ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին․ Արգիշտի Քյարամյան
Քաղաքական

Մամուլում այսօր հրապարակում էր արվել այն մասին, որ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Այս առնչությամբ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց Արգիշտի Քյարամյանից:
-Պարո՛ն Քյարամյան, հրապարակում կա, որ Դուք դեռ չստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին եք նշանակվելու, կա՞ նման քննարկում:
-Այդ հարցով մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ մարմինը նույնիսկ դեռ չի ձևավորվել, որևէ հիմք չունեմ այս պահին չձևավորված մարմնի աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ անելու
-Պարո՛ն Քյարամյանը, իսկ ինչո՞ւ պատերազմի օրերին ազատվեցիք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, սա հարց է, որի պատասխանը չի տրվել:
-Այդ հարցին ինքս անդրադառնալու տեսակետից խնդիր եմ տեսնում, որովհետև ԱԱԾ տնօրենը պաշտոնի նշանակվում և ազատվում է վարչապետի առաջարկով, և դա զուտ վարչապետի տիրույթում գտնվող հարց է, և չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, որ ես անդրադառնամ այդ հարցին:
-Բայց, այնուամենայնիվ կա՞ր պատճառ, որ Դուք ազատվեիք այդ պաշտոնից:
-Ես արդեն ասացի իմ ասելիքը:
-Պարո՛ն Քյարամյան, Ձեր՝ շատ արագ տարբեր կառույցներում պաշտոնների նշանակվելը անընդհատ քննարկվում է, Ձեզ չի՞ կաշկանդում այդ հանգամանքը, դրանք շահարկումների թեմա են դառնում:
-Ինձ այս պահին հարմար չէ, բայց կարճ ասեմ. ասելիք չունեմ, ես կարող եմ ասել, թե ինչու է դառնում շահարկման թեմա, միգուցե մարդիկ կան, ովքեր մտահոգվում են իմ պաշտոնավարման ընթացքից, մեկ այլ առիթով մանրամասն կանդրադառնամ: