Թուրքիայի ՊՆ–ն հայտարարել է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում համատեղ կենտրոնի կառուցման մասին
Արցախ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չորեքշաբթի հայտարարել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու համար թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի կառուցման ուղղությամբ:
«Համատեղ կենտրոնի շինարարությունը շարունակվում է, պարտականությունները կսկսեն առաջիկայում: Թուրք և ռուս սպաները, այդ թվում` գեներալներ, պարտականություններ կկատարեն այնտեղ: Նրանք համագործակցելու են կայուն հրադադարի պահպանման համար»,- Աքարին է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին հաղորդել էր, որ Անկարան և Մոսկվան տեխնիկական բանակցություններից հետո համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համար համատեղ կենտրոն ստեղծելու մասին: ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ կենտրոնը «գտնվելու է Ադրբեջանի տարածքում», իսկ «Ռուսաստանի և Թուրքիայի անձնակազմի թիվը համատեղ կենտրոնի կազմակերպական կառուցվածքում հավասար կլինի»: