Լեհ քաղաքական գործիչը հավաքել է ավելի քան հարյուր հազար ստորագրություն՝ պահանջելով Իլհամ Ալիևին դատել Հաագայում
Արցախ

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը, որը ստորագրահավաք էր սկսել Հաագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հավաքվել է 126 176 ստորագրություն:
Հունվարի 18-ին Բուչեկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ պաշտոնապես ստորագրահավաքն ավարտվել է: Ստորագրությունները կփոխանցվեն որպես այն մարդկանց ձայն, որոնք ցանկանում են, որ Ադրբեջանը դատապարտվի միջազգային դատարանի կողմից:
«Շնորհակալություն բոլորին։ Այս ստորագրահավաքը մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա», - գրել է Բուչեկը:
Նա նշել է, որ հավաքել է Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին փաստերի A5 ֆորմատի 40 էջ, որոնք կհրապարակվեն 1000 և 2000 օրինակով՝ կախված հավաքված միջոցներից, և կուղարկվեն աշխարհի միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին: Բացի այդ՝ բրոշյուրը կբաշխվի Հայաստանում`Բուչեկի այցի ընթացքում:
Լեհ քաղաքական գործիչը շեշտել է, որ իր աշխատանքը նվիրված է Ադրբեջանում գերեվարված ու խոշտանգված հայ ռազմագերիներին: «Ազատեք ռազմագերիներին»,- պահանջել է Բուչեկը: