close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով, տեղի է ունենում հակասահմանադրական «հեղաշրջում»․ Էլինար Վարդանյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 16:27
 Հայաստանում Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով, տեղի է ունենում հակասահմանադրական «հեղաշրջում»․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է գրել, որում անդրադառնում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի շուրջ ծավալվող իրադարձություններին և երկրում տիրող իրավիճակին։ Հոդվածը կարդացեք ստորև։

ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ փաստացի տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ ոտնահարում։ Ընդ որում` Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով։

Գլխավոր շտաբի պետին հեռացնելու հակասահմանադրական որոշմամբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Մինչդեռ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Նախկինում ես և իմ գործընկերները անդրադարձել ենք ընթացակարգային խնդիրներին, մինչդեռ պարզվեց, որ պետական կառույցները միգուցե նաև լավ չեն ընկալում խնդրի բովանդակային կողմը։

Այսպես, հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ: Իսկ Սահմանադրությունը ոչ հանրապետության նախագահին, ոչ վարչապետին չի տալիս ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու լիազորություն, ավելին Սահմանադրությունը չի էլ նախատեսում գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորություն՝ զինված ուժերն անձեռնմխելի պահելու նպատակով։ Ո՛չ Սահմանադրության 133-րդ հոդվածը և ո՛չ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը գլխավոր շտաբի պետի վաղաժամկետ ազատելու դեպքեր չեն նախատեսում, ինչը Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ է։ Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը և կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված չէ։

Այս ամենին զուգահեռ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել է հանրապետության նախագահի լիազորությունները, որում խոսվում է ՀՀ նախագահի Գլխավոր շտաբի պետ նշանակելու, և ոչ երբեք ազատելու լիազորության մասին։ Հետևաբար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու գործընթացը ամբողջությամբ հակասահմանադրական է, և չի կարող առաջացնել իրավական հետևանքներ, սակայն դա չի ազատում հանրապետության նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտավորությունից։ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետևելը չի կարող սահմանափակվել Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Նա պետք է առաջին հերթին իրականացնի իր լիազորությունները։

Ըստ էության, այս ողջ գործընթացը նույնիսկ կարելի է անվանել պետական մակարդակով հակասահմանադրական «հեղաշրջում», քանի որ Սահմանադրությունը ոտնահարվում է հենց այն պահպանելու պարտականություն ունեցողների կողմից։

Այսօր սա պետք է լինի ընդդիմադիր հարթակի թիվ մեկ օրակարգը՝ չթողնել երկիրը տանեն կոլապսի։ Եթե մենք ուշքի չգանք, կանգնելու ենք երկիրը կորցնելու լուրջ վտանգի առջև։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica