close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի հարցի չեմ պատասխանելու․ Վազգեն Մանուկյանը ՔԿ-ում է՝ հարցաքննության

Քաղաքական

4 Մարտի 2021, 11:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի հարցի չեմ պատասխանելու․ Վազգեն Մանուկյանը ՔԿ-ում է՝ հարցաքննության

Ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեի դիմաց՝ մինչև հարցաքննության մտնելը, լրագրողների հետ զրույցում։

Վազգեն Մանուկյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, փետրվարի 20-ի հանրահավաքին նրա հնչեցրած արտահայտությունների համար։ Նա ասաց, որ այսօր էլ մեղադրանք են առաջադրելու, բայց ինքն ի սկզբանե կարող է ասել, որ ոչ մեղադրանքը չի ընդունելու։

«Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում, ես ինքս ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նա վստահեցրեց, որ այս քրեական գործը իսկական քաղաքական հետապնդում է։

«Մեր երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, հիմնական օրենքները, ըստ որում, երկրի ղեկավարի կողմից։ Ամենաճչացողներից մեկն այն էր, որ պատերազմի ժամանակ ինքը, չձևակերպեմ ինչ պատճառներով, խայտառակ պարտություն կրեց, և հետո արդեն ոչ ռազմական վիճակում շարունակում է տալ Սյունիքի հողերը։ Դա է ամենամեծ խախտումը Սահմանադրության։ Ես կարծում եմ, որ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նա մտածում է, որ քննիչները փոտրվարի 20-ի իր ելույթից նախադասություններ կվերցնեն և կփորձեն իրենց ձևով մեկնաբանել, այս պատճառով էլ մտադիր չէ՝ իր մեկնաբանությունները տալ, որովհետև համարում է, որ ասել է այն, ինչ ասել է, թող իրենք որոշեն՝ ինչ է դա նշանակում։

Լրագրողի հարցին՝ զղջացե՞լ է ասածի համար, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ երբե՛ք։

Լրագրողի դիտարկմանը, որ նա, կարծես, լուրջ չի ընդունում այս գործընթացը, Վազգեն Մանուկյանը պատմեց, որ առաջին անգամ, երբ քրեական գործ էին հարուցել՝ 1988 թ-ին, իրենք շատ լուրջ էին վերաբերվում, բայց հետո այնքան այդպիսի քրեական գործեր եղան, և Մանուկյանը նույնիսկ բանտում նստեց՝ «Մատրոսսկայա տիշինայում», որ հիմա մի քիչ ավելի հանգիստ է վերաբերվում։

«Մի բան է հայտնի, որ սա համաժողովրդական կոչ է՝ որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ես ժողովրդի այդ պահանջը իրականացնողներից մեկն եմ և ցանկացած վիճակում կհետապնդեմ ժողովրդի այդ ցանկությունը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նկատեց, որ եթե իրեն կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն պայքարը, որովհետև այս պայքարը իր քմահաճույքը չէ, սա իսկապես համաժողովրդական միակ ելքն է՝ ազատվելու այս վարչապետից և կառուցելու նորից դեմոկրատական-ազգային պետություն։

«Սա մեր ժողովրդի ցանկությունն է և ժողովուրդը կկատարի անկախ նրանից՝ կկալանավորվե՞մ, թե՞ ոչ»,-ասաց Մանուկյանը։

Նա նկատեց, որ մեծ անհանգստություն չունի, որովհետև կարևորագույնը այս պայքարի շարունակությունն է՝ Նիկոլ Փաշինյանին քշելը ավելի կարևոր է։ Իսկ եթե կալանավորեն՝ մի քանի օր կամ ամիս կհանգստանա։

Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը սպառնաց կալանավորել քաղաքական հայտարարությունները սրողներին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ Փաշինյանի ի՞նչ գործն է կալանավորումը, թող իրավապահները որոշեն, ինքը այս պետությունը սեփականաշնորհել է։

«Պետական մեքենան այնքան մեծ մեքենա է, որ եթե անգամ մի մրջյունի նստեցնես ղեկին՝ կարող է շենքերը քանդելով գնալ։ Ինքը չի հասկանում ինչ է նշանակում իշխանություն, զարմացած է՝ ինչ ասում ես՝ անում են, փողը ոնց կուզես՝ կծախսես, ինչ կուզես՝ կանես։ Իր մոտ դա զարմանք է առաջացրել։ Մանավանդ որ կողքն էլ մի քանի հոգի կան, որ բացի սրճարաններում սուրճ խմելուց, ուրիշ որևէ բան չեն արել, ու այդ մարդկանց փոքր խումբը ուզում է որոշել մեր ազգի ճակատագիրը․ չի՛ ստացվի»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ծանուցագիր էր ստացել՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մասին, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Վազգեն Մանուկյանն այս գործում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Իշխանությունը յուրացնելու կոչերը, ըստ ծանուցագրի, Վազգեն Մանուկյանն արել է փետրվարի 20-ի հանրահավաքում: Այսօր Վազգեն Մանուկյանը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ մեղադրանք առաջադրելու եւ որպես մեղադրյալ հարցաքննվելու նպատակով։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica