close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը․ «Փաստ»

Մամուլի տեսություն

27 Փետրվարի 2021, 08:45
 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը։ Իսկ ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ քաղաքական և սոցիալական հավասարությունը, օրինականությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և այլն։ Ժողովուրդը կարող է ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորել, նաև պահանջել իր կողմից ձևավորված իշխանությունների հեռացումը, եթե իշխանությունները չեն արդարացրել հանրային լայն շրջանակների ակնկալիքները։ Դրա արդյունքում է, որ ժողովրդի մեծամասնության վստահությանն արժանանալու նպատակով քաղաքական ուժերի միջև թեժ մրցակցություն է ընթանում՝ հատկապես ընտրությունների փուլում։

Քաղաքական ուժերը հանրությանը ներկայացնում են իրենց ծրագրերը և տեսլականը, իսկ ժողովուրդը կատարում է իր ընտրությունը՝ ելնելով որոշակի նախընտրություններից։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ լինում են դեպքեր, երբ ժողովրդին շատ հավակնոտ խոստումներ են ներկայացվում, որոնք իրականության մեջ այդպես էլ մնում են անկատար։ Հենց այստեղ է, որ իր դերակատարությունն է ունենում ժողովրդահաճությունը կամ պոպուլիզմը, երբ քաղաքական ուժերն իրենց իրական նպատակները թաքցնում են ժողովրդի համար գայթակղիչ գաղափարների ներքո՝ այնպես ներկայացնելով, թե իբր արտահայտում են բնակչության մեծամասնության շահերը։ Իսկ շատ հաճախ ժողովուրդ հասկացությունը դառնում է քաղաքական շահարկումների առարկա, որի վառ օրինակն այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն են։

Մեզանում, կարծես, ընթացիկ երևույթ է դարձել որևէ քաղաքական ուժի կողմից ժողովրդի հետ նույնականացվելը և սեփական ցանկությունը ներկայացնելը որպես ժողովրդի ցանկություն։ Կամ քաղաքացիների մի մասին համարել ժողովուրդ, իսկ մյուս մասի կարծիքի հետ հաշվի չնստել։ Այսպես, օրինակ՝ սկզբնական փուլում ընդդիմության հավաքին 5 հազարի չափ մարդ էր մասնակցում, ապա գնալով այդ թիվը մեծացավ։ Իսկ վերջին մեծ հանրահավաքին, ըստ տարբեր գնահատականների, 20-ից մինչև 30 հազար քաղաքացի էր մասնակցում։ Բայց այդ մարդիկ Փաշինյանի համար ժողովուրդ չեն: Նա կարծում է, որ նրանք չեն ներկայացնում ժողովրդի կարծիքը։ Մյուս կողմից՝ Փաշինյանի տրամաբանությամբ, ժողովուրդ չեն բանակի գեներալները, կաթողիկոսները, նախկին նախագահները, գիտնականները, դասախոսները, մշակույթի և արվեստի բոլոր այն գործիչները, որոնք կառավարության հրաժարականն են պահանջում։

Փոխարենը վերջինիս համար ժողովուրդ են իր կողմից կազմակերպված ու պետական ողջ ռեսուրսի ներդրմամբ կազմակերպված հավաքին մասնակցող 5 հազար մասնակիցները։ Լավ, թող լինի 10 հազար: Ոչինչ, որ այդ մասնակիցների մի մասը զգեստափոխված ոստիկաններ էին, իսկ մյուս մասը պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց աշխատանքային ժամին ստիպելով բերել էին հավաքին մասնակցելու։ Կարևորը, որ Նիկոլի համար դա ժողովուրդն էր, որին իբր հարց էր տալիս, իբր պատասխան ստանում ու իբր որոշում կայացնում: Ստացվում է, որ Փաշինյանի «կողմնակիցները» ժողովուրդ են, իսկ մնացյալը՝ ոչ։ Սա արդեն նույնիսկ զավեշտ չէ, սա մեծագույն ողբերգություն է: Վերջապես, արդեն ի՞նչ է նշանակում մրցավազքի մեջ մտնել հանրահավաքի մասնակիցների քանակով: Լավ, իշխանությունը դուրս կբերի, ասենք 10 հազար մարդ, ընդդիմությունն էլ այդքան։

Լավ, մեկնումեկն ավելի շատ մարդ դուրս կբերի: Լավ, միասին հավաքի կհրավիրեն 50 հազար, 100 հազար մարդու: Մի կողմից՝ դա կդառնա Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական բախման հրահրումը, մյուս կողմից ստացվում է, որ հերթական անգամ մի 100 հազար մարդը պետք է որոշի երկրի ճակատագիրը: Իսկ ո՞վ պետք է հաշվի առնի 2,5 մլն-ից ավելի այն քաղաքացիների տեսակետը, որոնք չեն մասնակցում այս կամ այն կողմի հավաքին կամ էլ քաղաքականապես այնքան է ակտիվ չեն ընթացիկ քաղաքական գործընթացներում։ Եվ վերջապես, քաղաքական գործընթացների տրամաբանությունը ցույց է տալիս, որ ժողովրդական տրամադրությունները խիստ փոփոխական են։ Եթե ինչ-որ պահի հանրության մեծամասնությունը սատարում է որևէ քաղաքական ուժի, ապա դա չի նշանակում, որ միշտ այդ ուժը ժողովրդի մեծամասնության աջակցությունն է վայելելու։ Նիկոլը՝ ձեզ վկա...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica