close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանություններին խանգարում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ եղբայրության նոր փուլ մտնելուն․ Էլիբեգովա

Քաղաքական

4 Մարտի 2021, 16:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանություններին խանգարում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ եղբայրության նոր փուլ մտնելուն․ Էլիբեգովա

Ադրբեջանցիները սադրում են անընդհատ խաղաղ բնակիչներին եւ որևէ պաշտպանություն հայ գյուղացին չունի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի գործով դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ մի կողմից ադրբեջանցիները թատրոն են բեմադրում բարիդրացիական հարաբերությունների մասին, որպես հարեւաններ ապրելու, արարելու մասին, մյուս կողմից մտնում են հայկական գյուղերը, ահաբեկում են բնակիչներին, գողանում են անասուններին, գալիս, ասում են՝ ձեզ մի ժամ ժամանակ, լքեք՝ սա մեր տարածքն է:

«Ստացվում է մի իրավիճակ, երբ մեզ ուզում են ցույց տալ գեղեցիկ վիճակ, թե ադրբեջանցին ու թուրքը փոխվել են, պատերազմը վերջացել է, ամեն ինչ ավարտվել է։ Զուգահեռ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար մեզ սպառնում է, նորից միլիտարիստական ելույթներ է ունենում, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հայտարարություններ է անում, ռազմական բյուջեն է մեծացնում, զորավարժություններ է անցկացնում, նոր  ախորժակներ է մեծացնում մեր տարածքների վերաբերյալ: Այսինքն, քանի մեր իշխանությունները մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, փորձում են մեր հանրությանը համոզել, թե ամեն ինչ վերջացել է այս պատերազմով, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին, իսկ մենք՝ ո՛չ: Իսկ հանրության գիտակից հատվածը, որ փորձում է արթնացնել հանրությանը, իրենք հիմա թիրախավորված են»,-ասաց նա:

Խոսելով Սաղաթելյանի դատավարության մասին՝ նա ասաց, որ տրամաբանություն չկա այս ամբողջ պրոցեսի մեջ, որ արդեն տեւում է 2 շաբաթ՝ սկսած խուզարկությունից, վերջացրած ապօրինի կալանքով:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ այսօր այդ ամենը կվերջանա եւ մենք վերջապես կկարողանանք շունչ քաշել ու սպասել, թե երբ մեզ կվերադարձնեն մեր տեխնիկան: Հույս ունեմ, որ կվերադարձնեն, որովհետեւ պարալիզացված է մեր ամբողջ աշխատանքը: Ես այստեղ տեսնում եմ միտում՝ մեր աշխատանքը խոչընդոտելու»,-ասաց նա:

Էլիբեգովան նշեց, որ վերցրել են իրենց ողջ պատերազմի ժամանակվա արխիվը, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, ապատեղեկատվության վերաբերյալ իրենց քարոզչության արխիվը։

«Այդ ամենը պատրաստվում էինք հանրայնացնել, դրա վրա աշխատել, գիտական տարբեր ասպարեզներում ներկայացնել. 10 հազար էջ նյութ էր հավաքված, ու մեզ դրանից հիմա զրկել են: Եթե նույնիսկ կորի, չվերադարձնեն, կարելի է այդ ամենը նորից հավաքել, ուղղակի մի փոքր կբարդացնի իմ կյանքը»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Էլիբեգովան հստակ պատասխան չունի՝ ինչո՞ւ են թիրախավորել այն անձանց, որոնք կապ ունեն հակաադրբեջանական քարոզչության հետ։

«Կարող եմ ենթադրել, որ խանգարում ենք իրենց նոր որակի բարեկամական հարաբերություններ հաստատելուն, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եղբայրության նոր փուլ մտնելուն: Ըստ երեւույթին, մենք հանրությանը հասցնում ենք իրական պատկերը՝ ինչ ռիսկեր, սպառնալիքներ կան: Այսինքն, թույլ չենք տալիս մարդկանց ինքնապաշտպանական բնազդները, իմունիտետը ոչնչացնել: Մեզ լռեցնեն, որպեսզի իրենց թաքուն գործարքները իրականացնեն»,-նշեց Անժելա Էլիբեգովան:

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Սաղաթելյանը կալանավորվել է փետրվարի 21-ին։ Նա մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով՝ ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica