close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am

Իրավունք

6 Մարտի 2021, 15:08
 Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am

44-օրյա պատերազմին մասնակցելու նպատակով փոխվել է կալանքի տակ գտնվող մի խումբ անձանց խափանման միջոցը, իսկ դատապարտյալներից ոմանք պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: Սա եղել է ազատման նպատակը, իսկ թե քանիսն են իրականում մեկնել ռազմաճակատ՝ հայտնի չէ: Գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել, քանի որ պետական մարմինները պատշաճ վիճակագրություն չեն վարել: Բացակայում են նաև վերահսկողության մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային բացառել ռիսկերը, այս մասին գրում է Hetq.am հետաքննական կայքը։

ՀՀ արդարադատության նախարարության հայտնած տեղեկատվության համաձայն, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱՆ քրեակատարողական հիմնարկներ ներկայացվել է ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ 1038 անձի դիմում։ Դիմողներից 491-ը կալանավորված անձինք են, 547-ը՝ դատապարտյալներ։

Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ նույն ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներից դատարանի որոշմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է ընդհանուր առմամբ 26 դատապարտյալ։ Իսկ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած 12 կալանավորի խափանման միջոց փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
 
 «Հետք»-ն ուսումնասիրել է, թե որքանով են նշված միջնորդությունների քննարկման արդյունքներով կայացված որոշումներն իրավաչափ: Պարզվեց՝ այս թեմայով ուսումնասիրությունն այնքան էլ դյուրին չէր, քանի որ իրավասու մարմինները մեկը մյուսի հետևից պատասխանում էին, թե «վիճակագրություն չեն վարում»:

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ընդունած համապատասխան իրավական ակտերով: Ռազմական գործողություններին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։

 Արդարադատության նախարարությունը վիճակագրություն չի վարել պատերազմին մասնակցելու հիմքով պատժից վաղաժամկետ ազատվածների կամ կալանքի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխարինվածների տարիքի, կրթության, առողջական վիճակի, ինքնասպանության փորձ կատարելու կամ ինքնավնասման, փախուստի դիմելու կամ փախուստի փորձ կատարելու մասին: Վիճակագրություն չի վարել նաև պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի, պատժի ընդհանուր չափի, նախկինում դատապարտված լինելու, բանակում ծառայած լինելու, վերջին մեկ տարվա ընթացքում ստացած տույժերի, խրախուսանքների մասին և այլն:
 

«Հայտնում եմ, որ գրությամբ պահանջվող բավարար տեղեկատվություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առկա չէ»,-նույն հարցին այսպիսի պատասխան է տվել նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների պետ Ծովինար Թադևոսյանը:

Արդարադատության նախարարությունը վիճակագրություն չի վարել նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին մասնակցելու հիմքով պատժից վաղաժամկետ ազատված կամ կալանքն այլ խափանման միջոցով փոխարինված անձանց շրջանում նոր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված անձանց վերաբերյալ:

Զոհվածների և վիրավորում ստացածների վերաբերյալ ևս վիճակագրություն չի վարվել:

«Արցախյան պատերազմին մասնակցելու նպատակով զորակոչվելու ցանկություն հայտնած կալանավորված անձանց դիմումների և նրանց նկատմամբ խափանման միջոցների փոփոխության հարցի քննարկման դեպքում առաջնահերթորեն հաշվի են առնվել նախ՝ քրեադատավարական օրենքի ընդհանուր պահանջները: Նրանց մեղսագրվող ծանրության աստիճանը, բնույթը, տարիքային, առողջական, վարքային առանձնահատկությունները, տվյալ խափանման միջոցների արձանագրված հիմքերի առկայությունը կամ վերացումը, ինչպես նաև զինված ուժերում ծառայություն անցած լինելու, պահեստազորում գտնվելու հանգամանքները»,-նշում են գլխավոր դատախազությունից:

Հաշվի առնելով պետական մարմինների կողմից «վիճակագրություն չվարելու» հանգամանքը, հանրային վերահսկողության մեխանիզմների բացակայությունը, դժվար է անշեղորեն հավատալ, որ պատերազմին մասնակցելու պատրվակով պատժից չեն ազատվել կամ խափանման միջոցի փոփոխություն չեն ունեցել «արտոնյալները», ինչը մեծացնում է կոռուպցիոն ռիսկը: Պատերազմին մասնակցելը վաղաժամկետ ազատվածին կամ կալանքն այլ խափանման միջոցով փոխված անձին տալիս է «առավելություն»՝ դրական բնութագիր, ինչն էական դեր կարող է խաղալ նրա քրեական գործում: Այս հանգամանքը ևս կարող է մեծացնել կոռուպցիոն ռիսկը: Բացի դրանից, չկա համոզմունք, որ անձն, իրոք, մեկնել է մարտի դաշտ:

«Ռազմական գործողությունների օրերին ազատությունից զրկված անձինք ներգրավված չեն եղել ռազմական գործողություններին առնչվող աշխատանքներում»,-փոխանցում են արդարադատության նախարարությունից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica