Պահանջում ենք կառավարության և վարչապետի հրաժարականը և սահմանադրական ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում. ՌԱԿ
Քաղաքական

Տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան ծանր ներքաղաքական ճգնաժամի ճիրաններում. ամենատարբեր ձևաչափի քաղաքական, հասարակական և պետական կառույցների կողմից կատարվող, երբեմն իրարամերժ քաղաքական բնույթի հայտարարություններն է՛լ ավելի են խորացնում առկա ճգնաժամը և ստեղծում գերլարված քաղաքական իրավիճակ, որը հղի է անկանխատեսելի զարգացումներով՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմի բռնկումը՝ վտանգելով մեր պետականության հիմքերը: Այս մասին հայտարարություն է տարածել Ռամկավար ազատական կուսակցությունը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է.
Ելնելով այս ծանր կացությունից՝ Ռամկավար Ազատական Կուսակցությունը հորդորում է բոլոր կողմերին՝ չանցնել կարմիր գծերը, հանդես բերել զսպվածություն, ճգնաժամը լուծել բոլոր կողմերի հետ քաղաքական բանակցությունների միջոցով, քանզի գլխավորը մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն է:
Ստեղծված քաղաքական, սոցիալական անկայուն իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն գործող կառավարությունն է և երկրի վարչապետը, ուստի պահանջում ենք կառավարության և վարչապետի հրաժարականը և սահմանադրական ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, որը միաժամանակ կդառնա յուրօրինակ վստահության հանրաքվե և կարտահայտի ժողովրդի համամասնական կարծիքը քաղաքական տարբեր ուժերի հանդեպ:
Աստված պահապա՛ն Հայաստանին, Արցախին և ողջ հայ ժողովրդին:
Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչություն
ՌԱԿ ատենապետ` Հրաչյա Կարապետյան
ՌԱԿ ատենադպիր` Հովիկ Կարապետյան»։