close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջ են շարժվում պետական բոլոր ինստիտուտները ուզուրպացնելու և խարխլելու ճանապարհով․ «Փաստ»

Մամուլի տեսություն

2 Մարտի 2021, 08:45
 Առաջ են շարժվում պետական բոլոր ինստիտուտները ուզուրպացնելու և խարխլելու ճանապարհով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մոտ երեք տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում է պետության ղեկին, ականատես ենք լինում պետական ինստիտուտների ոչնչացման մի առանձնահատուկ արշավի։ Գործադիրի ղեկավար դառնալուց ընդամենը մի քանի ամիս անց՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, Փաշինյանը զանգվածային բողոքի ցույց կազմակերպեց ԱԺ-ն ցրելու պահանջով։ Այդպես նա հնարավորություն էր ստանում արտահերթ ընտրություններ կազմակերպելու իր նպատակը քողարկել ժողովրդական պահանջի ներքո։ Իսկ իրականում այդ իրողությունը գործադիր իշխանության կողմից օրենսդիր իշխանության նկատմամբ ճնշման բացահայտ դրսևորում էր, որի արդյունքում խախտվեց իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքը։ Սակայն ամեն ինչ միայն օրենսդիր իշխանությունով չսահմանափակվեց։

Դատական իշխանությունը ևս գործադիր իշխանության կողմից հուժկու հարվածի տակ հայտնվեց։ 2019 թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի կոչով իշխանության համախոհները շրջափակեցին բոլոր դատարանները և թույլ չտվեցին դատավորներին աշխատանքի ներկայանալ։ Խնդիրն այն էր, որ դատարանները ինքնուրույն որոշումներ էին ընդունում, ինչը չէր բխում իշխանությունների շահերից։ Ավելին, քանի որ Նիկոլ Փաշինյանի «մանկության երազանքը» Ռոբերտ Քոչարյանին «փակելն» է, նա չէր կարող հանդուրժել, որ ինչ-որ դատավոր կարող է իր հրամանը չկատարել և կալանքի թույլտվություն չտալ: Նրան պետք էր կամակատար դատարան, որ երբևէ ինքնուրույն, օրենքից բխող որոշում չկայացնեն դատավորները, այլ միայն այնպիսիք, ինչպիսիք ինքն է ուզում: Դրա համար էլ Նիկոլը նախաձեռնեց դատական համակարգի նկատմամբ ճնշումներ բանեցնելու գործընթացը, որը շատ հաճախ առաջ էր մղվում իբր դատական բարեփոխումների և այլ նախաձեռնությունների անվան տակ։ Իսկ ամենախայտառակ իրադարձությունները տեղի ունեցան ՍԴ-ի շուրջ, երբ իշխանությունները իրենցից կախյալ ՍԴ ունենալու, ՍԴ նախագահից և որոշ դատավորներից ազատվելու համար գործի դրեցին բոլոր միջոցները՝ հետապնդումների գործիքներից մինչև հակաօրինական որոշումներ ընդունելու գործելակերպ։

Արդյունքում ՍԴ դատավորները դիմեցին ՄԻԵԴ՝ իրենց իրավունքները վերականգնելու նպատակով։ Ինչևէ, ճնշումներից զերծ չմնացին նաև պետական համակարգի այլ կառույցները։ Պատահական չէ, որ կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է։ Եվ, ըստ էության, Փաշինյանի կողմից առաջնային պլանում դրվեց ոչ թե պետական կառույցների գործունեության արդյունավետությունը, այլ միայն լոյալությունը հեղափոխության նկատմամբ։ Իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք՝ բոլորի ու ամենի ենթարկումը մեկ անձից: Եվ պատահական չէ, որ բազմաթիվ կառույցներում տեսնում ենք պարբերական բնույթ կրող անհասկանալի կադրային նշանակումներ և փոխատեղումներ։ Այդպիսի նշանակումների արդյունքում է, որ պետական համակարգը մշտական սթրեսի մեջ է։ Փաշինյանի իշխանության ուշադրությունից չի վրիպել նաև ՏԻՄ համակարգը, որը ևս իշխանությունները փորձում են իրենցով անել։

Եվ զուգադիպություն չի կարող լինել այն, որ գլխավորապես հետապնդումների դաշտում են հայտնվում այն ՏԻՄ ղեկավարները, որոնք չեն կիսում «Իմ քայլի» քաղաքական ուղեգիծը, եթե, իհարկե, այդպիսին ընդհանրապես կա: Ըստ այդմ, շատ է խոսվում օրերս կառավարության կողմից շրջանառության մեջ դրված հերթական նախագծի մասին, ըստ որի՝ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնավարման ժամկետը լրացած քաղաքապետներին և գյուղապետներին ազատել, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, իսկ ավագանիների պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև ընտրություններ։ Քանի որ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն անցկացվում, ապա իշխանությունը սրանով փորձում է ներդնել ժամանակավոր համայնքապետների ինստիտուտը՝ հաշվի առնելով, որ պատերազմում պարտությունից հետո համայնքապետների ընտրությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, կընտրվեն իրենց համար անցանկալի անձինք։ Ակնառու է նաև ՀՀ նախագահի ինստիտուտի հետ կապված խնդիրը։

Երբ Փաշինյանը 2018 թվականին ընտրվում էր վարչապետի պաշտոնում, ամպագոռգոռ ճառեր էր ասում «սուպերվարչապետական» համակարգից հրաժարվելու, վարչապետի գերկենտրոնացված լիազորությունները կրճատելու և նախագահին Սահմանադրությամբ վերապահված սիմվոլիկ լիազորություններն ավելացնելու կապակցությամբ։ Սակայն այս տարիների ընթացքում Փաշինյանը որևէ քայլ չձեռնարկեց ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների ընդլայնման ուղղությամբ։ Իշխող ուժին ձեռնտու էր, որ նախագահը գլուխը կախ ստորագրեր իրենց հակաօրինական և հակասահմանադրական որոշումները, ինչը և Արմեն Սարգսյանը առանց հակառակվելու մեծամասամբ կատարում էր։ Այդ թվում՝ իր որոշ լիազորություններ ավելի կրճատելու օրենքը: Ու այդպես նախագահը, չցուցաբերելով բավարար կամք, քաղաքական իշխանություններին սովորեցրեց սխալ պրակտիկայի, երբ նրանց թվում էր, թե նախագահը պետք է շարժվի ոչ թե իր համոզմունքներով, Սահմանադրությամբ և համապատասխան լիազորություններով, այլ իրենց ցանկությամբ։

Բայց երբ հիմա նախագահը համարձակվել է կատարել Սահմանադրությամբ վերապահված իր լիազորությունները և չստորագրել ու հետ վերադարձնել վարչապետի որոշումը, նա հայտնվել է իշխող ուժի ներկայացուցիչների և, իհարկե, 2018 թվականի իշխանափոխության գլխավոր շահառուներից մեկի՝ սորոսականների թիրախում։ Դրա համար էլ իշխող քաղաքական ուժը հայտնում է նախագահին պաշտոնանկ անելու իրենց մտադրության մասին՝ նշելով, թե «առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»։ Կգնան այդ քայլին, թե ոչ, կամ կհասցնեն, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց փաստը մնում է փաստ, որ այսպես ձևախեղման ենթարկվելու վտանգի տակ է հայտնվում նաև նախագահի ինստիտուտը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը առաջ են շարժվում պետական ինստիտուտները ուզուրպացնելու և խարխլելու ճանապարհով՝ խախտելով մեր պետության հիմքերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica