close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդի շահերին առնչվող հարցերն իշխանություններին չեն հետաքրքրում․ «Փաստ»

Մամուլի տեսություն

6 Մարտի 2021, 09:10
 Ժողովրդի շահերին առնչվող հարցերն իշխանություններին չեն հետաքրքրում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախյան պատերազմում պարտությունից հետո Հայաստանի համար նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, որոնց հետ պետք է ամենայն լրջությամբ հաշվի նստել։ Անվտանգային նոր մարտահրավերներից մեկն էլ վերաբերում է բնակչության կենսապահովմանը և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցություններին։ Խնդիրն այն է, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանի և Արցախի անվտանգության համար անչափ կարևոր Քարվաճառի շրջանը ևս հանձնվեց Ադրբեջանին: Այստեղ են սկիզբ առնում 4 խոշոր գետեր՝ Արփան, Որոտանը, Խաչենն ու Թարթառը։ Ընդ որում, Արփան ու Որոտանը սնում են Սևանա լիճը, դրանց ջրհավաք ավազանները Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս են կազմում, քանի որ 1980-ականներից գործում է Արփա-Սևան թունելը, որով այդ գետերի ջուրը հասնում է Սևան, որտեղ ամփոփված են Հայաստանի ջրային պաշարների գերակշռող մասը։

Նկատենք, որ ժամանակակից աշխարհում ջրային ռեսուրսների վերահսկողության համար նույնիսկ լուրջ առճակատումներ են տեղի ունենում։ Եվ շատ հաճախ ջրային ռեսուրսների տիրապետումը օգտագործվում է որպես քաղաքական ազդեցութան հատուկ գործիք։ Եվ Ադրբեջանը, որը ջրային ռեսուրսների սակավության հետ կապված լուրջ խնդիր ունի, փորձում է այս թեման անընդհատ շահարկել։ Այս առումով հարկ է հիշել, որ դեռևս 2016 թվականի հունվար 26- ին մեծ հնչեղություն ստացավ բոսնիացի Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը, որն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում և առիթ տվեց ևս մեկ անգամ անդրադառնալ Արցախի ջրային ավազանին:

Եվ Արցախից գրաված տարածքների ջրային ռեսուրսների հարցը ադրբեջանական կողմը կարող է Հայաստանի դեմ որպես լծակ օգտագործել։ Այս համատեքստում պատահական չէ, որ ակտիվ քննարկումների թեմա է դարձել այն հարցը, որ Ադրբեջանը կարող է թունավորել Սևանը սնող ջրային պաշարները։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հրապարակային հայտարարում է Սևանա լճի նկատմամբ իր հավակնությունների մասին։ Ադրբեջանը այնպիսի հանցագործություններ է իրականացրել խաղաղ բնակչության նկատմամբ, որ այսպիսի հանցագործությունը ամենևին անհնարին չէ։ Դեռևս խորհրդային տարիներին Ադրբեջանը թունավորում էր Ստեփանակերտի ջրային պաշարները։

Շատ լուրջ հարց է Սոթքի հանքի խնդիրը, քանի որ GPS-ով սահմանագծման արդյունքում հանքից մի ահռելի հատված հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այնինչ դեռևս խորհրդային ժամանակաշրջանից մնացած փաստաթղթեր կան, ըստ որոնց, Սոթքի ոսկու հանքի ամբողջական շահագործման համար անհրաժեշտ հատվածը պատկանել է Հայկական ԽՍՀ-ին։ Բայց իշխանություններն ի վիճակի՞ են այդ հարցը բարձրացնել։ Ի վերջո, պետության համար կարևորագույն հարց է, որ Սոթքի հանքը տարիներ շարունակ շահագործող ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուներից է, իսկ երբ հիմա արդեն հանքի հետագա շահագործման խնդիրը հարցականի տակ է, պետբյուջե հարկային մուտքեր ապահովելու հարց է առաջ գալու։ Սոթքի շահագործումը նաև սոցիալական խնդիր էր լուծում, քանի որ հարյուրավոր մարդիկ աշխատում էին հանքում, և այսուհետ նրանք ստիպված են լինելու համալրել գործազուրկների շարքերը։

Եվ սա՝ այն պարագայում, երբ երկրում գործազրկությունը նոր ռեկորդներ է սահմանում, և հարցական է, թե ինչ այլընտրանք հնարավոր կլինի առաջարկել այդ մարդկանց, որպեսզի նրանք ևս արտագաղթի ուղին չբռնեն։ Իշխանությունների հայտարարություններից այնպիսի տպավորություն է առաջանում, որ նրանք ցանկանում են Սոթքի հանքի կորուստը կոմպենսացնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման միջոցով։ Այդ է պատճառը, որ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ հայտարարում են, թե Ամուլսարի շահագործումն այս պահին կարող է փրկօղակի դեր ստանձնել։ Սակայն իշխանությունները հանրությանը հստակ հավաստիացումներ չեն ներկայացնում, թե Ամուլսարի շահագործումը որոշ ժամանակ անց էկոլոգիական աղետի չի հանգեցնի, Սևանի ջրային ավազանին վնաս չի հասցնի։

Կամ եթե իրոք վերջնական հաստատված էր, որ հանքը պետք է շահագործվի, ինչո՞ւ չէին նախաձեռնում, որ այն պատերազմից առաջ շահագործվեր։ Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ նրանք էլ հստակորեն չեն պատկերացնում՝ հանքն, ի վերջո, անհրաժե՞շտ է շահագործել, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ հանրությունը պետք է պատասխաններ ստանա, բայց այս իրական խնդիրների շուրջ լուծումներ գտնելու փնտրտուքի փոխարեն իշխանությունները շարունակում են պոպուլիզմով զբաղվել, հավաքներ են կազմակերպում, ժողովրդի իշխանության մասին միֆական հայտարարություններ են անում, իսկ ավելի լուրջ խնդիրներով ո՞վ պետք է զբաղվի։ Ժողովրդի շահերին առնչվող այս հարցերի փոխարեն իշխանություններին միայն իրենց՝ աթոռին մնալն է հետաքրքրում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica