close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Թուրքերը Ջավախքում մարդու մսով չեն սնվելու». Փաշինյանի հայաթափման ծրագիրը. Ջավախք, Արցախ, Սյունի՞ք

Քաղաքական

10 Դեկտեմբերի 2020, 20:51
 «Թուրքերը Ջավախքում մարդու մսով չեն սնվելու». Փաշինյանի հայաթափման ծրագիրը. Ջավախք, Արցախ, Սյունի՞ք

Նիկոլ Փաշինյանի սույն հոդվածը տպագրվել է 1998 թ. «Օրագիր» թերթում: Բովանդակությամբ հայրենադավ այս հոդվածի օգնությամբ ոչ միայն կարելի է գաղափար կազմել Նիկոլ Փաշինյանի` ազգային ռազմավարական հարցերը վերլուծելու կարողությունների մասին, այլև հասկանալ, թե ինչու է նա իր իշխանության հենարան դարձրել մոլի թրքասեր, «խաղաղասեր», համակեցություն քարոզող ու հայության ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող բազմաթիվ շրջանակների:

Այս հրապարակումներն ապացուցում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ, մեղմ ասած, բարյացակամ դիրքորոշումը Փաշինյանին ուղեկցել է մշտապես: Նա ոչ միայն այսօր, այլ իր ողջ գիտակցական կյանքում պաշտպանել է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային ծրագրերն ու ուժերի ներածին չափով, մամուլով և այլ մեխանիզմների օգնությամբ պայքարել դրանց չեզոքացման կողմնակից ուժերի ու անհատների դեմ:    

Փաշինյանը գիտակցական ողջ կյանքում պայքարել է, որպեսզի ցամաքային ճանապարհով իրար միանան Թուրքիան և Ադրբեջանը: Նա այդ հրեշավոր գաղափարը «հիմնավորել է» ՌԴ-ի՝ տարածաշրջանից վտարման «կարևոր» հանգամանքով (ուղղակի զարմանում ենք այն մարդկանց վրա, ովքեր չեն հասկանում, թե ինչու է Փաշինյանը համարվում հակառուս): Ըստ այդմ՝ Փաշինյանը ակտիվորեն մասնակցել է Ջավախքով անցնող թուրք-ադրբեջանական տարանցիկ նախագծերի գովազդմանը: Ըստ Փաշինյանի մոլորեցնող հայտարարությունների՝ թուրքերը բարելավելու էին ջավախահայության տնտեսական վիճակը: Բնականաբար, Փաշինյանը դրանով ուղղակիորեն սպասարկել է   թուրքական շահերը՝ ոչնչացման տանելով Ջավախքի հայկական գործոնը:

Ցավոք, մի քանի տարի անց՝ 2000-ական թթ. կեսերին, մեկ այլ խամաճիկ Մ. Սահակաշվիլու կողմից իրականացվեց ՀՀ-ն հյուսիսից շրջափակող և երկիրը խեղդամահ անող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային տխրահռչակ նախագիծը: Դրանով իրականացավ նաև Փաշինյանի երազանքը: Բայց դա ամենը չէր: Փաշինյանին մեկ տասնամյակ անց հնարավորություն էր ընձեռվելու անձամբ վայելել թուրք-ադրբեջանական ցամաքային մեկ այլ միջանցքի ստեղծման փաստաթղթի տակ ստորագրելու հաճույքը. 2020 թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերվա դավաճանական գործարքով բացվեց նաև Մեծ թուրանի ծավալման հաջորդ ուղղությունը՝ Մեղրիի տրանսպորտային միջանցքը:

Հ.Գ. Այս հրապարակումը գուցե մտածելու տեղիք տա բոլոր այն ջավախահայերին, ովքեր, գտնվելով Փաշինյանի կառավարության այս կամ այն օղակում, հանուն մի կտոր օրապահիկի, կուրորեն շարունակում են հանդուրժել Փաշինյանի հայրենակործան ներկայությունը կամ ինչ-որ կերպ սատարում են նրան: Նրանք ոչ միայն կրելու են Փաշինյանի՝ հայրենիքի դեմ գործած հանցանքների պատասխանատվությունը, այլև  պաշտպանում են սրբապիղծ և դավաճան մեկին, ով պայքարել է, որպեսզի թուրքական ներկայությունն ամրապնդվի Ջավախքում:


***

 

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

ՎՐԱՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ


Հայաստանը Անդրկովկասի ժանդարմ

Համատեղ երկաթուղի կառուցելու մասին վաց-թուրքական համաձայնությունը հայ-վրացական հարաբերություններում նոր լարվածություն առաջացրեց: Սկսվեց խաղարկվել Ջավախքի խաղաքարտը, ու ստացվեց այնպես, որ ջավախահայությունը դեմ է ոչ միայն թուրք վրացական երկաթուղու կառուցմանը, այլեւ տարածաշրջանից ռուսական զորքերի դուրսբերմանը: Նման իրավիճակը առավել քան տարօրինակ է, որովհետեւ անհասկանալի է, թե ինչու ջավախքեցին պետք է դեմ լինի վրաց-թուրքական երկաթուղու կառուցմանը, առավելեւս, եթե այն անցնելու է Ջավախքով:

Ակնհայտ է, որ այս դեպքում էլ փորձ է արվում Ջավախքը ներքաշել քաղաքական խաղերի մեջ: Ու այս գործը գլուխ բերելու համար այնտեղ էլ նոր կոմիտե է ստեղծվել, որ փորձում է Ջավախքի հայությանն ապացուցել, որ երկաթուղու շինարարությունը նշանակում է Ջավախքի թուրքական օկուպացիա, իսկ ռուսական զորքերի դուրսբերումը` մի նոր ցեղասպանություն: Բայց եկեք փորձենք սթափ նայել իրերի դրությանը, եւ հասկանալ, թե ինչ նշանակություն ունի կառուցվելիք երկաթուղին Վրաստանի համար, Հայաստանի համար, Ջավախքի համար, եւ ով է շահագրգիռ, որ երկաթուղին չկառուցվի:

Չնայած Ջավախքի թուրքական «օկուպացիան» դեռ չի սկսվել, Ջավախքը ակտիվորեն հայաթափվում է: Ու սրա պատճառը ամենեւին վրացիների հակահայ քաղաքականությունը չէ: Ջավախքը հայաթափվում է նույն պատճառով, ինչ պատճառով հայաթափվում է Երևանը, Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը: Իսկ այդ պատճառը հետևյալն է` նորմալ մարդկային կյանքով ապրելու պայմաններ չկան:

Ջավախքը վերածվել է մի փակուղու, ու այդ երկրում մնացել են Ջավախցիները իրենք-իրենցով: Դրսից այստեղ մտնող մարդկանց մատների վրա կարելի է հաշվել: Սա նշանակում է` փակված են ֆինանսական, տեխնոլոգիական ներհոսքի բոլոր ճանապարհները, նշանակում է չկա առևտրի հնարավորություն, չկա արդյունաբերություն եւ ընդհանրապես տնտեսություն զարգացնելու հնարավորություն: Սա նշանակում է, որ այդ երկրին աշխատուժ պետք չէ:

Թուրքերը և վրացիները` գուցե անկախ իրենցից զարգանալու հնարավորություն են տալիս Ջավախքին: Եկեք պատկերացնենք, թե ինչ եթե թուրք-վրացական երկաթուղի անցնի Ջավախքով: Սա նշանակում է, որ Ջավախքը միանգամից տարանցիկ ուղի կդառնա: Ճիշտ է, իհարկե, որ Ջավախքում թուրք գործարարներ կհայտնվեն, գուցե նաև խաչագողեր, բայց հավաստիացնում եմ, թուրքերը մարդու մսով չեն սնվում: Այդ մասին կարող են վկայել թուրքահայերը:

Թուրքերի եւ ընդհանրապես դրսի մարդկանց ներկայությունը Ջավախքում հնարավորություն կտա զարգացնել հյուրանոցային բիզնեսը (թուրքերը գետնին չեն քնում արդեն), ռեստորանային նոր ցանց կարող է ստեղծվել: Էլ չեմ ասում, որ գործարար կապերի հնարավորություն կստեղծվի: Ի վերջո, պետք է հասկանալ, որ Ջավախք եկած թուրքը իր հետ փող է բերելու, ու այլ միջոցներ: Թուրքը գալու է գնալու, իսկ նյութական միջոցները մնալու են Ջավախքում: Իսկ հին հայկական ասացվածքը խորհուրդ է տալիս` որտեղ հաց, էնտեղ կաց:

Վրաստանը, երկաթուղին եւ Թուրքիան

Նախատեսվող երկաթուղին ճակատագրական նշանակություն ունի Վրաստանի համար: Ըստ էության, Վրաստանը արտաքին աշխարհին կապող ցամաքային ուղիները գտնվում են Ռուսաստանի հսկողության տակ, ինչը վերջինիս հնարավորություն է տալիս կոպտորեն միջամտել Վրաստանի ներքին գործերին, ինչպես նաև խոչընդոտել Վրաստանի տնտեսական զարգացմանը: Իսկ երկաթուղին ոչ միայն մեծացնում է Վրաստանի անկախության չափը, այլեւ նրան դուրս է բերում ուղիղ Միջին արևեւելք:

Իհարկե, Վրաստանը կգերադասեր, որ երկաթուղին անցներ ոչ թե Ջավախքով, այլ Վրաստանի ուղիղ հարավով: Բայց Թուրքիային Վրաստանը հարկավոր է իր անմարդաբնակ տարածքները զարգացնելու համար: Տարածքներ, որ այդպես էլ հնարավոր չի եղել կենդանացնել օբյեկտիվ պատճառներով: Արևմտյան Հայաստան կոչվող տարածքները հյուսիսից շրջափակված են եղել Խորհրդային միության կողմից, արեւելքում Իրանն է, որի հետ Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց սառն են, իսկ հարավում Իրաքն է, որ ավանդաբար Թուրքիային իր թշնամին է համարել: Իհարկե, Արևմտյան Հայաստանը տնտեսապես զարգացնելու իմաստով Թուրքիայի համար ամենահարմար գործընկերը Հայաստանն է: Բայց հայ թուրքական հարաբերությունները բարելավելու Թուրքիայի բոլոր ջանքերը ապարդյուն անցան, ու վերջին 8 տարիներին Հայաստանը այդպես էլ չկարողացավ ազատվել հակաթուրք բարդույթից:

Ռուսաստանը և երկաթուղին

Եթե վրաց – թուրքական երկաթուղին այնուամենայնիվ կառուցվի, նշանակում է Ռուսաստանը զգալիորեն թուլանում է Անդրկովկասում, ու կորցնում ազդեցության մի հզոր լծակ: Պարզ է, որ այս իրավիճակում ռուսները չէին կարող չօգտագործել Անդրկովկասի ժանդարմի, այսինքն Հայաստանի հազարամյա բարդույթները: Ու խոսելով Ջավախքի թուրքական օկուպացիայի մասին, մենք փաստորեն ասում ենք. «Մեզ համար ավելի մեծ արժեք չկա, քան Ռուսաստանի շահը»: Այսպիսով մենք, ինչպես դարասկզբին, կոչ ենք անում եւս մեկ անգամ կոտորել մեզ: Ու ի տարբերություն դարասկզբի` նման կոչով դիմում ենք նաեւ վրացիներին:

Մի քանի բաց հարցեր

Ես չեմ հասկանում, այդ ինչպես է պատահել, որ հայերը Ստամբուլում կարող են եկեղեցի ունենալ, օրաթերթեր, համայնք, դպրոց եւ այլն, իսկ վրացիները չեն կարող իրենց տարածքով երկաթուղի կառուցել:

«Օրագիր», N 12, հոկտեմբերի 8, 1998:

***

Հ.Գ. Զարմանալի չէ, իր ապազգային գործելաոճով հայտնի, Վրաստանի բոլոր իշխանությունների հետ մեկտեղված և Վրաստանի հայության իրական շահերի դեմ կատաղի կերպով պայքարած ոչ անհայտ խամաճիկ, «Վրաստան» թերթի տխրահռչակ խմբագիր Վան Բայբուրդը «Վրաստան» թերթում հաճույքով արտատպել է Փաշինյանի այս դավաճանական հոդվածը։

Հավելենք, որ ջավախահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Երվանդ Շիրինյանը, արտապելով Նիկոլ Փաշինյանի հոդվածն իր «Ջավախքի բնակավայրերը, Մաջադիա» (Երևան, 2003) գրքում, վերջիններիս տալիս է «հակաջավախքյան» որակումը:

Պատրաստեց՝ Վահե Սարգսյանը  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica