության անապահով խմբերի համար, շարունակում են մնալ օրակարգային` չնայած նրան, որ պոլիկլինիկաներն անվճար են բոլորի համար: Քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց ՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը: 

Պաշտպանին հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու դեպքում արժանանում են անտարբեր, երբեմն՝ կոպիտ վերաբերմունքի, ստանում անորակ բուժօգնություն. կա՛մ թանկարժեք դեղորայքի անհասանելիության, կա՛մ ուշադրության պակասի պատճառով:

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում պացիենտներից ստացվող ահազանգերին՝ հակաբիոտիկներ չստանալու, թեստերի տարբեր արդյունքների, հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ, որոնք նաև լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ:

Օրինակ՝ կորոնավիրուսային վարակով և հաստատված թոքաբորբով պացիենտները իրազեկված չեն եղել դեղ ստանալու իրենց իրավունքի մասին:

Օրինակ՝ բողոք ներկայացրած անձը տեղեկացրել է, որ ընտանիքի վարակակիր անդամների մոտ հաստատվել էր թոքաբորբ և նշանակվել դեղորայք: Մինչդեռ, վերջիններս չեն կարողացել գնել դեղերը ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:

Պաշտպանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դրանք անհրաժեշտ է ստանալ այն պոլիկլինիկայից, որտեղ հաշվառված են:

Մեկ այլ բողոքով էլ դիմողը տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հոր առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն անհարկի ձգձգվում է վերջինիս հոսպիտալացումը: Պաշտպանի ներկայացուցչին բժիշկը հավաստիացրել է, որ մի քանի օր անընդմեջ չի հաջողվել կապ հաստատել պացիենտների տեսակավորման՝ տրիաժ կենտրոն, հոսպիտալացումը կազմակերպելու նպատակով: Նշել է, որ դժվարությամբ է հաջողվել կապ հաստատել և հաղորդել պացիենտի տվյալները, այժմ էլ սպասում են ցուցումներին: Տրիաժ կենտրոնից էլ Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն են ներկայացրել ազատ մահճակալի բացակայության համակարգային խնդրի և հնարավոր հոսպիտալացման ոչ հստակ ժամկետների վերաբերյալ:

Նմանատիպ բողոքների ուսումնասիրությունը վկայել է, որ հոսպիտալացումների կազմակերպումը համակարգված չի եղել, երբեմն ավելի ուշ հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակով հիվանդները, քան մյուս հիվանդները, քանի որ վերջիններս ունեցել են առավել մեծ «հնարավորություններ»:

Այս պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի լուծումը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն է, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պարտադիր մասնակցության պայմանով:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica