close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր

Հասարակություն

28 Հունվարի 2021, 14:49
 «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր

Երեւանում, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ)  նախաձեռնությամբ, տպագրվել է «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին» աշխատությունը։ Գիրքը նվիրված է Մեծ Հաղթանակի 75-ամյակին։

Գրքի հեղինակներն են Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի դասախոս պ. գ. դ.  Ստեփան Ստեփանյանը (Կերտող) եւ Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գործադիր տնօրեն, տ․գ․թ․ Վահրամ Կարապետյանը:

Մենագրություն-գրքի 17 գլուխներում ներկայացվում է հայ ազգի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին բոլոր ճակատներում, այդ թվում՝ ազգային ռազմական միավորներում, պարտիզանական ջոկատներում, հետախուզական օպերացիաներում: Հեղինակները հավաքագրել են հայերի մասնակցությունը բոլոր ռազմաճակատներում՝ հիմնվելով ոչ միայն հայտնի փաստերի, այլեւ մինչեւ այժմ գիտական շրջանառության մեջ չդրված նյութերի վրա: Ներկայացվում է հայերի մասնակցությունը Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ինչպես նաեւ Ղրիմի եւ խորհրդա-ճապոնական պատերազմին։

Առանձնակի պատմվում է նաեւ ԽՍՀՄ մարշալներ Հ․ Բաղրամյանի, Ս․ Խուդյակովի, Հ․ Բաբաջանյանի եւ նավատորմի ծովակալ Հ․ Իսակովի գործունեության, ինչպես նաեւ ԽՍՀՄ հայ հերոսների եւ «Փառքի շքանշանի» ասպետների սխրանքների մասին:

Գիրքը հրատարակվել է  Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։

«Գրքում  առկա են արխիվային, փաստագրական եւ գիտական բազում նյութեր, ինչը հնարավորություն է տալիս բազմակողմանի դիտարկելու Մեծ Հաղթանակի համար հայ ազգի դերն ու սխրանքները, բացահայտվում են նոր փաստեր»,- նշում է Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Առանձին գլխով ներկայացված է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ընթերցողը կարող է ծանոթանալ նաեւ հայ հետախույզների եւ թիկունքի աշխատանքներին, հայ գիտնականների մասնակցությանը ԽՍՀՄ «Ատոմային նախագծին»:

Գրքի առաջաբանը հեղինակել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Հայրենական պատերազմի եւ զինված ուժերի վետերանների միության նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:

«Պատերազմի առաջին օրերից Հայկական ԽՍՀ-ն մոբիլիզացրեց իր ամբողջ ներուժը՝ արտադրությունն ու գյուղատնտեսությունը վերափոխելով ռազմական իրողություններին համապատասխան։ Այս ճակատագրական խնդիրները լուծելուն ծառայում էր կուսակցական եւ պետական մարմինների, ձեռնարկությունների, կոլխոզների ու սովխոզների, գիտական ու մշակութային հիմնարկների գործունեությունը: Ամբողջ հանրապետությունը՝ որպես մեկ երկրի անբաժան մաս, ապրում էր հաղթանակի ոգով եւ «Ամեն ինչ ճակատի եւ հաղթանակի համար» կարգախոսով»,- նշվում է գրքի նախաբանում։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica