close
Եղանակը Երևանում
2 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարո՞ղ է վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը հայտարարի, որ Վանն էլ հայկական չէ

Քաղաքական

22 Հունվարի 2021, 10:57
 Կարո՞ղ է վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը հայտարարի, որ Վանն էլ հայկական չէ

«Ինձ անկեղծորեն զայրացնում է Նիկոլ Փաշինյանի ատելությունը Շուշիի նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն` անդրադառնալով երեկ խորհրդարանում արած Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ արցախյան հակամարտությունից եւ ազատագրումից առաջ Շուշի բնակչությունն 90 տոկոսով ադրբեջանցիներ էին:

«Նախ, Փաշինյանն իր ազգադավ եւ ապաշնորհ գործունեության հետեւանքով հասավ նրան, որ ադրբեջանցիներն այս խայտառակ պատերազմն ավարտեցին Շուշիում, որը մինչ այժմ մեր հաղթանակների սիմվոլն էր: Հետո Փաշինյանը մեր մշակութային քաղաքներից մեկն անվանեց դժգույն եւ դժբախտ քաղաք: Իսկ երեկ էլ անվանեց ադրբեջանական քաղաք: Սեփական իշխանությունը մեկ ժամ ավելի պահելու համար Փաշինյանն ազգադավ հայտարարություններ է անում, որոնք ադրբեջանցիները տասնամյակներ կօգտագործեն մեր դեմ: Փաշինյանից հետո նույնիսկ, երբ մենք խոսենք Շուշիի մասին, իրենք անպայման մեջբերում կանեն, որ ձեր վարչապետը Շուշին անվանել է ոչ հայկական, որովհետեւ այնտեղ 90 տոկոս ադրբեջանցիներ են ապրել»,- ասաց մեր զրուցակիցը` հարց հնչեցնելով`եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, կարո՞ղ է, վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը հայտարարի, որ Վանն էլ հայկական չի, որովհետեւ հայ չկա, Կարսն ու Էրզրումը, Բայազետն էլ հայկական չեն:

Արթուր Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի նման դիրքորոշումը որակում է «սեփական ժողովրդի, սեփական երկրի եւ սեփական պատմության նկատմամբ ազգադավ» մոտեցում, որն իր համար ընդհանրապես ընդունելի չէ: Սա, ըստ Արթուր Խաչատրյանի եվս մեկ անգամ լավագույն ապացույցն է ընդդիմության այն թեզի, որ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հեռանա, քանի որ հայտնի չէ, թե Փաշինյանն էլ ի՞նչ կարող է խոսել, որը կօգտագործվի հայ ժողովրդի դեմ:

Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունը, որը ոչ պակաս աղմկահարույց էր, վերաբերում էր գերիների վերադարձին: «Վերջին չգիտեմ, բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է: Եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո: Ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցը երկար տարիներ չի հնչել: Այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը: Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել է հայ-ադրբեջանական բանակցություններ: Ինչո՞ւ ե՛ւ մեր կառավարության օրոք, ե՛ւ նախկին, այդ հարցը չի եղել՝ ինչու դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետեւաբար դուք ինչու հրաժարական չեք տալիս»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը շատ պարզ եւ հասարակ բացատրություն ունի: Այն է. «Նախ, իմքայլականները ընդդիմությանը մեղադրում էին`ինչո՞ւ եք ամեն ինչի մասին խոսում, իսկ գերիների հարցը ձեզ հանկարծ չհետաքրքրեց: Հետո, երբ ընդդիմությունը, որը գիտակցում էր այդ հարցի նրբությունը, փորձում էր չխոսել դրա մասին պայքարի առաջին օրերին, երբ գերիների հարց բարձրացրեց`ԻՔ-ականները սկսեցին լուրեր տարածել, որ երբ ընդդիմությունը խոսում է գերիների մասին, դրանով խանգարում է իշխանություններին որ գերիներին վերադարձնեն Հայաստան: Լուրեր էին տարածում, որ եթե Փաշինյանն իշխանությունը հանձնի այլոց, եթե այդ ժամանակ գերի պահանջեք`կասեն`մենք չենք գերի տվել, Փաշինյանն է տվել`գնացեք նրանից ուզեք: Իսկ հիմա, երբ տեսնում է, որ այս հեքիաթն այլեւս աջակցություն չի գտնում, միացնում է իր հին, փորձված պատեֆոնը`բա ինչի, նախկինում, բա ինչի նախկինները… Որովհետեւ նախկինների ժամանակ այդքան գերի չի եղել, որովհետեւ երբեք ՀՀ իշխանություններին չեն մեղադրել, որ գերիների հարցը չի լուծվում, որովհետեւ ՀՀ իշխանությունները գերիների ցանկը չեն տվել ռուսներին: Հասկանալի է, չէ՞, որ Փաշինյանն ինքը չի կարող գերիների վերադարձն ապահովի եւ դա պետք է արվի ռուսների միջոցով: Միակ բանը, որ պետք է անեին, պետք է գերիների ամբողջական ցանկը տային. դա էլ են զլացել անել»:

Եթե նոյեմբերի 11-ին Փաշինյանը հրաժարական տված լիներ եւ Հայաստանում նորմալ իշխանություն ձեւավորված լիներ, Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ գերիների ամբողջական ցանկը ժամանակին կտրամադրվեր ռուսական կողմին: «Այսինքն, ուղղակի մեղադրանքը Փաշինյանին սարսափելի զայրացրել է»,- կարծում է մեր զրուցակիցը`հավելելով, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած խայտառակ եռակողմ բանակցություններից հետո, սա ՌԴ իշխանությունների երկրորդ ապտակն է Հայաստանի իշխանություններին: Առաջին ապտակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի մեղադրանքն էր`հասցեագրված Նիկոլ Փաշինյանին, որ կեղծում է իրականությունը, ապա`ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ՀՀ իշխանությունները ժամանակին եւ պատշաճ կարգով գերիների ցանկ չեն ներկայացրել:

«Ես շատ կուզենայի տեսնել, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է պատասխանելու գերիներին եւ գերիների հարազատներին, երբ նրանք վերադառնան, թե ինչո՞ւ իրենք ժամանակին չեն տվել այդ ցանկը: Փոխվարչապետն էլ, այս ամենը թաքցնելու համար, ասում է`գերիների ցանկը խորհրդապահական բնույթ ունի: Պաշտպանության նորանշանակ նախարարն էլ, չգիտես ինչու, որոշեց, որ զոհերի թիվը ռազմական գաղտնիք է հանդիսանում: Ամեն ինչ անում են, որպեսզի կոծկեն այն ավերածությունները, որոնց պատճառն իրենք են հանդիսացել»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք, այսօր ՌԴ ՊՆ-ն տեղեկություն տարածեց, որ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունման կետի` ԼՂ-ում հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքման թեժ գծին, օգնության համար դիմել է 2320 մարդ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica