Նա մեր երկրի ազնիվ որդին էր. Էրդողանի աշխատակազմի ղեկավարը՝ Հրանտ Դինքի մասին
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը իր Twitter-ում մեկնաբանել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցը:
Ալթունն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների այն թեզին, որ Դինքի սպանությունը կազմակերպել էր երկրում ահաբեկչական համարվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը (FETÖ, Գյուլենական շարժում):
«Հրանտ Դինքը մեր երկրի ազնիվ որդին էր, Անատոլիայի քաջարի հայրենասերներից մեկը: Նրա ճակատի քրտինքը թափվել է այս հողերի վրա, և գրիչը միշտ պայքարել է եղբայրության համար: 14 տարի է անցել այն օրից, երբ FETÖ նենգ ահաբեկչական կազմակերպությունը մեզանից խլեց Հրանտին: Մենք միշտ կհիշենք նրա անկեղծությունն ու սերը Անատոլիայի նկատմամբ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Դինքի սպանությունը կազմակերպել էին թուրք ազգայնականները՝ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության միջոցով։ Միայն վերջին շրջանում է Թուրքիայում տարածվում այն թեզը, որ իբր այն կազմակերպել է Ֆեթուլլահ Գյուլենը. թուրքական իշխանությունները իրենց հակառակորդ Գյուլենին վարկաբեկելու համար բոլոր մեղքերը բարդում են նրա վրա։