close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երիտասարդականից մինչև սիմֆոնիկ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տոնում է հիմնադրման 15-ամյակը

Մշակույթ

18 Հունվարի 2021, 13:01
 Երիտասարդականից մինչև սիմֆոնիկ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տոնում է հիմնադրման 15-ամյակը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար 2021-ը հոբելյանական է: Նվագախումբը, որը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում մշտապես հնչեցնում է հայ կոմպոզիտորների գործերը՝ նպաստելով նրանց հանրահռչակմանը, տոնում է ստեղծման 15-ամյակը: Տարվա ընթացքում նվագախումբը նախատեսում է կազմակերպել մրցույթներ, փառատոններ և հոբելյանը նշել գեղեցիկ համերգով:

Նվագախմբի ձևավորման, առաքելության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, որն ընդգծեց՝ 2020-ը իրենց համար ավելի քան դժվար տարի էր, բայց 2021-ից մեծ ակնկալիքներ ունեն. համավարակի պատճառով հնարավորությունները սահամանափակ լինելուց հետո ճանապարհորդելու ակնկալիքներ ունեն: Հուսով են իրականացնել բոլոր նախաձեռնություններն ու հոբելյանական համերգաշրջանն անցկացնել լեփ-լեցուն դահլիճներում:

«Այս տարի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն անկցացվելու է «դիրիժոր» մասնագիտությամբ. դա ձեռքբերում է, քանի որ այն տարածաշրջանում դիրիժորների միակ մրցույթն է: Անցկացնելու ենք նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը մեծ ձևաչափով: Մեծ ոգևորությամբ ենք աշխատում: Դժվարանում եմ ասել, թե ովքեր կմասնակցեն մեր հոբելյանական համերգին, քանի որ մի շարք երկրներից դուրս գալն անիրական է թվում: Հյուրախաղերի առաջարկներ ենք ստացել Եվրոպայից և ասիական երկրներից»,-ասաց Սմբատյանն ու հիշեց, որ մեկ տարի առաջ այս օրերին ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ համերգ ունեին Բեռլինի ֆիլհարմանիայում:

Անդրադառնալով համավարակով և պատերազմով պայմանավորված առցանց տիրույթում կատարած աշխատանքին՝ դիրիժորը նշեց, որ անգամ հուլիս ամսին անցկացրել են MUSIC-20 առցանց միջազգային փառատոնը, որն ունեցել է դիտումների անհավանական մեծ քանակ: «Հավանաբար, աշխարհում առաջին նվագախմբերից մեկն ենք, որը միջազգային փառատոն իրականացրեց օնլայն հարթակում և առանց հանդիսատեսի: Հեռարձակում էինք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից: Եկան հրաշալի արտիստներ Ֆրանչեսկա Դեգոն, Ջանլուկա Մարչիանոն և այլք: Դա կենդանի կատարումներով առաջին առցանց փառատոնն էր, ինչից հետո կարողացանք առցանց անցկացնել նաև «Դաս Ա» կրթամշակութային ծրագիրը»,- ասաց նա:

Սերգեյ Սմբատյանն ու ընդգծեց, որ օնլայն տիրույթում կա տարբեր երկրների երաժշտասերներից բաղկացած լսարան, հետևաբար նվագախումբը ծրագրային առումով պետք է շատ զգույշ լինի: Սիմֆոնիկն առցանց տիրույթում ներկայացնում է նաև հայկական երաժշտությունը, հայ կոմպոզիտորների գործերը և փաստում, որ արտերկրի երաժշտասերներին հետաքրքիր է ունկնդրել երաժշտություն, որի մասին գուցե լսել են, բայց չեն ունկնդրել: Դիրիժորի համոզմամբ՝ հայ հեղինակների արվեստը աշխարհին ներկայացնելու գործում օնլայն դարաշրջանը կարող է մեծ ներդրում ունենալ:

«Շատերը կարծում են, թե մենք պետք է կատարենք բոլոր կոմպոզիտորների գործերը: Սիմֆոնիկ նվագախումբը հնչեցնում է միայն այն երաժշտությունը, որը չի կարելի չկատարել: Երբ շատ կոմպոզիտորներ մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ չենք ներկայացնում այս կամ այն հեղինակի ստեղծագործությունները, նշում եմ, որ կատարում ենք այն կոմպոզիտորներին, որոնք մեծ արժեք ունեն: Մենք ունենք անհավանական մեծ արժեք ներկայացնող ստեղծագործություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով երբեք չեն հնչել: Մեկ տարի առաջ Բեռլինում, Զալցբուրգում, Շտուտգարտում, Պրահայում, Լոնդոնում, Մոսկվայում և այլ քաղաքներում հնչեցրել ենք Ջիվան Թադևոսյանի «Սիմֆոնիան»: Երաժշտասերները հիացած էին: Այդ սիմֆոնիան և մի շարք այլ գործեր բովանդակային մեծ արժեք են ներկայացնում, որով պետք է հպարտանալ»,-շեշտեց Սմբատյանն ու ևս մեկ անգամ նշեց, որ կատարում են այն երաժշտությունը, որին հավատում են:

Սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը հավաստիացրեց, որ նվագախմբի սկզբնավորման և զարգացման փուլում իրենց նպատակները չեն փոխվել: Նվագախումբը ձևավորվել է գաղափարի շուրջ, գաղափար, որը դարձել է տեսլական:

«Նվագախումբն ունի հստակ առաքելություն և ռազմավարական ծրագիր: Այո՛, ես շատ հպարտ եմ, որ մեր թիմը՝ մեծ ընտանիքը, հստակ պատկերացնում է մեր ամեն օրը, աշխատանքային ամեն րոպեն և գիտակցում, թե ինչում է ներդրում կատարում: Դա մեր ձեռքբերումն է: Այն մարդկային որակները, արժեքները, որոնց շուրջ մենք միավորվել ենք ու հիմնել ենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն այժմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ է դարձել, առ այսօր հետևում է իր գաղափարներին ու փորձում զարգանալ: Աշխատում ենք միջազգային մոտեցմամբ»,- շեշտեց նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը:

Նա խոստովանեց, որ նվագախումբը չի վախենում նաև փորձարարությունից, առանց որի ակադեմիական կյանք չի կարող լինել: Սմբատյանը նշեց, որ իր հերոսները Մայքլ Ջեքսոնն ու այլ անվանի փոփ աստղերը չեն, որոնց գործերը հնչեցրել են: Սիրում է Խաչատրյանի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլ դասականների ստեղծագործություննեը, բայց գիտացում է, որ պետք է հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով և նոր ազդակներ հաղորդել հասարակությանն ու նոր հանդիսատեսների գրավել:

«Մեր նվագախմբի շնորհիվ հանդիսատեսը երիտասարդացել է: Երբ մենք իրականացնում ենք «Դաս Ա» նախագիծը, «Դասական Ջեքսոն» և մի շարք այլ ծրագրեր, համերգասրահներ ենք բերում երիտասարդ հանդիսատեսի. հազարների մասին է խոսքը: Նրանցից շատերը հավատարիմ են մնում նվագախմբին: Մեր նպատակն է կրեատիվ մոտեցումներով բացահայտել մարդկանց համար այն փաստը, որ նվագախումբն ունիկալ գործիք է, որը կարող է նվագել ամեն ինչ: Փորձարարություն անելն ու ոչ ակադեմիական երաժշտություն նվագելն ինքնապտակ չէ: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ դա նոր ունկնդիր գտնելու միջոց է, ինչը մեզ համար շատ կարևոր է: Եթե մենք ունենանք հասարակություն, որը համարի, որ չի կարող չլսել դասական երաժշտություն, Հայաստանում փայլուն վիճակ կլինի»,- եզրափակեց Սերգեյ Սմբատյանը:

 
Ամբոխահաճութեան վնասները
28 Փետրվարի 2021, 15:48 Ամբոխահաճութեան վնասները
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica