close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը. ներկայացնում է ԱՆ-ն

Հասարակություն

26 Փետրվարի 2021, 12:45
 Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը. ներկայացնում է ԱՆ-ն

Եվրոպական Միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրամիության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։

9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս գումարները և ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու մարդկանց կյանքի վրա։

Գումարի մի մասն ուղղվելու է քննչական նոր մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար անհրաժեշտ պայմանների (շենք, սարքավորումներ, աշխատավարձ և այլն) ապահովմանը։ Այս մարմինը, բարեվարքության ստուգում անցած կադրերի ու նեղ մասնագիտացման շնորհիվ առավել արդյունավետ է դարձնելու կոռուպցիոն հանցագործությունների քննությունը։

Հայտարարվել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին, որի դատավորները, մասնագիտական պատրաստում են անցնելու Արդարադատության ակադեմիայում և որոնց բարեվարքությունը ստուգվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ հոգեբանական կայունությունը՝ ժամանակակից գործիքակազմով։ Հատկացված այս աջակցության միջոցով նոր մասնագիտացված դատարանի դատավորների համար կապահովվի ավելի բարձր աշխատավարձ՝ լավագույն կադրերին համակարգ ներգրավելու նպատակով, ինչպես նաև գումարներ կուղղվեն նոր դատարանի շենքային պայմանների ապահովմանը։

Կավելացվեն դատավորների հաստիքները՝ այսպիսով լուծելով և՛ դատարանների ծանրաբեռնվածության, և՛ դատական համակարգում նոր ու բարեվարք մասնագետների՝ դատավորների ներգրավման հարցը։ Սրանով էականորեն կբարձրացվի նաև նախաքննության փուլին առնչվող գործերով (հատկապես մեծ թիվ կազմող՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերահաստատելու և այլն) դատարանի կողմից որոշումների կայացման արդյունավետությունն ու նման որոշումների նկատմամբ վստահությունը, ինչպես նաև կապահովվի այդ գործերով դատավորների մասնագիտացումը։

Կներդրվի էլեկտրոնային արդարադատության համակարգ, որը լուրջ ազդեցություն կունենա դատարանում գործերի քննության ժամկետները կրճատելու հարցում։  Նախատեսված գործիքների ներդրման միջոցով ընդհանուր կուտակված գործերի քանակը թե՛ առաջին ատյանի քաղաքացիական և թե՛ վարչական դատարաններում 10 տոկոսով կնվազի 2021 թվականին և 20%-ով կնվազի 2022 թվականին։ Բացի այդ, նշված գործիքների ներդրման արդյունքում 2021 թվականից նոր ներկայացված դատական գործերի 10 տոկոսին, իսկ 2022 թվականից՝ 50%-ին ընթացք կտրվի էլեկտրոնային եղանակով։

Սա նշանակում է, որ քաղաքացիական ու վարչական գործերով տարիներով դատարանի որոշումներին սպասողների թիվը կկրճատվի նշված չափերով։

Համաձայնագրով հատկացվող գումարները կուղղվեն նաև արբիտրաժի ինստիտուցիոնալ կառույցի ստեղծմանն ու ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական վերազինմանը։ Արբիտրաժի ինստիտուտի խրախուսման, որակյալ կադրերի ներգրավման ու նպաստավոր իրավական հիմքեր ձևավորելու արդյունքում բիզնես կառույցները, ներդրողները վեճերի դեպքում հնարավորություն և ցանկություն կունենան դիմելու պրոֆեսիոնալ, ոչ ժամանակատար և կողմերի շահերից բխող լուծման՝ դատարան դիմելու փոխարեն։ Իսկ «Փորձագիտական կենտրոն»-ը, ոլորտում ունենալով ամենամեծ ծանրաբեռնվածությունը, հաճախ տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով չի կարողանում ապահովել անհրաժեշտ փորձաքննության կատարումը, ինչը հանգեցնում է դատավարության ժամկետների ձգձգման։ Ուստի, դատավարական նման ձգձգումները բացառելու համար նշված գումարները նախատեսվում է նաև ուղղել «Փորձագիտական կենտրոն»-ի անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովմանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica