close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջիկա օրերին Ֆիզուլիում կփնտրեն դիակներ, Հադրութ, Ջաբրայիլ դեռ չեն մտել․ Արցախի ԱԻՆ սպա

Արցախ

2 Դեկտեմբերի 2020, 13:19
 Առաջիկա օրերին Ֆիզուլիում կփնտրեն դիակներ, Հադրութ, Ջաբրայիլ դեռ չեն մտել․ Արցախի ԱԻՆ սպա

Շուշին, Քարին տակը` հարակից տարածքներով, մաքրված է, այնտեղ արդեն զոհված զինծառայողների դիեր չեն փնտրում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Մյուս տարածքներում մի քիչ ձգձգում են․ կա՛մ բանակցողը լավ չի բանակցում՝ այս դեպքում Կարմիր խաչը, կամ ադրբեջանական կողմի հետ է կապված»,-ասաց նա։

Հադրութի շրջանի մեկ գյուղից այս պահին 11  դիակ են տվել արցախյան կողմին, հայերն էլ՝ մեր տարածքում եղածը։

«Ֆիզուլու հատված պետք է մտնեն արդեն վաղը, պայմանավորվածություն ձեռք բերվել է, առաջիկա օրերին պիտի գնան։ Դեռ Հադրութ քաղաք չեն մտել, Ջաբրայիլ չեն մտել, բայց պայմանավորվածություն ունենք, որ առաջիկայում Հադրութում շարունակենք որոնողական աշխատանքները»,-ասաց Հունան Թադևոսյանը։

Արցախի ԱԻՆ սպան հերքում է լրատվամիջոցներով տարածված վարկածը, որ միայն Շուշիից 2000 դիակ են տվել հայկական կողմին․ «Դա սուտ է, որովհետև միայն Շուշիի տարածքից հայ զինծառայողների մոտ 200 դիակ են փոխանցել»։

Նա նշում է, որ Շուշիում արդեն որոնողական աշխատանքներ չեն կատարում։

«Նոր դիակներ այդ տարածքում կարող են լինել, բայց ոչ թե միտումնավոր չտված, այլ լավ չնայելու հետևանք։ Եթե գտնում են, տալիս են, չեն պահում էլի դիակը, դրա իմաստը չկա։ Փոխանակման համար համամասնությունը կարևոր չէ՝ կարող է իրենք 11-ը տան, մենք՝ 2-ը, էլի փոխանակում իրականացնենք»,-ասաց նա։

Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունու շրջանի հարակից տարածքներում, այդ թվում՝ Զարդանաշեն, Թաղավարդ, Կարմիր շուկա, Շեխեր գյուղերի ներքին հատվածներում, ինչպես նաև Հադրութի շրջանի Տող համայնքում։  

Միաժամանակ, շարունակվում է Մարտակերտի շրջանի Թալիշ-Մատաղիս ուղղությունները։

Բանակցողներն են Կարմիր խաչի կոմիտեն, ռուսական խաղաղապահ զորակազմը և ադրբեջանական կողմը՝ ասաց Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքների ժամանակ դիմացից գնում են Արցախի փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, մի քանի մետր հեռավորությունից՝ Արցախի փրկարարները և Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները։ Ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի ներկայացուցիչները երևում են տարածքում՝ զուտ փոխադարձ ագրեսիան բացառելու համար։

«Բայց փոխադարձ ագրեսիա չկա, որովհետև և՛ իրենց, և՛ մեր կողմից նպատակը մեկն է՝ ինչքան շուտ և շատ գտնեն դիակները, այնքան ծնողները կհանգստանան»,-ասաց Հունան Թադևոսյանը։

Հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների համամասնությունը մոտավորապես այսպիսին է․ Շուշիում, օրինակ, հայկական կողմից մասնակցեցին փրկարարների 30 հոգանոց ջոկատ, ոստիկանների 70 հոգանոց ջոկատ, իսկ ադրբեջանական կողմից՝ զինվորականների 20 հոգանոց ջոկատ։

Արցախի ԱԻՆ սպան ասաց, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում հայ զինծառայողների դիերը ադրբեջանցիները հավաքում են, հետո փոխանցում հայկական կողմին, իսկ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոնողական աշխատանքներին ևս մասնակցում են ադրբեջանցիները, իսկ հայ փրկարարները ադրբեջանցիների դիերը հավաքում են նրանց ներկայությամբ։ Լինում են դեպքեր, երբ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում ռուսական կողմից էլ են լինում ներկայացուցիչներ որոնողական աշխատանք իրականացնելիս։

Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ որոնողական աշխատանք իրականացնելիս՝ ադրբեջանցի սպան ցանկություն էր հայտնել գնալ սակրավորների առջևից և ականը պայթել էր։

«Ադրբեջանցի սպան ասաց՝ ես գնամ առաջինը, դուք իմ հետևից եկեք, որովհետև իրենք տարածքը ուսումնասիրել էին և ասել, որ այնտեղ ականներ չկան, բայց կային, իրենք չգիտեին։ Ինքը զոհվեց, մեկ հայ սպա, մեկ ռուս սպա և 3 փրկարար վիրավորվեցին։ Մեր փրկարարների վիճակը հիմա լավ է»,-ասաց Հունան Թադևոսյանը։

Գտնված դիերի ընդհանուր թիվը Հունան Թադևոսյանին հայտնի չէ։  

Այս պահի դրությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերի տարբեր ջոկատներ համարյա բոլոր ուղղություններով՝ Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում՝ ներառյալ Ստեփանակերտը, շարունակում են չպայթած ականների, հարվածային, կասետային, հրթիռային ռումբերի որոնման աշխատանքները։

«Ճիշտ է՝ հիմնականում 911 կենտրոնից ստացած ահազանգերով ենք առաջնորդվում, բայց քանի որ ռուս փրկարար ծառայության սակրավորները միացել են մեզ, նաև ականազերծող հումանիտար կազմակերպության հետ միասին շարունակում ենք ամբողջ հանրապետությունը անվտանգ դարձնելու աշխատանքը։ Ավելի քան 1000 չպայթած ռումբ ենք հավաքել, պայթածերը անհաշիվ են, դա էլ ենք հանում, որովհետև մարդիկ չգիտեն՝ պայթա՞ծ է, թե՞ չէ ու վախենում են»,-ասաց Հունան Թադևոսյանը։

Ստեփանակերտում կյանքն արդեն վերսկսվում է, ենթակառուցվածքներն արդեն գրեթե ամբողջությամբ վերականգնված են՝ բացի ինտերնետ կապից, կա խնդիր բջջային հեռախոսակապի հետ։

«Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը ամբողջությամբ վերականգնված են Ստեփանակերտում և աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դպրոցները բացվել են, շարժը կա մայրաքաղաքում, կամաց-կամաց ուզում են հունի մեջ մտնել, բայց միևնույն է, ընդհանուր տրամադրությունը լավ չէ, ինչպես բոլորինս»,-նշեց նա։

Հունան Թադևոսյանն ասաց՝ կոտրված տրամադրությունը ավելի շատ կապված է անհետ կորածների կամ դեռևս չհայտնաբերված դիակների հետ։ 

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica