close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հասարակություն

12 Ապրիլի 2021, 20:55
 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Ավետիքյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից, այլ ունենա լրիվ դրույքով աշխատող տնօրեն:
 
Հիմնադրամը ձևավորվեց 2017 թվականին` Կենտրոնական բանկի կողմից ու հովանու ներքո: Մինչև վերջերս հիմնականում Կենտրոնական բանկի կամավորական աշխատակազմն էր անձնվեր կերպով ծառայում Հիմնադրամին, իսկ կառույցը հոգ էր տանում, որպեսզի գործառույթներն իրականացվեն պատշաճորեն` ժամանակների հրամայականին համահունչ:
Վերջին պատերազմն ու դրա արդյունքները ցավալիորեն փոխեցին շատ բան:
 
Ժամանակն է, որ Հիմնադրամն անցնի տրանսֆորմացիայի փուլ: Այժմ դրա ճանապարհին ենք: Մասնավորապես, վերջին ամիսներին Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ մենք ձևավորել ենք նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը գործում է այն գիտակցությամբ, որ իր աշխատանքը կենսական է հայր, որդի կամ ամուսին կորցրած ընտանիքների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների համար: Անցնող ամիսներին ևս Կենտրոնական բանկի ֆինանսական աջակցությամբ մենք ներդրումներ ենք արել և շարունակում ենք կատարել Հիմնադրամի ենթակառուցվածքների, ինչպես նաև ծրագրային ու ՏՏ համակարգերի մեջ` վստահ լինելու համար, որ որևէ պայմանում դրանք պատշաճորեն ու անխափան կսպասարկեն մեր շահառուներին:
 
Հայտնում եմ նաև, որ թշնամու կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում.
 
- 1939 զոհված զինծառայողների ընտանիքների
 
- 265 ծանր վիրավորում ստացած զինծառայողների
 
- 1055 անհետ կորած զինծառայողների ընտանիքների
 
Վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրների մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից:
 
Ամփոփելով անցյալը և չորս տարի շարունակ ղեկավարելով Հիմնադրամն ու առերեսվելով ծառացած մարտահրավերների հետ՝ գիտակցում եմ, որ ամեն օր նոր բան եմ սովորել և ձգտել եմ հմտություններս փոխանցել Հիմնադրամի կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին ու շահակիցներին: Վստահ եմ, որ կուտակված փորձառությունն ու գիտելիքներն ի սպաս են դրվելու Հիմնադրամի մարտահրավերների վրա օրնիբուն աշխատելու համար:
 
Առաջիկա օրերին մենք կհրապարակենք Հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն և կհրավիրենք մեր փորձառու հայրենակիցներին՝ մասնակցելու այդ մրցույթին: Հիմնադրամի խորհուրդը մանրամասն կուսումնասիրի ստացված դիմումները, և վստահ եմ, որ կկատարի արժանի ու ճիշտ ընտրություն: Մինչև նոր տնօրենի ընտրությունը ես կշարունակեմ կատարել պարտականություններս, այնուհետև կծառայեմ Հիմնադրամին այլ կարգավիճակով:
 
Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում անցնող չորս տարիների ընթացքում մեր բոլոր կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին, հովանավորներին ու աջակիցներին, որոնք անվարան աջակցեցին Հիմնադրամին ու ինձ` ծառայելու հայրենիքին ու հայոց զինված ուժերին»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Վարուժան Ավետիքյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica