close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ»

Մամուլի տեսություն

27 Փետրվարի 2021, 09:33
 Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը ներկայացնում է տնտեսագետ Հայկ Ղազարյանի հոդվածը․ «... ՈՐԸ ատելություն ու չարություն տարածեց երկրում, պառակտեց հայ ժողովրդին, ՈՐԸ ջարդեց հայի անկոտրում կամքը, կազմաքանդեց պետությունը և երկիրը տարավ հազարավոր երիտասարդ կյանքեր արժեցած պարտության, ՈՐԸ գողացավ հայության սերը, հավատը, հաղթանակը, երջանկությունը, երազանքները, արժանապատվությունն ու հայրենիքը, ՈՐՆ ամեն Աստծո օր խաբում ու նվաստացնում է հային:

Չգիտեմ՝ այս պատմությունը իրականություն է, թե հորինվածք: Վերջերս մի անծանոթ միջավայրում պատմում էին՝ իբրև Վանո Սիրադեղյանը 90-ականների վերջերին իր ծննդավայր Կոթիից գալուց կանգ է առել Իջևանում, որտեղ միտինգ անելուց է եղել Նիկոլ Փաշինյանը, և մի որոշ ժամանակ միտինգին հետևելուց հետո իր կողքին կանգնածներին ասել է. «Էս տղային ուշադիր նայեք, սա կա՛մ էս երկիրը սարքելու է, կա՛մ էս երկրի մերը...»: Եթե ճիշտ է այս պատմությունը, ուրեմն, ցավոք, Վանոն այս անգամ էլ չսխալվեց: Երկրորդ «կամ»-ի իմաստով: Կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում պատմությունը կփաստի, որ 2020 թ. արցախյան դավադրությունը մարդկային պատմության մեծագույն ավանտյուրաներից է: Մենք ականատես ենք լինում մարդկության պատմության մեջ սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ նախադեպը չունեցող դավադրության, որում ներգրավված է եղել կամ հանցավոր անտարբերություն է հանդես բերել բարձրագույն իշխանական գրեթե ողջ վերնախավը: 

Կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում այս թեմայով կգրվեն գրքեր, կստեղծվեն գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր, իսկ պատմաբանների, հոգեբանների, մարդաբանների, քաղաքագետների, կառավարման և այլ ոլորտների մասնագետների համար «Նիկոլ Փաշինյան» ֆենոմենը կդառնա գիտական հետազոտությունների լուրջ առարկա, թե ինչպես մարդը, չունենալով ոչ մի արժանիք, անհրաժեշտ կրթություն և գիտելիքներ պետական կառավարման վերաբերյալ, չունենալով բարձր վարկանիշ հանրության շրջանում, կարողացավ հավաքագրել ազգադավների մի ամբողջ բանակ, հեղափոխություն իրականացնել և հայության մի զգալի մասի համար դարձավ փրկիչ ու պաշտամունքի առարկա, որը հետո կործանեց իր իսկ երկիրը:

Ավանտյուրիզմը մարդու անհատական որակներից մեկն է: Ավանտյուրիստը, ըստ բառարանի, թարգմանաբար նշանակում է արկածներ որոնող, անսկզբունք, աղմկահարույց մարդ, սրիկա: Ֆրանսիացի հետազոտող Սյուզաննա Ռոտը առանձնացրել է «օրինակելի» արկածներ որոնողի բնութագրիչ հիմնական որակները: Դրանք են՝ անկանխատեսելիությունը, իմպուլսիվությունը, սնահավատության աստիճանի հասնող հավատը հաջողության նկատմամբ, դաժանությունը, եսակենտրոնությունը, շփվողականությունը, սերը արտաքին էֆեկտների նկատմամբ, խաբեությունները, անամոթությունը, առասպելագործությունը, բանսարկությունը և այլն:

Նրանք պոպուլ իստ են, կտրված են իրականությունից, առավելապես ապրում են վիրտուալ աշխարհում, նրանց համար ավելի կարևոր են կեղծ արժեքները, ձևը, այլ ոչ թե բովանդակությունն ու իրական արժեքները: Նրանք անսահման փառասեր են, սիրում են վայելքներ, անկայուն են, հավատարիմ չեն մարդկանց ու իրենց խոսքին, իրենց մեղքը վարպետորեն բարդում են ուրիշների վրա, ինքնավստահ են, հաշվի չեն նստում հանրային կարծիքի հետ, իրենց նպատակներին հասնելու համար սիրում են ռիսկի դիմել, կարողանում են մոլորեցնել և իրենց ենթարկել շրջապատի մարդկանց և նենգափոխել իրականությունը, նույնիսկ կարող են հանդես գալ ուրիշների անվան տակ: Որպես կանոն՝ նրանց գործունեությունը կրում է տարերային բնույթ, չկա որևէ կոնկրետություն, օրինաչափություն, տրամաբանություն և լրջություն:

Նրանց որոշ հմտություններ, սակայն, օրինակ՝ վճռականությունն ու հետևողականությունը, կարող են ապահովել ոչ միայն պարզապես հաղթանակ, այլ նույնիսկ լուրջ հաջողություններ: Հիտլերն, օրինակ՝ այդ կերպ եկավ իշխանության և ուզում էր հասնել համաշխարհային տիրապետության, նույնիսկ գրավեց Եվրոպայի զգալի մասը, իսկ Լուի Բոնապարտը դարձավ Ֆրանսիայի վարչապետ, այնուհետև նախագահ և կայսր: Որպես կանոն, սակայն, ավանտյուրիստները մատնվում են անհաջողության, իսկ իրենց վստահված ոլորտը կամ երկիրը տանում են ճգնաժամի ու փլուզման:

Իսկ թե ինչի բերեց Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը Հայաստանին, բոլորիս է հայտնի: Հավանաբար որևէ օտար նվաճող այդքան չի ստորացրել և վնաս չի հասցրել Հայաստանին ու հայ ժողովրդին, որքան Նիկոլ Փաշինյանը: Այն, ինչ արեց նա, միանգամայն կանխատեսելի էր. եթե մի փոքր շրջահայաց ու հեռատես լինեինք և այս մարդու անցյալն ու վարքագիծը ուսումնասիրեինք, կտեսնեինք, որ նա բարդույթներ ունեցող, չարակամ, մատնիչ, բանսարկու, շանտաժիստ, կեղծավոր, ստախոս, անհուսալի, անկայուն մարդ է, որը չունի ոչ մի սրբություն, չունի արժանիք, չունի վաստակ կամ ծառայություն այս երկրի ու ժողովրդի առաջ: Նա հեղափոխության սկզբին ուներ հայության զգալի մասի՝ նախադեպը չունեցող, պաշտամունքի աստիճանի հասնող սերն ու վստահությունը, և այդ սերն ուրանալը խոսում է մարդկային ցածրագույն որակի ու տեսակի՝ ապերախտության մասին: Հայ ժողովրդի այդ մեծ սիրուն չէր կարող փոխարինել անգամ ամենամեծ փառքն ու շահը: Այդ ռեսուրսով պարզապես կարելի էր կատարյալ երկիր կառուցել:

«Սարսափելի է սիրել մի մարդու, ով դրան արժանի չի եղել»,- ասել է Վլադիմիր Վիսոցկին: Նիկոլին կործանեցին իրականությունից կտրվելը, չտեսությունը, չարությունը, ատելությունը, սուտ խոսելը, պետականության զգացողության բացակայությունը, նյութապաշտությունը, ամբարտավանությունն ու փառասիրությունը: Նա երբեք անկեղծ չի եղել հայ ժողովրդի հետ, նա ընդունակ չէ սիրելու, չնայած հաճախ է սիրո խոստովանություն անում հայ ժողովրդին: Նրա հիմնական զենքն է սուտ խոսելը, էժանագին պոպուլիզմը, ձևամոլությունը, բանսարկությունը, իրականությունը նենգափոխելը, գցելը, պատասխանատվությունից խույս տալը, կեղծիքն ու խաբեությունը: Նա իր ողջ կյանքում խաղաղացել է, դերասանություն է արել, երբևէ անկեղծ չի եղել հայ ժողովրդի ու իր շրջապատի հետ: Նրա հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է: Շառլ Մոնտեքյոն գտնում էր, որ «մեծ ստորությունները արվում են ատելությունից դրդված, իսկ փոքրերը՝ վախից»:

2018 թ. ապրիլին Նիկոլն ու իր թիմը իշխանության եկան ազատության, ժողովրդավարության, արդարության, բարեկեցության, սիրո և համերաշխության կարգախոսներով ու կոչերով, սակայն իրականում տեղի ունեցավ հակառակը՝ ունեցանք ամբոխի իշխանություն, այլակարծության մերժում, անհանդուրժողականության, ատելության ու չարության մթնոլորտ, աղքատություն, բարոյական անկում ու արժեհամակարգի խեղաթյուրում, պառակտված հասարակություն՝ բաժանված յուրայինների ու օտարների, սևերի ու սպիտակների, նորերի և հների: Նրանք պղծեցին մեր հերոսների պատիվը, արժեզրկեցին եկեղեցին, պետական ինստիտուտները, կոչումներն ու պարգևները, անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին տարեցների ու վաստակաշատ մարդկանց նկատմամբ:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, առաջնորդվեց Ադոլֆ Հիտլերի՝ «եթե դուք ուզում եք գրավել ժողովրդական զանգվածների սերը, ասացեք նրանց ամենաանհեթեթ և տխմար բաները» սկզբունքով: Թե ինչ վախճան ունեցավ Հիտլերը, բոլորիս է հայտնի: Իսկ Հիտլերի պատգամները, կարծում եմ, այնուամենայնիվ, արդյունք տվեցին: Չէ՞ որ շատերը դեռևս անհասկանալիորեն սիրում ու պաշտում են նրան:

Էլ ի՞նչ պետք է աներ այս 2,5 տարում Նիկոլ Փաշինյանը, որպեսզի համոզվեինք, որ նա երկիրը տանում է արկածախնդրության ու կործանման: Նիկոլը ժողովրդին իշխելու համար նրա զգալի մասին դարձրեց անդեմ, ամորֆ ու բարոյազուրկ զանգված, արդյունքում շատերը կորցրեցին ազգային արժանապատվությունը, նրանց մի մասն այսօր պարզապես անտարբեր է հայրենիքի կորստի ու սպառնալիքի տակ գտնվող պետականության ապագայի հանդեպ: Սակայն ոչ միայն Նիկոլն է ազգային ողբերգություն, այլ առաջին հերթին այն միջավայրը, որ ծնել է և ներկայումս էլ պաշտպանում է Նիկոլին՝ պատմության ամենաամոթալի, ազգադավ, նվաստացուցիչ ու ողբերգական գործարքը ստորագրած ու հային՝ թուրքի առաջ ծնկի բերած, մեր հայրենիքի մի մասը թուրքին հանձնած և երկիրը աղետալի ու օրհասական վիճակի հասցրած մարդուն:

Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ որևէ իշխանություն հեռացնելու շարժումը դեռ երբևէ չի ստացել այնքան մեծ աջակցություն պետության ղեկավարի հեռացման պահանջով՝ երկու կաթողիկոսները, հանրապետության գործող նախագահը, քաղաքական գրեթե բոլոր լուրջ կուսակցությունները, բանակը, նախկին երեք նախագահները, գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդները, հարյուրավոր մտավորականներ, մշակութային ճանաչված ու սիրված գործիչներ, սփյուռքի հանրահայտ գործարարներ ու հազարավոր կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման բազմաթիվ մարմիններ, համայնքապետներ և վերջապես ժողովրդի լայն զանգվածները։ Սակայն Նիկոլ Փաշինյանն այսքանից հետո անդրդվելի է և ոչ միայն չի հեռանում, այլ նույնիսկ մարդկանց է ձերբակալում ու ահաբեկում:

Անկեղծ ասած, ապշեցնում է անարժանապատվության ու անամոթության՝ աշխարհում հավանաբար նախադեպը չունեցող այս դեպքը: Երբ իրեն պետք է, նա ժողովրդի անունն է շահարկում, ժողովրդավար է ձևանում, սակայն ժողովրդին չի հիշում, երբ նրանից թաքուն աշխատավարձ է բարձրացնում, երբ յուրայիններին նույնիսկ պատերազմի օրերին պարգևավճար է տալիս, երբ իր ու իր ընտանիքի վայելքների համար շռայլություններ է թույլ տալիս պետական բյուջեից, երբ ադրբեջանցիների հետ է գաղտնի բանակցում կամ, վերջապես, կապիտուլ յացիոն հայտարարության տեքստ է ստորագրում:

Նժդեհն ասում էր. «Եղի՛ր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր: Ստել նշանակում է դադարել մարդ լինելուց...»: Այս ժողովրդավարը, սակայն, ժողովրդից փախած՝ հազարավոր ոստիկաններով ու թիկնապահներով է ման գալիս, ժողովրդից պաշտպանվում է բունկերներում: Ամբողջ պետական համակարգը անգործության է մատված, իսկ իրավապահ համակարգը զբաղված է միայն վարչապետի կապրիզներն ու քմահաճույքները բավարարելով և ընդդիմադիրների նկատմամբ շինծու գործեր սարքելով: Այս վիճակին պետք է վերջ տալ, այս երկիրը ծաղրի ու զավեշտի ենք վերածել:

Մեզ դրսում մեկ մարդու պատճառով ասոցացնում են դավաճանի, վախկոտի, պարտվողի ու անամոթի հետ, և ցավոք դեռ երկար ժամանակ է մեզ ուղեկցելու այդ խարանը: Այս խիզախ ու տաղանդավոր ազգին պատիվ չի բերում Նիկոլն ու նրա թիմը, նրանք պարզապես ծաղր են հայ ժողովրդի ու հայոց պետականության համար:«Ամբողջական ազգեր կմեռնեին ամոթից, եթե իմանային, թե ինչ ստորաքարշ մարդիկ են նրանց ղեկավարում»,- 1815 թվականին կարծես այսօրվա մեր իրականության համար ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Շարլ Մորիս դը Թալեյրանը:

Հայրենիքը կանգնած է օրհասական վտանգի առջև, ամեն մի օրն ու րոպեն թանկ է մեր պետության համար, մենք ամեն րոպե կորուստներ ենք ունենում: Իսկ մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել ու լուռ հետևել, թե ինչպես է կործանվում երկիրը, մենք մեր հերոս-նահատակների ու մեր սերնդի առաջ դեռ պատասխան ունենք տալու: Ստեղծված իրավիճակում իրավապահները պետք է իմաստություն, խիզախություն, խոհեմություն, պետական մտածողություն ու երկրի ու ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն հանդես բերեն, իսկ իրավական հիմքերը, ըստ իրավաբանական հանրության, ավելի քան հիմնավոր են ու համոզիչ՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:

Ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանին՝ դեռևս հայտնի չէ պատմությանը դեպք, որ հնարավոր լինի իշխանություն պահել ատելությամբ, բռնությամբ, ձերբակալություններով, հասարակությունը քաղաքացիական բախման տանելով, մարդկանց ահաբեկելով և ժողովրդի վրա կրակելով, դա ի սկզբանե դատապարտված է ձախողման: Հեռացի՛ր, ի սեր Աստծո, մի տանիր այս ազգին մի նոր փորձության, հանգիստ թող այս բազմաչարչար ժողովրդին: Ի դեպ, Կառլ Մարքսը Ժամանակին գրել է. «Ազգերին,ինչպես և կանանց չի ներվում, երբ ամեն մի պատահական ավանտյուրիստ բռնություն է իրականացնում իրենց նկատմամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica