close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծում. Իրավունք, թե ուժ

Քաղաքական

10 Հունվարի 2021, 17:22
 Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծում. Իրավունք, թե ուժ

Տարիներ շարունակ, այդ թվում՝ և 2020 թ. աշնան պատերազմից առաջ «Դրօշակ»-ի 9-րդ համարում, ի տարբերություն տիրապետող կարծիքի, թե արցախյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, բարձրաձայնել ենք և այժմ էլ պնդում ենք, որ արցախյան հիմնախնդիրն ունի միայն ուժային լուծում, ներառյալ ռազմական բաղադրիչը (դա չի նշանակում, թե պատերազմի կողմնակից ենք)։ Այդ տեսակետը հիմնավորելու համար կներկայացնենք արցախյան հիմնախնդրի առաջացման պատմությունն ու ընթացքը, Արցախի Հանրապետության ստեղծումը, նրա իրավաքաղաքական դրությունն ու օրինականության աստիճանը, հիմնախնդրի շուրջ ծավալված բանակցային գործընթացում միջազգային կառույցների, գերտերությունների, հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումները։ Որպեսզի առավելագույնս պարզ լինեն Արցախի[*] նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների անհեթեթությունն ու ապօրինությունը, կանդրադառնանք նաև Ադրբեջան պետության ստեղծմանը։

Արցախյան հիմնախնդիրն առաջացել է Ադրբեջան անունով պետության ստեղծումից (1918 թ. մայիսի 27-28) անմիջապես հետո՝ 1918 թ. հունիս-հուլիս ամիսներին, երբ այն հիմնադրող Մահմեդական ազգային խորհուրդը, ապա նրա կողմից ձևավորված Ադրբեջանի կառավարությունը, առանց պատմական և իրավաքաղաքական որևէ հիմքի, պարզապես ելնելով իրենց ցանկություններից, այդ պետության տարածք համարեցին ոչ ավել, ոչ պակաս Արևելյան և Հարավային Այսրկովկասը՝ ագրեսիվ հավակնություններ դրսևորելով հայկական պատմական մի շարք երկրամասերի, այդ թվում՝ և Արցախի նկատմամբ։

Որքան էլ անհեթեթ է, իր զավթողական ձգտումները հիմնավորելու համար Ադրբեջանը հիմք էր դարձնում այն հանգամանքը, որ այդ երկրամասը նախկինում ընդգրկված էր եղել մի մասով թաթարաբնակ Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի կազմում (ստեղծվել է ռուսական կառավարության կողմից 1868 թ.), որի տարածքը Մահմեդական ազգային խորհուրդը ցանկանում էր ընդգրկել ստեղծվող Ադրբեջան անունով պետության մեջ։

Նախքան հիմնական շարադրանքին անցնելը արձանագրենք, որ հազարամյակների վաղեմություն ունեցող սեպագիր արձանագրությունները, պատմական հեռավոր անցյալի հարյուրավոր հայ և օտար վավերագրերը, աշխարհի ու տարածաշրջանի տասնյակ քաղաքական քարտեզները, անհիշելի ժամանակներից ի վեր Արցախում գտնվող հազարավոր հուշարձանները, կենցաղային իրերը, գերեզմանները միանշանակորեն փաստում են, որ Արցախը հայոց պատմական հայրենիքի բաղկացուցիչ մասն է. եղել է մերթ հայկական թագավորությունների կազմում, մերթ որպես ինքնուրույն թագավորություն կամ իշխանություն, երբեմն կարճ ժամանակով Հայաստանի մի շարք այլ շրջանների հետ նվաճվել օտար տիրակալների կողմից։

Ուշ միջնադարում Արցախը նվաճվել է թյուրքմենական ցեղերի, ապա՝ պարսից պետության կողմից, բայց պահպանել է որոշակի ինքնուրույնություն։ 1805-1813 թթ. մինչև 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունը Արցախը եղել է է Ռուսական կայսրության կազմում։ Ադրբեջանի կազմում այն պարզապես չէր կարող լինել, քանի որ այդպիսի պետություն մինչև 1918 թ. մայիսի 27-28-ը գոյություն չի ունեցել։ Արցախը չէր կարող լինել նաև Ադրբեջանի հիմնական մասը կազմող կովկասյան թաթարների (միայն 1930-ական թթ. նրանք պետության անունով սկսեցին կոչվել ադրբեջանցիներ) ենթակայության տակ, քանզի նրանք մինչև 1918 թ. այլ պետություն չեն ունեցել։

1918 թ. հուլիսին Ղարաբաղի (Արցախն այդպես անվանվեց օտարների կողմից ուշ միջնադարում, և այդ անվանումն աստիճանաբար դարձավ տիրապետող) հայության առաջին համագումարը Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր և կազմեց Ղարաբաղի անկախ կառավարություն։ Ղարաբաղի հայության գումարած հաջորդ մի քանի համագումարները, անտեսելով սպառնալիքները, բողոքեցին Ղարաբաղն իր տարածք համարելու Ադրբեջանի մտադրության դեմ և հրաժարվեցին նրա իշխանությունը ճանաչելուց[1]:

Որպեսզի արցախյան հիմնախնդրի պատմության մեջ թերի բան չմնա, փոքր-ինչ անդրադառնանք Ղարաբաղի հայության 7-րդ համագումարին։ 1919 թ. ամռանն Ադրբեջանի և նրան ուղղակիորեն աջակցող Անգլիայի ռազմաքաղաքական աննախադեպ ճնշման պայմաններում, երբ առավել, քան երբևէ դրված էր երկրամասի հայության ֆիզիկական գոյության հարցը, Ղարաբաղի հայության 7-րդ համագումարը 1919 թ. օգոստոսի 22-ին Ադրբեջանի ներկայացուցիչ Սուլթանովի հետ կնքեց 26 կետանոց համաձայնագիր։ Այդ համաձայնագրով, Ադրբեջանի կողմից մի շարք պարտավորությունների ստանձնման պայմանով, Ղարաբաղի լեռնային մասի՝ Շուշիի, Ջեբրայիլի և Ջևանշիրի գավառների նկատմամբ ժամանակավորապես՝ մինչև հարցի վերջնական լուծումը Փարիզի խաղաղության խորհրդաժողովի կողմից, ճանաչվեց Ադրբեջանի իշխանությունը[2]: Բայց, ինչպես սպասելի էր, Ադրբեջանը չկատարեց իր ստանձնած պարտավորությունները և չբավարարվեց կնքված համաձայնագրով, ամենից առաջ՝ նրա ժամանակավոր բնույթով և Ղարաբաղից պահանջեց ամբողջությամբ ընդունել իր իշխանությունը:

1920 թ. փետրվարի 22-ին գումարված՝ Ղարաբաղի հայության 8-րդ համագումարից ստանալով մերժողական պատասխան[3]՝ Ադրբեջանն իր գրեթե ամբողջ բանակը կենտրոնացրեց Ղարաբաղի սահմաններին և սկսեց հարձակողական գործողություններ հայերի դեմ։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանը մտադիր չէ սպասել հարցի կարգավորմանը Փարիզի խաղաղության խորհրդաժողովի կողմից։ Ադրբեջանական ագրեսիայի դեմ անհավասար պայքարի դուրս եկած Ղարաբաղի հայությանն օգնության հասան ՀՀ կանոնավոր բանակի զորամասերը, Դրոյի և Զանգեզուրի զինված ուժերը՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ, և կանխեցին աղետը։ Կարծում ենք՝ չափազանց կարևոր է իմանալ, որ Ղարաբաղի նկատմամբ շուրջ 2 տարի Ադրբեջանի դրսևորած ոտնձգությունների ընթացքում ՀՀ-ն չէր միջամտել՝ ջանալով հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով, բայց 1920 թ. ապրիլին ակնհայտ դարձավ, որ դա կարող է կործանարար լինել Ղարաբաղի համար։

1920 թ. ապրիլի 25-ին Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը մեկ անգամ ևս մերժեց ճանաչել Ադրբեջանի իշխանությունը և Ղարաբաղը համարեց Հայաստանի մաս[4]:

Խոսելով ներկայումս Արցախի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին՝ հարկ ենք համարում ընդգծել, որ 1919-1920 թթ. Ազգերի լիգան չճանաչեց Ադրբեջանի Հանրապետությունը՝ պատճառների թվում մատնանշելով նրա սահմանները հստակորեն որոշելու անհնարինությունը՝ պայմանավորված հարևանների հետ նրա տարածքային վեճերով։ Խոսքը, անշուշտ, առաջին հերթին վերաբերում է Ղարաբաղին։

1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը խորհրդայնացվեց և դադարեց գոյություն ունենալուց, ստեղծվեց նոր պետություն՝ Խորհրդային Ադրբեջանը։

Այսպիսով՝ Ղարաբաղը երբևէ չի եղել այսպես կոչված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության (1918 թ. մայիսի 27 – 1920 թ. ապրիլի 28) կազմում։

Խորհրդային Ռուսաստանը, որը, փաստորեն, խորհրդայնացրեց Ադրբեջանը, ելնելով իր դեմ Արևմուտքի կողմից ձևավորվող հակախորհրդային դաշինքից Թուրքիային հեռու պահելու ձգտումից, սատար կանգնեց իր հովանավորությունը վայելող և իր միջամտությամբ կամավոր խորհրդայնացած Ադրբեջանին։ Չունենալով որևէ իրավասություն և պատմական, իրավական ու ժողովրդագրական հիմք և անտեսելով Ղարաբաղի բնակչության 95 %-ը կազմող հայության կամքը՝ Խորհրդային Ռուսաստանը նախ Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Խորհրդային Ադրբեջանի մաս և օկուպացրեց իր զորքերով, ապա ընդամենը կուսակցական մարմին հանդիսացող ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի միջոցով 1921 թ. հուլիսի 5-ին որոշեց Լեռնային Ղարաբաղը «թողնել» Խորհրդային Ադրբեջանի կազմում[5], իսկ իրականում բռնակցեց Ադրբեջանին։ Բնականաբար, այդ որոշումը չունի իրավական ուժ, քանի որ ընդունվել է կուսակցական մարմնի կողմից։ Բայց օգտվելով ռազմական գերակայությունից՝ Խորհրդային Ռուսաստանը և Ադրբեջանը շարունակեցին Ղարաբաղի անեքսիան։ Նույն որոշումով ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Ադրբեջանին հանձնարարեց իր կազմում Լեռնային Ղարաբաղին տալ լայն ինքնավարություն և որոշել նրա սահմանները։

Երկար ձգձգումներից հետո՝ 1923 թ. հուլիսի 7-ին, ստեղծվեց ԼՂԻՄ-ը[6]։ Բայց հատկանշականն այն է, հատկապես մեր օրերում զիջումների դիմաց «խաղաղության» ջատագովներին բացատրելու առումով, որ նշանակալիորեն կրճատվեց Ղարաբաղի տարածքը, և այն կտրվեց արդեն խորհրդայնացած Հայաստանից։ Դա ձևակերպվեց այնպես, թե իբր ինքնավար մարզի կազմում է ընդգրկվում Ղարաբաղի միայն հայկական մասը։ Դա, իհարկե, 1921 թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշման շարունակությունն էր նույն ոգով։ Հետագա տասնամյակներում Ղարաբաղի հայությունը բազմիցս փորձեց միավորվել մայր հայրենիքին, բայց ամեն անգամ լռեցվեց։

Այսպիսով՝ արցախյան հիմնախնդիրը ստեղծվեց անօրինականության ու բռնության ճանապարհով, հակառակ Ղարաբաղի հայության կամքի։

Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելու տարիներին Ղարաբաղի հայությունը ենթարկվեց տարատեսակ բռնությունների, ճնշումների ու հալածանքների, ինչի խոսուն ապացույցներից է այն փաստը, որ 70 տարվա ընթացքում տեղի հայության թվաքանակը չավելացավ, այնինչ բնականոն աճի պայմաններում այն պետք է առնվազն քառապատկվեր։

1980-ական թթ. վերջերից սկսվեց արցախյան հիմնախնդրի նոր փուլը։ Օգտվելով ԽՍՀՄ հասարակական-քաղաքական համակարգի ազատականացումից՝ 1987-1988 թթ. արցախահայությունը ոտքի կանգնեց իր բռնադատված իրավունքները պաշտպանելու և մայր հայրենիքին վերամիավորվելու համար։

Ներկայումս Արցախի իրավաքաղաքական դրության, նրա նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների անհիմն լինելն առավել ակնառու դարձնելու համար զուգահեռ կանդրադառնանք նաև ներկայիս Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակմանը։

1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդներին խնդրեց հանդես բերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սպասումների խոր ըմբռնում և լուծել ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմ տեղափոխելու հարցը։ Խորհրդային Ադրբեջանը Ղարաբաղի հայության ազատ կամքի արտահայտման այս իրավական քայլին պատասխանեց համատարած բռնարարքներով, որոնցից մեկը 1988 թ. փետրվարի 27-29-ը հայերի կոտորածն էր Բաքվի մերձակայքում գտնվող Սումգայիթ քաղաքում։

ԽՍՀՄ ղեկավարությունը, Հայաստանի հետ վերամիավորվելու արցախահայության ձգտումը դիտարկելով սոցիալ-տնտեսական տեսանկյունից, 1988 թ. մարտի 24-ին 400 մլն ռուբլի հատկացրեց ԼՂԻՄ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար։ Սակայն Ադրբեջանն այդ միջոցներն օգտագործեց բացառապես մարզի ադրբեջանցիների սոցիալ-տնտեսական կարիքների համար և միաժամանակ շարունակեց բռնությունները արցախահայության նկատմամբ։

1988 թ. հունիսին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը հավանություն տվեց ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի կազմ ընդգրկելու դիմումին, իսկ Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհուրդը մերժեց այն։

1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 20-րդ գումարման 8-րդ նստաշրջանը հայտարարեց ԼՂԻՄ-ի՝ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ Սակայն հաջորդ օրը Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունը ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի այդ որոշումը ճանաչեց անօրինական։

1988 թ. հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, անտեսելով արցախահայության կամքը, որոշեց ԼՂԻՄ-ը թողնել Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը շարունակեց խաղաղ պայքարը՝ իր ինքնորոշման համար։

1989 թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը կասեցրեց ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի լիազորությունները և ստեղծեց ԼՂԻՄ-ի Հատուկ կառավարման կոմիտե, որը ենթարկվում էր Մոսկվային։ Այս որոշումը, սակայն, չբավարարեց ո՛չ արցախահայությանը, քանի որ Լեռնային Ղարաբաղը շարունակում էր մնալ Ադրբեջանի կազմում, իսկ արցախահայության նպատակը Հայաստանի հետ վերամիավորվելն էր, ո՛չ էլ Ադրբեջանին, որը ձգտում էր վերացնելու նույնիսկ նախկին ինքնավարությունը:

Փաստացի անիշխանության մատնված արցախահայությունը 1989 թ. օգոստոսին ստեղծեց իշխանության ազգային մարմին՝ ի դեմս Ղարաբաղի Ազգային խորհրդի։ Ադրբեջանը շարունակեց բռնությունները։

1989 թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ցրեց ԼՂԻՄ-ի Հատուկ կառավարման կոմիտեն՝ Խորհրդային Ադրբեջանին առաջարկելով ստեղծել կազմկոմիտե և վերականգնել ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների խորհրդի գործունեությունը։ Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը կազմկոմիտեի մեջ չընդգրկեց ԼՂԻՄ-ի ներկայացուցիչներին և չվերականգնեց ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի գործունեությունը։ Ի պատասխան արցախահայության իրավունքները բացարձակապես անտեսող ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և Խորհրդային Ադրբեջանի քաղաքականության՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում գումարված՝ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց որոշում «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»։ 1990 թ. հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն անվավեր ճանաչեց 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը՝ այն որակելով հակասահմանադրական։

Խորհրդային Ադրբեջանը, ինչպես միշտ, այս անգամ էլ արցախահայության ազատ կամքի խաղաղ դրսևորումներին պատասխանեց բռնություններով, որոնց բարձրակետը 1990 թ. հունվարի 13-20-ը Բաքվում իրականացված հայերի ջարդերն էին։

Սա մի ժամանակաշրջանն էր, երբ ամբողջ ԽՍՀՄ-ում խորանում էին միութենական հանրապետությունների՝ անկախանալու ձգտումները։ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները փորձեցին խնդրին տալ իրավական լուծում։ 1990 թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալուն վերաբերող հարցերի լուծման կարգի մասին»[7]։ Բանն այն է, որ ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածն ամրագրում էր միութենական հանրապետության՝ ԽՍՀՄ-ից դուրս գալու իրավունքը, սակայն չէր սահմանում դուրս գալու կարգը և մեխանիզմները, ինչի հետևանքով գործնականում անհնար էր դառնում այդ իրավունքից օգտվելը։ 1990 թ. ապրիլի 3-ի օրենքը սահմանեց, որ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունը կարող է դուրս գալ հանրաքվեի միջոցով։ Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում էր. «Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություն, ինքնավար մարզ և ինքնավար օկրուգ, հանրաքվեն անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին։

Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդներին վերապահվում է իրավունք՝ ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ-ում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցը, ինչպես նաև իր պետական իրավական կարգավիճակի հարցադրման սահմանումը»։ Այս օրենքն առանցքային նշանակություն ունի թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի իրավաքաղաքական կարգավիճակի և դրա օրինականության մասին ճիշտ պատկերացում կազմելու առումով։

Այս օրենքը սկզբից ևեթ խախտվեց Ադրբեջանի կողմից։ 1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր «Ադրբեջանական հանրապետության պետական անկախության վերականգնման մասին»։ Որևէ կերպ ԼՂԻՄ-ի բնակչության կարծիքը հաշվի չառնվեց։

1990 թ. ապրիլի 3-ի օրենքի խախտմամբ ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանում բնակվող հայությանը լիակատար իրավունք տվեց ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը։ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը և Շահումյանի շրջանի շրջանային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը՝ որպես ԽՍՀՄ դաշնային սուբյեկտի։ Նոր կազմավորումն ընդգրկելու էր ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքները, իսկ այնտեղ շարունակելու էին գործել ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև անկախության հռչակագրի նպատակներին, սկզբունքներին և հանրապետության առանձնահատկություններին չհակասող մյուս օրենքները։

1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, առանց հանրաքվե անցկացնելու և ԼՂԻՄ-ի ու Շահումյանի շրջանի, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված այլ տարածքներում հավաքաբար ապրող ազգային փոքրամասնությունների կարծիքը հաշվի առնելու, ընդունեց «Ադրբեջանական հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը։ Այդ փաստաթղթով դրվեցին անկախ Ադրբեջանի պետական, քաղաքական և տնտեսական հիմքերը։ ԽՍՀՄ գործող օրենքի խախտմամբ ընդունված այս փաստաթղթով փաստացիորեն և իրավական առումով Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում էր ճանաչել իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքը, այլև վերջակետ էր դնում Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցը իր հետ համաձայնեցնելու հնարավորությանը։ Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի շրջանի հայությունը լիակատար իրավունք էր ստանում ազատորեն որոշելու իր ճակատագիրը։

Սահմանադրական կոչված այդ ակտն ունի մի շարք հիշատակելի կողմեր։ Դրա առաջին հոդվածը 1920 թ. ապրիլի 27-28-ին Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի ներխուժումը Ադրբեջանի Հանրապետություն և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տապալումը որակում էր ագրեսիա։ Երկրորդ հոդվածն ազդարարում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»։ Երրորդ հոդվածը ԽՍՀՄ ստեղծման վերաբերյալ 1922 թ. դեկտեմբերի 30-ին ստորագրված պայմանագիրը Ադրբեջանի առումով ճանաչում էր անվավեր։ Չորրորդ հոդվածը սահմանում էր, որ Ադրբեջանական հանրապետության 1978 թ. սահմանադրությունը գործում է այնքանով, որքանով չի հակասում ընդունվող սահմանադրական ակտի դրույթներին, ուժի մեջ էր թողնում մինչև Ադրբեջանի անկախության հռչակումը գործող իրավական բոլոր ակտերը, որոնք չէին հակասում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ուղղված չէին նրա ազգային-պետական կառուցվածքի փոփոխմանը։

Այս հոդվածներն ունեն չափազանց մեծ կարևորություն։ 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով իր պետական անկախությունն ազդարարող Ադրբեջանը, իրեն հռչակելով Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, ինքն իրեն զրկեց Լեռնային Ղարաբաղն իր կազմում ընդգրկելու իրավունքից այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը, ինչպես տեսանք, չի եղել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության կազմում։

Այդ ակտի առաջին երեք հոդվածներով Ադրբեջանն իրեն զրկեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ հավակնության իրավունքից։ Կարծում ենք՝ մեկնաբանություններն ու մանրամասներն ավելորդ են։ Չորրորդ հոդվածը, որով փորձ էր արվում փրկելու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղն իր կազմում պահելու առումով, չի կարող օգտակար լինել նրան, քանզի լիովին հակասում է վերոհիշյալ երեք հոդվածներին։

Հետագա գործողություններով Ադրբեջանն ավելի խորացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ, իրավական կարգավորման անջրպետը։ 1991 թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշեց լուծարել ԼՂԻՄ-ը։ Այս որոշումը հակասում էր ԽՍՀՄ Սահմանադրության մի շարք հոդվածների, ըստ որոնց՝ միութենական հանրապետության վարչական սահմանների փոփոխության իրավասությունը պատկանում էր ԽՍՀՄ բարձրագույն օրենսդիր մարմնին։ Այն խախտում էր նաև 1990 թ. ապրիլի 26-ին ընդունված «ԽՍՀՄ-ի և դաշնության սուբյեկտների միջև լիազորությունների սահմանափակման մասին» ԽՍՀՄ օրենքը, ըստ որի՝ ինքնավար կազմավորման կարգավիճակի մասին ցանկացած որոշում կարող է դառնալ իրավաբանորեն պարտադիր միայն ԽՍՀՄ իշխանության բարձրագույն մարմինների կողմից հավանություն ստանալուց հետո։

Դա է պատճառը, որ ԽՍՀՄ Սահմանադրական վերահսկողության կոմիտեն Ադրբեջանի Գերագույն խորհրդի այդ որոշումը ճանաչեց հակասահմանադրական։

Ադրբեջանի անօրինական նկրտումներին ի պատասխան, բայց «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, միջազգային դիտորդների հսկողությամբ 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվեց անկախության հանրաքվե[8], որի արդյունքներով 1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդը հաստատեց ԼՂՀ պետական անկախությունը[9]։

2006 թ. ընդունվեց ԼՂՀ առաջին Սահմանադրությունը, իսկ 2017 թ.՝ երկրորդը, որում այն սկսեց կոչվել Արցախի Հանրապետություն։ ԼՂՀ անկախության հանրաքվեն համապատասխանում է նաև միջազգայնորեն, այդ թվում՝ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքին:

Ադրբեջանը, որը մշտապես անտեսել է բոլոր իրավական նորմերը, պնդում է, թե իբր ԼՂՀ անկախության հանրաքվեն օրինական չէ, քանի որ անկախացման ժամկետների առումով չեն պահպանվել 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի 2-րդ հոդվածի պահանջները: Դա ոչ այլ ինչ է, քան փաստերը ակնհայտորեն գլխիվայր շրջելու փորձ։ 1991 թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանում նախատեսվող, այսպես կոչված, անկախության հանրաքվեի վերաբերյալ նոյեմբերի կեսերին իր ընդունած որոշմամբ Ադրբեջանն արդեն խախտել էր օրենքը։ Բանն այն է, որ նախատեսվող հանրաքվեն անցկացվելու էր ամբողջ Ադրբեջանի տարածքում միասնական կարգով, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի շրջանի բնակչության ձայներն առանձին չէին հաշվվելու։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը՝ ԼՂԻՄ-ը լուծարելու որոշումը, հայ բնակչության էթնիկ զտումները, չդադարող կոտորածները, Ղարաբաղի շրջափակումը, անհնար էր դարձրել ժամկետների պահպանումը։ Արցախահայությունը գտնվում էր ֆորսմաժորային իրավիճակում և Գետաշենի ենթաշրջանի հայերի ճակատագրից (ադրբեջանական զորքերի և խորհրդային ՕՄՕՆ-ականների կողմից 1991 թ. ապրիլի վերջին‒մայիսի սկզբին իրականացված «Օղակ» գործողության հետևանքով այն հայաթափվել էր, զոհվել ու գերեվարվել էին հարյուրավոր հայեր) խուսափելու նպատակով ստիպված էր արագ գործել։

Արցախահայությունը միանգամայն օրինական՝ միջազգային ու խորհրդային իրավական նորմերին համապատասխան, ձեռք բերեց իր անկախությունը։ Իսկ Ադրբեջանը, որը միջազգային և խորհրդային օրենքների խախտումներով էր սկսել իր անկախացման գործընթացը, այդպես էլ եզրափակեց։ 1991 թ. դեկտեմբերի 29-ին անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ քվեարկության դրվեց ոչ թե ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցը, ինչպես պահանջում էր ԽՍՀՄ օրենսդրությունը, այլ 1991 թ. հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանական հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտին համաձայնության հարցը։ Անտեսվեց նաև ինքնավար կազմավորումների մասին 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի 3-րդ հոդվածը։

Քաղաքակիրթ աշխարհի քար անտարբերության պայմաններում Ադրբեջանը բացահայտորեն պատերազմ սանձազերծեց ԼՂՀ-ի դեմ՝ այն կործանելու, արցախահայությանն իր հայրենիքից քշելու կամ ոչնչացնելու անթաքույց նպատակով։ Պարտադրված պատերազմում, ինչպես գիտենք, արցախահայությունը և նրան ՀՀ-ից ու աշխարհի տարբեր կողմերից օգնության հասած հազարավոր հայորդիներ ադրբեջանական զորքերի և նրանց օգնող թուրքական, աֆղանական, չեչենական հազարավոր վարձկանների դեմ տարան փառավոր հաղթանակ։ Թշնամուն հասցվեցին ծանր հարվածներ, ազատագրվեցին հինավուրց Շուշին և տասնյակ այլ բնակավայրեր, որոնք թշնամին վերածել էր արցախահայության դեմ պատերազմական հենակետերի։

Անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ազատագրվեցին նաև Ղարաբաղից 1920-ական թթ. անջատված և Ադրբեջանի սովորական վարչական շրջանների վերածված հայկական մի շարք տարածքներ։ Թշնամին ստիպված էր զինադադար խնդրել, որը կնքվեց 1994 թ. մայիսի 12-ին։ Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո սկսվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթաց, որն այդպես էլ արդյունք չտվեց։

Ի՞նչն է պատճառը, արդյոք հայկական կողմն արե՞լ է ամեն ինչ՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար, արդյոք մենք պատրա՞ստ ենք եղել փոխզիջումների, թե՞ դրսևորել ենք խիստ անհաշտ կեցվածք, հնարավո՞ր էր արդյոք հասնել Ադրբեջանի հետ փոխհամաձայնության, արդյոք միջազգային հանրությունն ամեն ինչ արե՞լ է հիմնախնդրի կարգավորման համար։

Բանակցային գործընթացի տարիներին համանախագահող երկրների արտգործնախարարների և նախագահների հայտարարությունների, նրանց կողմից արված առաջարկությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների, կազմված աշխատանքային տարբերակների վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի պատասխանատուների կատարած հայտարարությունների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ-ն մշտապես դրսևորել է կառուցողական մոտեցում, հանուն հիմնահարցի խաղաղ կարգավորման փոխզիջումների գնալու պատրաստակամության[10]։ Որպես փոխզիջում ՀՀ-ն սկզբունքորեն համաձայնել էր նույնիսկ ազատագրված 7 շրջանների փուլային վերադարձին Ադրբեջանին պայմանով, որ վերջինս ազգերի ինքնորոշումը ևս ճանաչի հիմնախնդրի կարգավորման սկզբունք և համաձայնի հստակ սահմանված ժամկետում Արցախում կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը՝ որևէ կերպ չսահմանափակված հարցադրմամբ։

Իհարկե, նորմալ հակառակորդի հետ հնարավոր է փոխզիջումային տարբերակով լուծել շատ ու շատ հարցեր։ Բայց դա հնարավո՞ր էր արդյոք մեզ թշնամի, ոչ թե հակառակորդ Ադրբեջանի և նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն սատարող Թուրքիայի հետ։ Պարզվում է, որ հնարավոր չէ։ 1994 թ. մայիսից մինչև 2020 թ. սեպտեմբեր Ադրբեջանը հայկական կողմի առավելագույն զիջումներին նույնիսկ աննշան չի ընդառաջել։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հրաժարվեց ճանաչել ազգերի ինքնորոշման սկզբունքը, թեև մի պահ (2009 թ.) ընդունել էր՝ անտեսելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերադարձնելու 7 շրջանները։ Նա հրաժարվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետևյալ առաջարկություններից՝ դիպուկահարների դուրսբերում շփման գոտուց և սահմաններից, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի լիազորությունների ընդլայնում, զինադադարի պահպանման վերաբերյալ 1994-1995 թթ. եռակողմ անժամկետ համաձայնություններին հավատարմության վերահաստատում և այլն: Ավելին՝ Ադրբեջանի 102-ամյա և նրա ավագ եղբայր Թուրքիայի մոտ յոթհարյուրամյա պատմությունը ցույց է տալիս, որ նրանք ունակ չեն նույնիսկ փոխզիջման գնալու։ Մեր թշնամիները բարի կամքի դրսևորումը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունն ընդունել են իբրև թուլություն և շարունակ նոր զիջումներ ակնկալել։

Դիտարկենք նաև վերջին ամիսների զարգացումները: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակմամբ սկսված պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այն խիստ ձեռնտու է Ադրբեջանին, քանզի դրանով Ադրբեջանին են հանձնվում նույնիսկ այնպիսի տարածքներ, որոնց մասին նա չէր էլ երազել վերջին 26 տարվա ընթացքում: Թվում է, թե թշնամին պետք է ցնծա ու բավարարվի: Բայց արդյոք նա բավարարվա՞ծ է և դրսևորո՞ւմ է փոխզիջման, գոնե փոխըմբռնման որևէ նշույլ: Միանշանակ ո՛չ, չի դրսևորում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո թշնամին խիստ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք է դրսևորում մեր նկատմամբ, ոտնձգություններ կատարում ոչ միայն Արցախի Հանրապետության տարածքի, այլև ՀՀ-ի նկատմամբ: Բոլորս ենք տեղյակ Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մաս համարելու մասին Ադրբեջանի նախագահի` օրերս արած հայտարարության, ՀՀ-ին ֆինանսական պահանջներ ներկայացնելու նրա մտադրության մասին և այլն: Այդ պահանջները, որոնք հավանաբար կշարունակվեն, ավելորդ անգամ հաստատում են, որ թշնամու ախորժակը սահման չունի։ Այդպես է եղել միշտ: Ադրբեջանի հետ ոչ միայն փոխադարձ, այլև միակողմանի հստակ սահմանված զիջումների գնով էլ հնարավոր չէ հասնել անկեղծ ու մշտական խաղաղության:

Միջազգային կառույցների և առանձին երկրների գործելակերպի առումով պետք է ասենք, որ նրանք գործնական քայլերի չդիմեցին արցախյան հիմնախնդիրը կարգավորելու, իրավունքի շրջանակում դրան լուծում տալու համար, չճանաչեցին արցախահայության ինքնորոշման իրավունքը և միանգամայն օրինական ճանապարհով ձեռք բերված անկախությունը:

Տարիներ շարունակ անտեսվեցին Ադրբեջանի մեծ ու փոքր ագրեսիվ գործողությունները, ԼՂՀ և ՀՀ սահմանամերձ շրջանների հրետակոծումները, դիպուկահարների կողմից սահմանամերձ տարածքներում հայ զինվորականների և խաղաղ բնակչության սպանությունները, գերեվարությունները։ Տարիներ շարունակ հավասարության նժար դրվեց զոհի և ագրեսորի միջև։ Ակնհայտ էր, որ քաղաքակիրթ կոչված աշխարհի ներկայացուցիչները հակված չեն լուծելու արցախյան հիմնախնդիրը, ընդհակառակը՝ ամեն ինչ անելու են հիմնախնդիրը բարդացնելու և իրենց շահերին ծառայեցնելու, թեկուզև արցախահայության արյան հաշվին իրենց ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդելու համար։ Նույնիսկ 2016 թ. ապրիլին, երբ Ադրբեջանը բացահայտորեն պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ ռազմական ճանապարհով հիմնախնդիրը լուծելու համար, աշխարհը հանդես եկավ վերացական, հակամարտության երկու կողմերի միջև հավասարության նժար դնող` խաղաղության հերթապահ կոչերով և ոչ ավելին։

Հիմնախնդրի կարգավորման ձգձգումը կարծես թե հուշում էր, որ հակամարտող կողմերն իրենք պետք է լուծեն հիմնախնդիրը, ինչպես կարող են։ Իհարկե, չպետք է մոռանանք, որ այս դեպքում ևս նրանք փորձելու էին միջամտել հարցին՝ դրանով իսկ բարդացնելով դրա լուծումը, միայն թե որևէ օգուտ կորզեին։ Առավելագույնը, որ միջազգային կառույցներն ու գերտերություններն արեցին, այն է, որ բանակցային գործընթացում փաստաթղթային տեսքով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման դրույթի կողքին 2009 թ. առաջադրեցին ազգերի ինքնորոշման իրավունքը։ Կարծում ենք` ավելին չէր էլ կարելի ակնկալել։

Մեզանում կա տեսակետ, որը հարցի լուծման հնարավոր ուղի է համարվել և շարունակում է համարվել, այն է` Արցախին սահմանակից ազատագրված յոթ շրջանների մեծ մասի վերադարձ Ադրբեջանին՝ խաղաղության դիմաց, սակայն կարգավիճակի որոշման հարցի հետաձգմամբ։ Այդ տեսակետի կողմնակիցները բացասաբար են գնահատում 1998-2018 թթ. հայկական վարչակազմերի կողմից որդեգրված այն դիրքորոշումը, որը այս կամ այն չափով պաշտպանում էր զիջումների չգնալու, ժամանակ շահելու, ազատագրված շրջանները միայն Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ դրան տանող հանրաքվեի պարագայում վերադարձնելու մոտեցումը[11]։

1998-2018 թթ. ընթացքում արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն անընդունելի որակող գնահատականից տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանական կողմը փափագում էր խաղաղության հասնել, սակայն մեր ագրեսիվ կեցվածքը խանգարեց դրան: Բայց, ինչպես նշվեց, ինչպես բոլորս ենք տեսել ու զգացել, Ադրբեջանը վարում էր խիստ ագրեսիվ քաղաքականություն, շարունակ միջադեպեր էր հրահրում սահմանի տարբեր հատվածներում, գերեվարում մարդկանց ու նրանց հասցնում մահվան կամ մահամերձ վիճակի: Գիտենք նաև, որ տարիների ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չհամաձայնեց միջազգային դիտորդների կողմից սահմաններին հակառակորդ կողմերի գործողությունների արձանագրումն ապահովող մեխանիզմների ներդրմանը:

Այն տեսակետը, թե տարածքներ հանձնելու դիմաց հնարավոր էր հասնել խաղաղության, այն էլ` առանց միջազգային երաշխիքով Արցախի իրավաքաղաքական կարգավիճակի հարցի շուրջ կոնկրետ պայմանավորվածության առկայության, համոզված ենք, առնվազն պետք է դիտարկել խիստ վերապահումով: Այդ տեսանկյունից հարցի հայանպաստ լուծման մասին հուսալն ընդունելի չէ, որովհետև այդ տեսակետը հենվում է ոչ թե կողմերի իրական ձգտումների ու գործողությունների, պատմության տարբեր շրջափուլերում, ներառյալ վերջին 32 տարիները, Ադրբեջանի և նրա ավագ եղբոր` Թուրքիայի դիրքորոշման ու փաստական կեցվածքի վերլուծության վրա, այլ լավագույն դեպքում այն արտահայտողների խաղաղասիրության, բարեկրթության, պարկեշտության, հիմնահարցը քաղաքակիրթ եղանակով լուծելու հայկական կողմի պատրաստակամության վրա: Որպեսզի հարցը լուծվի փոխզիջումային եղանակով, անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ ինչպես այժմ, այնպես էլ նախկինում Ադրբեջանը հանդես է եկել հարցը բացառապես իր շահերից լուծելու դիրքերից։ Դրա վկայություններն են նրա անթիվ-անհամար ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները, այդ թվում` և 2016 թ. ապրիլին լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սանձազերծումը։ Ի վերջո, դա է վկայում 2020 թ. աշնանային պատերազմը, դրա ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի՝ սահմաններ չճանաչող ագրեսիվ կեցվածքը։

Կարծում ենք` մեր խնդիրն այլ հարթության մեջ է։ 1994 թ. զինադադարին հաջորդած տարիների ու տասնամյակների ընթացքում հայկական կողմը, առաջին հերթին` Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ն, որքանո՞վ է վարել իրատեսական քաղաքականություն, որքանո՞վ է ճիշտ գնահատել մեր և թշնամու ուժերի հարաբերակցությունը, դրա փոփոխության միտումներն ու հավանականությունը։ Ի՞նչ ենք արել հարցը մեր օգտին լուծելու, ավելի ճիշտ` թշնամուն խաղաղություն պարտադրելու համար։

Կարելի է ասել, որ մինչև 2016-2018 թթ. ՀՀ-ն ընդհանուր առմամբ կարողացավ արտաքին ճիշտ քաղաքականության, ամենից առաջ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների խորացման, ինչպես նաև իր զինված ուժերի մարտունակությունը թշնամու զինված ուժերի մարտունակությունից բարձր պահելու շնորհիվ արցախյան հիմնախնդրի շուրջ պահպանել ստատուս քվոն։ Այնուամենայնիվ, չի կարելի պնդել, թե մեզ մոտ ամեն ինչ կարգին էր։ Ամեն ինչ կարգին լինելու դեպքում թշնամին 2016 թ. ապրիլին չէր համարձակվի պատերազմ սանձազերծել։ Ճիշտ է, հայոց բանակն այդ ժամանակ թշնամուն հակահարված տվեց, բայց բախվեց մի շարք դժվարությունների, բացահայտվեցին լուրջ բացթողումներ։

Դրությունը կտրուկ բարդացավ 2018 թ., երբ ՀՀ-ում իշխանության եկավ Ն. Փաշինյանը։ Վերջինս, որը հայոց պատմության մեջ կմնա որպես Ավերող, աչքի ընկավ ՀՀ ներքին կյանքի և արտաքին հարաբերությունների լիակատար խարխլմամբ։ Անմասն չմնաց նաև արցախյան հիմնախնդիրը։ Նրա չմտածված, գուցե և վնասելու նպատակով լավ մտածված խոսքերը, որ Արցախը Հայաստան է և վերջ, որ ինքը Արցախի խնդրի շուրջ բանակցությունները սկսում է զրոյից՝ իր կետից, որ նախ պետք է պայմանավորվել կարգավիճակի շուրջ, և եթե դրա համար անհրաժեշտ լինի պատերազմել, կպատերազմենք ու կհաղթենք, խիստ բացասական ազդեցություն ունեցան միջազգային կառույցների և տերությունների վրա։

Ըստ էության, ՀՀ-ն ընկալվեց իբրև բանակցային անպատասխանատու, անվստահելի, անհուսալի կողմ, քանզի նա չէր պահպանում անգամ դիվանագիտական վարվեցողությունը բանակցությանը մասնակից կողմերի նկատմամբ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, Իրանի հետ հարաբերությունների սառեցումը, ըստ էության, ՀՀ-ն դարձրին խոցելի ու դրանով իսկ ադրբեջանա-թուրքական ագրեսորներին, որոնք տենդագին կերպով պատրաստվում էին պատերազմի և հարմար պահի էին սպասում, հնարավորություն և առիթ տվեցին պատերազմ սկսելու ՀՀ-ի և Արցախի դեմ: Հատկապես, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Ն. Փաշինյանն իր թիմով գործնական էական քայլեր չարեց ՀՀ ռազմական ներուժը հզորացնելու, առհասարակ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Հետևանքը եղավ այն, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Պատերազմից առաջ մեծ-մեծ խոսող Ն. Փաշինյանը, որի գործունեությունը պատերազմի ընթացքում կարելի է որակել որպես ձախող, վնասակար, նոյեմբերի 9-ին ստորագրեց մի կապիտուլյացիոն ակտ, որով թշնամուն հանձնվեցին ոչ միայն ազատագրված տարածքները, այլև նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքի զգալի մասը, ինչպես նաև տրվեց ՀՀ տարածքով հաղորդակցության իրավունք Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Նա անտեսեց նույնիսկ հայ գերիների, անհետ կորածների, զոհված հայորդիների դիերի վերադարձի հարցը։ Այժմ անտեր են թողնված ՀՀ-ի և մեր ձեռքում գտնվող Արցախի Հանրապետության տարածքի սահմաններն ու սահմանային բնակավայրերը։

Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի և լուծման հնարավոր ուղիների մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու նպատակով կատարենք մի կարևոր արձանագրում. Ադրբեջանի հաղթանակը 2020 թ. աշնանային պատերազմում գլխավորաբար նրա ռազմական գերակշռության արդյունք չէր, թեև նա ՀՀ-ի նկատմամբ ուներ ռազմատեխնիկական լուրջ առավելություն։ Առանց չափազանցության, հայկական բանակը չպարտվեց, նա կռվեց հերոսաբար և դրսևորեց փառահեղ ինքնապաշտպանություն։ ՀՀ պարտությունը պատերազմում հետևանք էր «վարչապետի» ու նրա թիմի ապաշնորհության, անգործության ու չարագործության, հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ ցուցաբերած հանցավոր անպատասխանատվության, դավաճանության, արտաքին սխալ քաղաքականության։

Ինչևէ, Ադրբեջանը, որը մշտապես անզիջում, մաքսիմալիստական դիրքորոշում էր որդեգրել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, 2020 թ. սկսած լայնամասշտաբ պատերազմով փորձեց Արցախի Հանրապետությունը գրավելով հասնել արցախյան հիմնախնդրի ադրբեջանանպաստ լուծմանը և «արձանագրեց» շոշափելի ձեռքբերումներ։ Նոյեմբերի 9-ի ակտում առհասարակ բացակայում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այժմ վտանգված է նույնիսկ Արցախի Հանրապետության և արցախահայության գոյությունը, ինչը պետք է սթափեցնող ներգործություն ունենա արցախյան հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ մեր դիրքորոշման վրա։

Մեր կարծիքով` 2020 թ. աշնանային պատերազմով Ադրբեջանն անդառնալի հարված հասցրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գաղափարին ու դրա հեռանկարներին, սառը ցնցուղի ազդեցություն գործեց բոլոր նրանց վրա, ովքեր կարծում էին, թե արցախյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում։

Այսպիսով, ամփոփելով վերը շարադրվածը, կարող ենք ասել, որ արցախյան հիմնախնդիրն ունի միայն ուժային լուծում, նույնիսկ փոխզիջումների կարելի է հասնել ռազմաքաղաքական ու տնտեսական բավարար ուժի առկայության պարագայում։ Իհարկե, սա չի նշանակում, թե մենք պետք է մերժենք բանակցային գործընթացները, իհարկե պետք է բանակցել։ Պարզապես միամտություն կլինի հույսեր կապել միայն արդարամտության, պատմականորեն հիմնավորված իրավունքների կամ միջազգայնորեն «երաշխավորված» բանակցությունների հետ։ Բոլոր դեպքերում ուժը միշտ պետք է օգնի բանակցություններին, անգամ երբ հայկական կողմն ապահովված է ամուր իրավական հիմքով։

Չթաքցնենք` մեր առջև մշտապես ծառացած է եղել և այսուհետ էլ ծառանալու է պատերազմի վտանգը։ Դա մեր կամքից ու ցանկություններից անկախ իրողություն է, որը հաշվի չառնելու իրավունք չունենք, որովհետև հաջորդ անգամ կարող ենք կրել մահացու հարված։ Այլ տարբերակ չունենք. Հայաստանի Հանրապետությունը միշտ պետք է լինի թշնամուց անհամեմատ հզոր, որպեսզի կարողանա հայ ժողովրդին, այդ թվում` և արցախահայությանը զերծ պահել նոր ողբերգություններից և հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնախնդիրը, այն է՝ Արցախը վերամիավորել մայր հայրենիքին։

ՀՀ-ն պարտավոր է ուժեղ լինել, որպեսզի խուսափի պատերազմից, իսկ պատերազմի դեպքում խորտակիչ հարված հասցնի թշնամուն: Դրա համար Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է մշտապես, երբևէ չընդհատվող և չթուլացող ռեժիմով հզորանալ՝ իրական ժամանակում ձևավորել արդիական սպառազինությամբ բանակ, ազգային անվտանգության անխոցելի համակարգ, դինամիկ զարգացող տնտեսություն, բարձր զարգացած գիտություն, ստեղծել գիտության ամենահամարձակ ու անհավանական նվաճումների վրա հիմնված ռազմարդյունաբերություն՝ մարդկային գործոնը ռազմադաշտում հնարավորինս նվազեցնելու ուղղվածությամբ, ազգային կրթական համակարգ, ազգային արժեհամակարգն առաջնային համարող հասարակություն։ Միաժամանակ հայ ժողովրդի հարատևումն ու զարգացումն ապահովելու, արտաքին ցնցումներից պաշտպանելու նպատակով պետք է կայուն արտաքին հարաբերություններ հաստատել մեր ռազմավարական դաշնակցի՝ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի հետ և թշնամու համար անհեռանկարային դարձնել պատերազմական ճանապարհով որևէ, այդ թվում` և արցախյան հիմնախնդրի լուծման հավանականությունը։

Արմեն Ասրյան

Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

—————————————————————

Հղումներ

[*] Տեքստում գործածել ենք երկրամասի` և՛ Արցախ, և՛ Ղարաբաղ անվանումները՝ ելնելով տվյալ ժամանակաշրջանում դրանց հրապարակային կիրառման հանգամանքից:
1) Տե՛ս Իշխանյան Ե., Լեռնային Ղարաբաղ. 1917-1920 թթ., Եր., 1999, էջ 202, Нагорнûй Карабах в 1918-
1923 гг., Сборник документов и материалов /Отв. ред. В. А. Микаелян, Ер., 1992, էջ 79-80, Գալոյան Գ.,
Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Եր., 1999, էջ 67:
2) Տե՛ս Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 339-341։
3) Տե՛ս նույն տեղում, էջ 395։
4) Տե՛ս Հարությունյան Հ., Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ., Եր., 1996, էջ 233-234։
5) Տե՛ս Нагорнûй Карабах в 1918-1923 гг., Сборник документов и материалов, էջ 649-650:
6) Տե՛ս «Бакинский рабочий», 9 июля 1923, № 151:
7) https://ru.wikisource.org/wiki/Закон_СССР_от_03.04.1990_№_1409-I.
8) Տե՛ս http://www.nkr.am/ru/referendum/42/):
9) Տե՛ս http://president.nkr.am/ru/nkr/nkr2:
10) Տե՛ս https://bit.ly/3qDiCr9:
Տե՛ս https://bit.ly/36URiwE:

«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ. 

Դդում մը եւս
17 Մայիսի 2021, 22:42 Դդում մը եւս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica