close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծանր վիճակում են Հայաստան-սփյուռք հարաբերությունները. Սինանյան

Քաղաքական

27 Նոյեմբերի 2020, 21:24
 Ծանր վիճակում են Հայաստան-սփյուռք հարաբերությունները. Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստան-սփյուռք հարաբերություններում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունից հետո ստեղծված անջրպետ է տեսնում: «Արմենպրես»-ը Սինանյանի հետ զրուցել է այդ անջրպետի վերացման, Հայաստան-սփյուռք երկխոսության, առաջիկայում սփյուռքի անելիքների և այլ թեմաների մասին:

– Պարոն Սինանյան, ինչպիսի՞ն էր ձեր գնահատմամբ պատերազմի շրջանում սփյուռքի հայկական կառույցների ու առանձին անհատների աշխատանքը: Արդյոք սփյուռքն այդ օրերին օգտագործո՞ւմ էր իր ողջ ներուժը:

– Սփյուռքի աշխատանքը պատերազմի օրերին աննախադեպ էր իր ծավալով, կազմակերպվածությամբ և բազմազանությամբ: Ոչ միայն տարբեր համայնքներ, որոնք հարաբերականորեն ավելի պասիվ են եղել, ներգրավված էին այդ աշխատանքներին, այլև անհատներ, որոնք անցյալում երբևէ հոգեբանական կապ չեն ունեցել հայրենիքի, Հայաստանի հետ, լծվել էին աշխատանքի: Սրա մասին մենք լսում էինք ամեն տեղից: Նույնիսկ համայնքներում, որտեղ կան տարբեր շերտավորումներ, այդ տարբերությունները, կարծես, ջնջվել էին և բոլորը դարձել էին պարզապես հայ ու պարզապես հայրենասեր մարդ և պայքարում էին հանուն արդարության:

– Համակարգվո՞ւմ էին ձեր կառույցի կողմից իրենց աշխատանքները, որոշակի ուղղորդումներ լինո՞ւմ էին:

– Այո, մենք պատերազմի ժամանակ օրնիբուն աշխատել ենք, որպեսզի կոորդինացնենք սփյուռքի հետ տարվող աշխատանքները: Կոնկրետ մեզ վրա պատասխանատվություններ էին դրված կառավարության կողմից, դա սփյուռքից եկող օգնության կոորդինացումն էր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական հոսքերն ուղղորդելու աշխատանքներն էին, ինչպես նաև կամավորական տարբեր դրսևորումների կոորդինացումը սփյուռքից դեպի Հայաստան: Իհարկե, պատերազմի ընթացքում, քանի որ պարզվեց, որ պետության կարիքները շատ ավելի մեծ էին, քան կարող էինք պատկերացնել, մենք լծվեցինք բոլոր աշխատանքներին: Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մենք այդ ամենը արել ենք փայլուն ձևով:

– Հումանիտար օգնություն բերող ինքնաթիռներ էին այս ընթացքում պարբերաբար ժամանում Հայաստան: Ավարտվել է արդյոք այդ գործընթացը, թե՞ դեռ ոչ, և ընդհանուր առմամբ որքա՞ն օգնություն է բերվել:

– Գործընթացը չի ավարտվել: Մենք դեռ ունենք և՛ ժամանող բեռնատարներ, և՛ ժամանող ինքնաթիռներ: Այս շաբաթ առնվազն երկու ինքնաթիռ է եկել հումանիտար օգնությամբ: Խոսքը սփյուռքի կողմից մեզ հատկացվող օգնության մասին է, որը հասնում է տասնյակ հազարավոր տոննաների: Իհարկե, այն նույն ծավալը չէ այժմ, ինչը կար պատերազմի ժամանակ: Այս պահին մի փոքր բարդ վիճակում ենք այն իմաստով, որ սփյուռքը շատ ու շատ հարցեր ունի, որն ուղղում է Հայաստանին և հարցերի մի մասն, իհարկե, շատ զգացմունքային ու սուբյեկտիվ են, բայց մի մասն էլ շատ օբյեկտիվ են ու ամեն դեպքում այդ հարցերին պետք է պատասխան տրվի: Մենք պետք է կարողանանք պատասխանները տալ: Դա շատ աշխատանք է պահանջում, որովհետև այս պահին, ինչպես ցանկացած նորմալ մարդու մոտ հոգեբանական մեծ ցնցումներ են տեղի ունեցել պատերազմի անցանկալի արդյունքի պատճառով, այնպես էլ սփյուռքահայերի մոտ լրջագույն ցնցում է տեղի ունեցել և այս պահին լրջագույն անջրպետ կա սփյուռքի ու Հայաստանի միջև:

– Շատ է քննարկվում այն թեման, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ պայմանավորվածությունից հետո Հայաստանի իշխանության նկատմամբ սփյուռքում անվստահության մթնոլորտ է ձևավորվել: Արդյոք սա ճի՞շտ ընկալում է, եթե այո, ապա ի՞նչ պետք է անել, որ այդ անվստահությունը վերանա:

– Ինչպես արդեն ասացի, ընկալումների և հարցերի մի մասն, իհարկե, սուբյեկտիվ են: Այսինքն, եթե մենք պարտված չլինեինք, հարցերի ջախջախիչ մեծամասնությունը, որոնք ակտուալ են և՛ պարտության, և՛ հաղթանակի դեպքում, պարզապես չէին տրվի: Այն, որ ասում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է իր ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի, եթե մենք հաղթած լինեինք, ոչ ոք հաշվետվություն չէր ուզելու: Պարզապես, քանի որ մենք պարտվել ենք, մարդիկ պատասխաններ են ուզում: Պատասխանի մեջ փնտրում են նաև մեր պարտության պատճառը, թե ինչո՞ւ մենք պարտվեցինք: Անջրպետը կա, վստահության սարսափելի ճգնաժամ է: Շատ մեծ աշխատանք է պահանջվում, որպեսզի մենք ոչ թե լոզունգների, ճառերի, այլ աշխատանքի միջոցով, բացատրությունների միջոցով, վստահության վերստեղծման միջոցով կարողանանք հետ բերել իրավիճակը մինչ սեպտեմբերի 27-ի մակարդակի:

– Այդ անջրպետի վերացման համար այցեր նախատեսո՞ւմ եք սփյուռքի հայկական գաղթօջախներ:

– Ամեն օր քննարկում ենք, թե ինչ ձևով, ինչ մեթոդով ու, որ համայնքի հետ, որ մոտեցմամբ պետք է փորձենք հաղթահարել այս անջրպետը: Այո, քննարկում էինք, որ, թերևս, ֆիզիկապես պետք է գնալ ու ներկայանալ մարդկանց, ներկայանալ իրենց դատին, առերեսվել մարդկանց հետ, տեղում խոսել ու բացատրել: Գիտեք, որոշ բացարձակ ճշմարտություններ կան, օրինակ՝ հենց հիմնադրամի հետ կապված, որոնց վերաբերյալ չենք կարող հանրայնորեն մարդկանց պատասխաններ տալ, բայց դրանք բոլորին հայտնի են ու պարզապես հիշեցնել է պետք դրանց մասին: Մարդկանց պետք է տեղում բացատրես, պատասխաններ տաս, որովհետև հարցերը շատ են: Շատ ծանր վիճակում են այս պահին Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Սրա մի մասն էլ, իհարկե, կախված է նրանից, որ որքան հեռու ես իրականությունից, այնքան ավելի անօգնական ես քեզ զգում, և, հետևաբար, ավելի դժվար ես կարողանում հաշտվել հարցերի շատ տարրական պատասխանների հետ:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ներկայացրել էր 15 կետից բաղկացած ծրագիր, որի վերջին կետը հենց ձեր ղեկավարած գերատեսչությանն էր վերաբերում: Խոսվում էր սփյուռքի հայկական կառույցների ու անհատների հետ կոնսուլտացիաների մասին: Վարչապետը 6-ամսյա ժամկետ էր նշել այդ ամենն իրականացնելու համար, իրատեսական համարո՞ւմ եք այս ժամկետը:

– Իհարկե, մենք այդ կոնսուլտատիվ աշխատանքն սկսել ենք 1,5 տարի առաջ: Այս երկրում չկա որևէ մարմին կամ որևէ անհատ, որն այնքան հավատում է սփյուռքի ավելի մեծ ներգրավվածությանը հայաստանյան կյանքում, քան ես: Դրան կա պասիվ դիմադրություն. կան անհեթեթ սահմանափակումներ, որոնք դրվում են սփյուռքահայերի վրա՝ պետական պաշտոն զբաղեցնելու ճանապարհին: Օրինակ, եթե գտնես տնտեսության ոլորտի աշխարհի լավագույն հայ մասնագետին և ցանկանաս այդ մարդուն նշանակել, օրինակ՝ Էկոնոմիկայի նախարար, չես կարողանա, օրենքը չի թույլատրում: Եթե գտնես աշխարհի ամենախելացի հայերին ու ցանկանաս, որ նրանք ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, չես կարողանա: Դեռ որևէ փոփոխություն չի եղել, որ կվերացներ այս խոչընդոտները: Մենք այս տարի իրագործեցինք աննախադեպ «իԳործ» ծրագիրը, որի արդյունքում մենք պետք է լավ կրթությամբ, լավ փորձով 100 փորձագետի բերեինք և մտցնեինք պետական ապարատ, իհարկե, Covid-19-ն ու պատերազմը մեզ մեծ հարված հասցրեցին, այնուամենայնիվ, մենք այսօր 50-ին մոտ մասնագետներ ունենք, որոնք աշխատում են տարբեր գերատեսչություններում:

Ես հույս ունեմ, որ սփյուռքի մարդկային ռեսուրսի ներգրավվածության աշխատանքը կսկսվի օր առաջ: Հույս ունեմ, որ, եթե, նույնիսկ, օրենքն այս պահին չի թույլատրում, որ նախարարներ նշանակվեն դրսի լավ մասնագետները, գոնե առնվազն ամեն նախարարությունում պետք է նշանակել մեկ փոխնախարարի: Պետք է իրենց ֆինանսավորել այնպես, ինչպես պետք է, որպեսզի իրենք գան: Մենք այսօր պետք է լուծենք Հայաստանի, հայրենիքի, պետության խնդիրները: Մեզ պետք է այսօր ստեղծել այս տարածաշրջանի ամենակազմակերպված ու հզորագույն պետությունը:

– Նման քննարկում եղե՞լ է կառավարությունում կամ առաջարկ ներկայացվե՞լ է:

– Չի եղել, բայց ես այդ առաջարկը կանեմ:

– Պատրաստվում եք այդ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն մշակել:

– Եթե պետք է մենք մշակենք նման օրենսդրական նախաձեռնություն, դա էլ կանենք: Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է դա անի, շուտ պետք է արած լիներ, բայց, եթե պետք է մենք անենք, ապա կանենք:

– Հետպատերազմյան շրջանում սփյուռքի անելիքները որո՞նք են: Ի՞նչ ակնկալիքներ ունեք սփյուռքից:

– Ակնկալիքները շատ մեծ են, որովհետև այսօրվա Հայաստանի խնդիրները շատ ավելի մեծ են, քան երբևէ: Մենք այսօր շատ ավելի ունենք սփյուռքի կարիքը, քան ունեինք մինչ սեպտեմբերի 27-ը: Մենք այսօր ունենք փախստականներ, ունենք ավերված Արցախ, վնասված ենթակառուցվածքներ, շարունակում ենք ունենալ կառավարման համակարգի լրջագույն խնդիրներ: Եթե չներգրավենք սփյուռքի մասնագիտական ռեսուրսը, մեզ մոտ ոչինչ չի ստացվի, որովհետև մենք չունենք այդ ռեսուրսը: Ցույցերը, ճնշումները պետք է շարունակական լինեն, պետք է ճնշում գործադրել ԱՄՆ-ում, որպեսզի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: Մենք երեկ ականատես եղանք Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման հետ կապված գործընթացին, այն պետք է շարունակվի Ֆրանսիայում, պետք է շարունակվի Միացյալ Նահանգներում, գոնե արևմուտքում: Սփյուռքը շատ անելիքներ ունի, որովհետև այս ամենը սփյուռքն է անում, Հայաստանը չի անում, սփյուռքը տեղում, ավտոնոմ ձևով անում է: Այսօր, նույնիսկ, անջրպետի պայմաններում ես չեմ կասկածում, որ սփյուռքը պատրաստ չէ շարունակել այդ աշխատանքները: Հետևաբար, սփյուռքի հետ պետք է շատ համբերատար ձևով աշխատենք, նորից փորձենք լեզու գտնել իրար հետ, որովհետև նժարին դրված է մեր լինելիության խնդիրը՝ Հայաստանի ապագան: Չենք կարող իրարից բաժանված մնալ, այդ հաճույքը մեզ չենք կարող թույլ տալ: Մեր գոյությունը կախված է մեկս մյուսից. չլինի սփյուռքն ու նրա ներգրավվածությունը հայաստանյան խնդիրներին, ես չեմ պատկերացնում, թե երկարաժամկետ իմաստով մենք ինչպե՞ս կկարողանանք դրանց տակից դուրս գալ, իսկ, եթե չլինի Հայաստանը, սփյուռք չի լինելու:

– Տարվա ընթացքում, մանավանդ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո, նշվում էր, որ մեծ հոսք կա սփյուռքից Հայաստան վերադարձողների ու հայրենիքում բնակություն հաստատել ցանկացողների: Կա՞ն տվյալներ, թե որքա՞ն հայ է տարվա ընթացքում վերադարձել հայրենիք:

– Մինչ պատերազմի սկիզբն այդ հոսքը չէր կանգնում, մարդիկ գալիս էին, պատերազմի նախորդ օրն ինքնաթիռ է եկել մարդկանցով: Բնական է, որ պատերազմի հետ հոսքը կանգնեց, որովհետև այս պահին, անգամ հայաստանցու համար սեփական անվտանգության խնդիր կա: Կան մարդիկ, որոնք Բեյրութից տեղափոխվել են Հայաստան, բայց հիմա, պատերազմից սարսափած, ուզում են գնալ: Մարդիկ ուզում են հասկանալ՝ Հայաստանում իրենց անձը պաշտպանված է, թե ոչ: Մինչև այդ հարցին պետությունը դրական պատասխան չտա իր երկրում բնակվող անձանց, իր քաղաքացիներին, բնական է, որ դրսից գալու մեր ծրագրերը խիստ վտանգված են:

– Դա վերաբերում է նաև Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումներին: Օրինակ՝ «Քայլ դեպի տուն» և մյուս ծրագրերը նախատեսո՞ւմ եք հաջորդ տարվա ընթացքում իրականացնել:

– Իհարկե, նախատեսում ենք, բայց հաջորդ տարի մենք կտեսնենք՝ արդյոք ծնողները նույն պատրաստակամությամբ Հայաստան են ուղարկում իրենց երեխաներին երկու կամ երեք շաբաթով: Հաջորդ տարի շատ բաներ են հայտնի դառնալու, եթե մենք կարողանանք, գոնե ամառը վերադարձնել մեր հայրենակիցների այցելությունները Հայաստան, կարծում եմ, որ ավելի արագ երկու կողմերի այս բուժման գործընթացը տեղի կունենա: Բայց նորից ուզում եմ շեշտել, որ մեզ անհրաժեշտ է, որ պետությունն առաջին հերթին այստեղի բնակիչներին, քաղաքացիներին վերադարձնի պաշտպանվածության զգացումը: Դրան զուգահեռ կարող ենք վերսկսել խոսել հայրենադարձության ծրագրերի մասին:

– Պատերազմից հետո բազմաթիվ գերատեսչություններում նախարարների ու փոխնախարարների մակարդակով փոփոխություններ են տեղի ունենում: Ձեր ղեկավարած գերատեսչությունում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:

– Մեր կառույցում աննախադեպ փոփոխություններ են տեղի ունեցել այն վայրկյանից, ինչ ես նշանակվել եմ Գլխավոր հանձնակատար: Այսինքն՝ նախարարության նախկին աշխատակազմի մոտ 30%-ն է աշխատում մեզ մոտ: Դրանից ավելի խորը փոփոխություններ, եթե անենք, մենք աշխատող չենք ունենա: Մենք այսօր ունենք շատ լավ ու որակյալ թիմ, որը բաղկացած է և՛ հայաստանյան լավագույն կադրերից, և՛ սփյուռքից բերված լավ կադրերից: Մենք պետք է ընդլայնենք մեր աշխատակազմը, որովհետև մեր աշխատանքի ծավալն իրականում շատ մեծ է և մենք դեռ շատ բան պետք է անենք: Հետևաբար, ոչ: Այն փոփոխությունները, որոնք դուք եք նշում, մենք 1,5 տարի առաջ ենք արել:

– Շնորհակալություն հարցազրույցի համար:

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica