close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դ. Գյուրջինյանը խժռել է պարգևավճարի համար տրված 19 մլն դրամը

Խմբագրի անկյուն

12 Փետրվարի 2021, 12:28
 Դ. Գյուրջինյանը խժռել է պարգևավճարի համար տրված 19 մլն դրամը

2020 թ. ընթացքում բազմիցս անդրադարձել ենք  պետական բյուջեից ՀՀ լեզվի կոմիտեին տրամադրված պարգևավճարների խնդրին՝ փաստելով, որ, դրամական այդ միջոցները, հայտնվելով Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի «բերմուդյան եռանկյունիում», անհետանում են կասկածելի հանգամանքներում:

ՀՀ լեզվի կոմիտեին  պետական բյուջեից համապատասխան տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 թ. տրամադրվել է 13 մլն 274.5 հազար դրամ, 2020 թ.՝ 14 մլն 839.5 հազար դրամ (տե՛ս Yerkir.am-ին ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացրած պաշտոնական փաստաթուղթը՝ թվագրված 13.03.2020 թվականով, որը կցվում է)։ 

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի՝ ՀՀ լեզվի կոմիտեի աշխատակիցներին ներկայացրած գրավոր պատասխանի մեջ (տվյալ փաստաթուղթը ևս կցվում է սույն հարցմանը) նշված է, որ տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամի գծով բյուջետային տարվա (2019 թ.) ընթացքում որևէ վերաբաշխումներ կամ փոփոխություններ չեն եղել։

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ 2020 թ. պետական բյուջեով համապատասխան ծրագրի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված 14,839.5 հազ. դրամից ՀՀ կառավարության 28.04.2020 թ. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 636-Ն որոշմամբ նվազեցվել է 1,030.5 հազ. դրամ՝ ուղղելով այն ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների ապահովմանը: Արդյունքում՝ նշված հոդվածի գծով ճշտված գումարը կազմել է 13,809.0 հազ. դրամ:

2020 թ.-ին Լեզվի կոմիտեի «Լեզվի բնագավառում պետական քաղաքականության մշակման և իրականացման ծառայություններ» միջոցառման տնտեսագիտական  դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի գծով նախատեսված 13,809.0 հազար դրամից փաստացի ծախսը կազմել է 7,916.90 հազ. դրամ, մնացորդը՝ 5,892.1 հազ. դրամ:

Արդյունքում՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի գծով ՀՀ լեզվի կոմիտեին է տրվել 13 մլն 274.5 հազար դրամ՝ 2019, 7,916.90 հազ. դրամ՝ 2020 թվականների համար, և նշյալ գումարներն ամբողջությամբ ծախսվել են: 

Yerkir.am-ը հրապարակված անդրադարձի մեջ փաստել էր, որ 2019 թ. Լեզվի կոմիտեին հատկացված 13 մլն 274.5 հազար դրամի պատկառելի մնացորդը՝ մոտ 11 մլն դրամը, չի տրամադրվել աշխատակիցներին: Ցավոք, կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը խորհրդավոր լռությամբ և խուսափոխական կեցվածքով՝ ո՛չ մեզ, ո՛չ, առավել ևս, սեփական հիմնարկի աշխատակիցներին, այդպես էլ չմանրամասնեց, թե, ի վերջո, ո՞ւր է անհետացել վերհիշյալ շուրջ 11 մլն դրամը:

Ժողովրդական խոսք կա՝ ախորժակն ուտելուց է բացվում: Տեսնելով, որ կարելի է հիմնարկի աշխատակիցներին նշյալ տողով տրամադրված պարգևավճարների գումարն ընդհանրապես չտալ և վայելել միայնակ (կամ տեղակալ Մարատ Յավրումյանի հետ), Դավիթ Գյուրջինյանը 2020 թ. 13,809.0 հազար դրամից փաստացի ծախսված 7,916.90 հազ. դրամով պարգևատրել է միայն իրեն (հնարավոր է՝ որոշ բաժին էլ հասած լինի տեղակալ Մարատ Յավրումյանին):  Yerkir.am-ի հետ զրույցում աշխատակիցները փաստեցին, որ իրենց որևէ լումա չի տրվել ամբողջ 2020 թ. ընթացքում: Աշխատակիցները ստացել են, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ, որը, ըստ իրենց, ձևավորվել է թափուր հաստիքների հաշվին և կապ չունի պարգևավճարների բյուջեի հետ։ 

Եզրակացնենք՝ 2019-2020 թթ. ընթացքում Դավիթ Գյուրջինյանը միայնակ կամ տեղակալ Մարատ Յավրումյանի հետ յուրացրել է պարգևավճարների տողով հիմնարկին տրամադրված շուրջ 19 միլիոն դրամը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջինյանը աշխատակիցներին տրամադրվելիք պարգևավճարների գումարները յուրացրել է 2020 թվականին, տարի, որը ողջ հայ ժողովրդի համար ճակատագրական էր՝ թե՛ թագավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի իմաստով, թե՛ Արցախյան գոյապայքարի դժոխային շրջափուլում ունեցած մարդկային, հողային, հոգևոր, բարոյական, տնտեսական և այլևայլ ծանրագույն կորուստների բերումով:

Փաստորեն, երբ ողջ տարվա ընթացքում հայ ժողովուրդը պայքարում էր թագավարակի հետևանքների վերացման, իսկ Արցախյան պատերազմի ճակատագրական օրերին՝ հաղթանակ կերտելու համար, երբ անգամ դպրոցականներն ու թոշակառու տատիկ-պապիկներն էին իրենց սուղ միջոցներից բաժին հանում առաջնագծում կյանք տվող հայորդիներին օժանդակելուն, երբ դավաճանական գործարքների արդյունքում տնավեր ու գաղթական դարձան Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի, Շուշիի և Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի՝ թշնամուն հանձնված մի շարք գյուղերի բնակիչները, իրեն մտավորական համարող Դավիթ Գյուրջինյանը զբաղված էր պետական բյուջեն խժռելու ախորժաբեր գործով:

Թե ինչ կարելի է անվանել Դավիթ Գյուրջինյանի սույն արարքը՝ թող ասի ընթերցողը: 

Հավելենք միայն, որ, բնականաբար, Դավիթ Գյուրջինյանը, իբրև մտավորական, չի միացել հազարավոր մտավորականների, ազգային-հասարակական գործիչների ու բուհական-ակադեմիական շրջանակների՝ Արցախը դավաճանաբար  հանձնած և հայոց պետականությունը վտանգի ենթարկած իշխանությունների դեմ  արդարացի բողոքին, հայրենիքի համար ճակատագրական այս փուլում որևէ քայլ չի արել՝ փրկելու հայոց պետականության երերացող նավը:

Սրանով պատասխանեցինք նաև Փաշինյանի հերթական ցինիզմին առ այն, թե հրապարակում պայքարողները կոռումպացված դասախոսներն են, բժիշկներն ու այլք, որոնց նա անվանեց պսևդոէլիտա: Իսկ իրականության մեջ ճիշտ հակառակն է (Փաշինյանի պարագայում՝ ինչպես բոլոր դեպքերում). հրապարակներում չպայքարողներն են հենց կոռումպացված, բարոյական նկարագրից զուրկ և հայրենիքը 30 արծաթով վաճառելու պատրաստ անձինք:

 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica