close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկինների վերադարձին դեմ եմ, իսկ ներկաներն էլ այս պարտությունից հետո չեն կարող լինել ապագա․ Մհեր Մեսրոպյան

Մշակույթ

1 Դեկտեմբերի 2020, 16:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկինների վերադարձին դեմ եմ, իսկ ներկաներն էլ այս պարտությունից հետո չեն կարող լինել ապագա․ Մհեր Մեսրոպյան

Այն, ինչ կատարվեց, պետական մասշտաբի դավաճանություն էր հայ ժողովրդի հանդեպ.  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը։

«Այսօրվա իշխանությունները, որոնք իրենց խոստումներով ձախողեցին ամեն ինչ, չկարողացան այնպես անել, որպեսզի չհայտնվենք այս իրավիճակում։ Հայ ազգի վիզը ծուռ թողեցին, մենք արժանի չէինք այսպիսի արդյունքի»,- նշեց նա։

Ըստ երգչի՝ եթե հայ ժողովուրդը պատկերացում ունենար, թե ինչ է տեղի ունենալու 2․5 տարի անց, դժվար թե ընտրեր այս իշխանությանը: «Կարծես թե հաղթում էինք, նորից հավատացինք հեղափոխական խոստումներին, ինչպես 2018 թվականին, որ մեզ ինչ լավ կյանք է սպասվում, և կրկին հիասթափվեցինք»,- ասաց Մհեր Մեսրոպյանը։

Դիտարկմանը՝ բայց ասում են, որ նախկիններն են մեղավոր, քանի որ նախկինների ժամանակ արդեն այդ տարածքները վաճառված էին, երգիչն արձագանքեց․  «Շատ է շահարկվում նախկինների թեման։ Ներկաները շուտով կդառնան նախկին, որովհետեւ այս պարտությունից հետո նրանք չեն կարող լինել ապագա։ Չեմ կարող կյանքս պատկերացնել երկրի այն ղեկավարության հետ, որը փաստացի հանձնեց հողերը։ Այսօր Արցախի 80 տոկոսը հանձնված է, մենք ունենք բազմաթիվ զոհեր, կորուստներ, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ, փախստականներ, պարզապես ունենք կոտրված ազգ։ Միշտ հեշտ է մեղքը բարդել ուրիշների վրա, բայց այս ամենի պատասխանատվությունը կրում է միայն օրվա իշխանությունը, որովհետև նրանց ձեռքով է ստորագրվել այդ պայմանագիրը։ Բայց այս ամենին արդարացում չկա։ Ես նախկինների վերադարձին դեմ եմ, որովհետեւ նախկինները կերտել են իրենց պատմությունը, բայց ներկաները չեն կարող լինել ապագա։ Չեմ ուզում, որ նախկին հասկացությունը գա ու դառնա ապագա, ապագան պետք է լինի նոր քաղաքական գործիչների, կուսակցությունների ձեռքերում։ Բայց, ի վերջո, ամեն ինչ ժողովուրդն է որոշելու»։

Մհերը ևս, պահանջելով Փաշինյանի ու նրա թիմի հրաժարականը, պնդում է, որ նրանք այլևս վստահություն չունեն։ Սակայն ցավ է ապրում, որ այսօր Ադրբեջանում, Փաշինյանի գլխավորությամբ, ծաղրում են նաև ամբողջ հայ ժողովրդին։

Անդրադառնալով մշակույթի գործիչների բողոքի ինքնաբուխ ակցիային՝ գերիների վերադարձնելու պահանջով, երգիչն այն որակեց «քաղաքականացված»: «Որքան էլ ասվեց, որ քաղաքականացված չէ, այնտեղ պետք է հավաքվեն միայն մտավորականները, արտիստները, բայց այնտեղ ես նկատեցի շատ քաղաքական գործիչների ու նաև մարդկանց, որոնք կապ չունեին մշակույթի հետ։ Ցավալին նա է, որ նորից օգտագործվում է ժողովրդի վիշտը, ցավը»,- կարծիք հայտնեց նա։

Երգչին, սակայն, հանգիստ չի տալիս միտքը, որ 2018 թվականին ակտիվություն ցուցաբերած՝ մշակույթի, շոու բիզնեսի ներկայացուցիչներն այսօր լռում են, մինչդեռ՝ «մենք երկիր ենք կորցրել, հողեր ենք կորցրել, ամենակարեւորը՝ մարդկանց ենք կորցրել»։

 Մհերի դիտարկմամբ՝ «հեղափոխական» իշխանությունները կործանեցին պետական համակարգը, մշակույթը, մշակութային գործչի տեսակը, որպեսզի նրանց խոսքը հասանելի չլինի հասարակությանը։ Ըստ նրա, հեղափոխությունից հետո որևէ միջոցառում չի կազմակերպվել, որտեղ օբյեկտիվորեն ներգրավված լինեին արտիստները․ «Ընդհակառակը՝ մշակույթի նախարարությունը ֆինանսավորել է տարբեր տեսակի այլասերված միջոցառումներ, նկարահանել է ֆիլմ սեռափոխված մարդու մասին: Ինձ համար այդ ամենն անհասկանալի է ու կատաստրոֆիկ։ Սա կործանման ծրագիր էր, որը սկսվեց գեղեցիկ խոստումներով։ Գիտեմ, որ քաղաքական գործիչները ոչ միշտ են ասում ճշմարտությունը, բայց՝ այսքան սո՞ւտ»։

Թեև երգիչը պնդում է, որ արտագաղթելու բոլոր հնարավորություններն ունի, բայց չի պատրաստվում երկրորդ անգամ գնալ այդ քայլին․ «20 տարի ապրելով Ռուսաստանում՝ վերադարձել և հաստավել եմ Հայաստանում, ընտանիք եմ ստեղծել, ծնողներիս, հարազատներիս եմ հորդորել, որ վերադառնան Հայաստան։ Բայց չեմ ուզում լքել իմ հայրենիքը, կարծում եմ՝ հայրենասիրությունը դրանում է, որ դժվար պահերին չլքես հայրենիքդ։ Հասկանում եմ՝ դժվար սոցիալական իրավիճակ է, բայց  ես պետք է լինեմ այստեղ, իմ ժողովրդի հետ այս ցավն ապրեմ։ Իրավունք չունենք այս դժվարին պահին լքելու մեր երկիրը։ Չեմ էլ կարող լքել ու հեռվից հետեւել, սիրտս կպայթի»։

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica