close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞րն է մեր ընտրությունը

Քաղաքական

27 Նոյեմբերի 2020, 19:43
 Ո՞րն է մեր ընտրությունը

Եվ կուսակալը պատասխանեց և ասեց նրանց. Այս երկուսից որն եք ուզում, որ արձակեմ ձեզ համար: Եվ նրանք ասեցին, Բարաբբային: Պիղատոսն ասեց նրանց. Ապա ինչ անեմ Յիսուսին որ Քրիստոս է կոչվում: Ամենքն ասեցին. Թող խաչվի:

Ավետարան ըստ Մատթեոսի գլ.ԻԷ

Պարտվեցինք: Վերջնագիրը ստորագրեցինք: Նոյեմբերի 9-ը սեպ խրեց մեր նորագույն պատմության մեջ, բաժանեց այն մինչև նոյեմբերի 9-ը և դրանից հետո: Այդ օրը բաժանեց նաև մեր կյանքը. այն այլևս երբեք նախկինը չի լինելու: Առանց այդ էլ սևերի ու սպիտակների, հների և նորերի բաժանված մեր հասարակության մեջ, կազմավորվեց երկու նոր հակադիր զանգված՝  մի կողմից  գերագույն հրամանատարին դավաճանության մեջ մեղադրողների ու նրա հրաժարականը պահանջողների, իսկ մյուս կողմից,  նրան արդարացնողների և նրա իշխանությունը երկարաձգել պահանջողների: Հասարակության  բաժանումը նման  ծայրահեղ հակադիր բեևեռների ի դեմս միացյալ ընդիմության և Ն Փաշինյանի,  կարող է հանգեցնել  պառակտման  դրանից բխող ավերիչ հետևանքներով: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է միավորել հասարակությունը, համախմբել բոլոր կարող ուժերը վերականգնել երկիրը, պետության ինքնիշխանությունը,  կարգավորել մարդկանց կյանքը: Ո՞ր կողմն է ընդունակ դա անել, ու՞մ են վստահելու այդ գործը մեր քաղաքացիները. Ն. Փաշինյանի՞ն, թե՞ ընդիմությանը:

 Ն. Փաշինյանն իր  իշխանության ողջ ընթացքում  մտածված, այլ ոչ թե միայն վարչապետին անհրաժեշտ հատկություններ, կարողություններ չունենալու, իր  անհավասարակշիռ հոգեխառնվածքի  պատճառով,  պետական ապարատը վերածեց չգործառնող անպետք մի սարքի, դարձրեց այն  խաղալիք իր ձեռքում: Թե օրենսդիր, թե գործադիր համակարգը լցնելով փողոցից բերած կադրերով, հնազանդ ու քծնող կամակատարներով պետությունը դարձրեց իր շահերին ու ցանկություններին սպասարկող մեքենա: Նրա ղեկավարած կաբինետը  անկարող եղավ կառավարել երկրի տնտեսությունը, կարգավորել հասարակության կենսագործունեությունը, հետապնդել երկրի շահերը միջազգային հարաբերություններում,  ապահովել ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանել այն արտաքին թշնամուց:  Նա ցնցեց դատական համակարգը, իր զազրախոսությամբ ստորացրեց դատավորներին, թափթփուկներից կազմած ջոկատների գլուխն անցած հարձակվեց դատարանների վրա, վախեցնելով և կաթվածահար անելով դրանց աշխատանքը: Օգտվելով վարչապետի իր անսահման լիազորություններըից նա փաստորեն պատրաստեց պետությունը պարտության: Մեր ժողովուրդը ոչ միայն կորցրեց իր հայրենիքի մի մասը, իր հազարավոր զավակներին, այլև նվաստացվեց: Նվաստացվեց,  որովհետև նոյեմբերի 9-ին հասկացավ, որ    իրեն պարզապես խաբել են: Խաբել են մի աման ոսպապուրով ու ելակով, չթռչող ինքնաթիռներով և չկրակող զենքերով, Տիգրան մեծով և Պապ թագավորով: Խաբել են՝այսինքն դավաճանել են: Ապա  Էլ ինչ գնահատական տան կատարվածին մարդիկ, որոնք խորը ցավ են ապրում կորցրած կյանքերի ու հայրենիքի համար: Այլևս ակնհայտ է, որ դավաճանությունը կատարվեց մտածված, ըստ կետ առ կետ  մշակված ծրագրի: Ըստ այդ ծրագրի, հանցավոր դիտավորությամբ փորձառու շատ հրամանատարներ վարկաբեկվեցին, նրանց փոխարեն բանակի ղեկավարության մեջ հայտնվեցին մարդիկ, որոնք ոչ միայն զուրկ էին համապատասխան կարողություններից, այլև պատրաստակամ էին գերագույն հրամանատարի հետ իրագործել այդ  ծրագիրը:  Արտաքին քաղաքականության ոլորտում,  մեր գլխավոր դիվանագետը  Արցախի խնդիրը ներկայացնում էր որպես միջէթնիկական կոնֆլիկտ,  քայլ առ քայլ հանձնում էր Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում, ազգային շահերը դնելով նեոլիբերալիզմի զոհասեղանին: Իսկ թե ի՞նչ վիճակի հասցվեց տնտեսությունը, մենք շատ շուտով կզգանք մեր մաշկի վրա:

Փաշինյանը, օգտագործելով հրապարակային շաղակրատի ու  զազրախոսի, դեմագոգ պատգամավորի  հարուստ փորձը,  վարպետորեն քողարկում էր   Իր  քայքայիչ գործունեությունը:  Պաշտոնը ստանձնելու առաջին օրից ձևացնում էր թե ղեկավարում ու կառավարում է,  բարեփոխում է մեր կյանքը, պայքարում է կոռումպացված նախկինների դեմ, որոնց թալանած փողերը վերադարձնելու է ժողովրդին: Իրականում  նա մեծ սիրով ու ջանադրությամբ ձեռնամուխ էր լինում  այն  ՛՛գործին՛՛, ինչին որ ունակ էր, որից հաճույք էր ստանում: Նա իր թիմի հետ     թավշյա հեղափոխությամբ երջանկացած ՛՛հպարտ՛՛ քաղաքացիների համար փողոցային խրախճանքներ էր կազմակերպում, սենսացիոն ձեռբակալություններ և աղմկոտ դատավարություններ էր բեմադրում: Լայվերի և հեռախոսազանգերի միջոցով  շփվելով հպարտ քաղաքացիների հետ ներշնչում էր ամբոխին թե նրանց դարձնում է պետության կառավարմանը ՛՛մասնակից՛՛, իրեն ժողովրդական մարդ ներկայացնելով  սովորեցնում էր ինչ և ինչպես ուտել, Նոր տարվա սեղանին ին՞չ դնել և այլն, ևայլն: Երբ Ալիևը զինում էր բանակը, զորավարժություններ էր անցկացնում, դիվանագիտական հաղթանակներ էր տանում, Փաշինյանը իր արտասահմանյան այցելությունների ժամանակ գովազդում էր թավշյա հեղափոխությունը, ապշեցնում էր օտար քաղաքական գործիչներին իր արտառոց դիրքորոշումներով արցախյան հարցում  և իր գավառական լիբերալի վարքագծով:

    Իր ապազգային էությունը քողարկելու  համար չէր խորշում  նաև   հայրենասիրական ճոռոմաբանություններից, շահարկում էր մեր ազգային նվիրյալների անուններն ու մեր ժողովրդի փառահեղ հաղթանակները: Նույնիսկ պատերազմի օրերին, իր լայվերով  ապատեղեկացնում  և մոլորության ու  խուճապի մեջ էր գցում  մարդկանց, ապակազմակերպում էր բանակը, ապակողմնորոշում էր պետական կառույցները: Հիշենք, նրա  բունկերներից տրված լայվերը որտեղ նա, դեռ պատերազմի  երկրորդ շաբաթը չանցած,  հալածված  իսլամիստական ջոկատի  հրամանատարի կերպարով,  իրավիճակը բնութագրում էր որպես օրհասական, կոչ էր անում  դեռ նոր զորացրված տղաներին իրենց զինվորական հաքուկապով գնալ ճակատ վերջին կռիվը տալու, կամ խոսում էր շատ ցավոտ զիջումների ու կապիտուլյացիայի մասին: Այն դեպքում , երբ այլոց պահանջում էր պատժել զուտ միայն նրանց կողմից այս կամ այն հարցով  անհանգստություն  հայտնեյու համար:

   Սա է Ն. Փաշինյանի, որպես վարչապետի ու գերագույն հրամանատարի բնութագիրը: Այսօր նա վարչապետն է իր իսկ ձեռքով կիսաքանդ արած մի պետության, որը  չի գործառնում:  Գործում են միայն ոստիկանությունը և ԱԱԾ-ն, որոնք եռանդուն կերպով ճնշում և պատժում են բողոքի ելած մարդկանց ու պաշտպանում  են թաքուն վերջնագիր ստորագրած ու թաքնված վարչապետին: Իսկ  վարչապետը խուսափում է պատասխանատվությունից, մեղադրում է բոլորին,  փորձում է  արդարանալ և ամեն գնով երկարաձգել  իր իշխանությունը.  գոնե վեց ամսով: /Տպավորություն է ստեղծվում, որ այս մարդը պետությունը քանդելու իր ծրագիրը լրիվ չի ավարտել:/  Անսպասելի, ԶԼՄ-ներից իմանալով վերջնագրի մասին, քաղաքացիների մեծ մասը վստահ էր, որ  Նիկոլը արդեն փախել է երկրից: Շատերը գրքերից, կինոֆիլմերից, ֆեյսբուքյան էջերից  տեղյակ են, որ  կապիտուլյացիյա ստորագրած գերագույն հրամանատարը, եթե ինքնասպան չի լինում, ապա առնվազն  հրաժարական է տալիս և կանգնում է դատարանի առաջ: Կարելի է ենթադրություններ անել, թե ինչու՞ նա չի դիմել այդ քայլերից  և ոչ մեկին. կամ  անմեղսունակ է,   կամ ուժեր կան, որ պարտադրում են, ստիպում են , որ նա առնվազն   6 ամիս ևս մնա:

 Ընդիմությունը, գիտակցելով Փաշինյանի հետագա պաշտոնավարման հետ կապված վտանգները պահանջում է նրա  օր առաջ հրաժարականը:  Սակայն ռազմական իրադրությամբ կաշկանդված ընդիմադիր կուսակցությունները  իրենց հետապնդվող ու ձերբակալված ղեկավարներով ի վիճակի չեն պարտադրել նրան հրաժարական տալ:

 Ն. Փաշինյանը և նրա հետ Արցախի նախագահը իրենց արդարացնելու համար պարտության մեղքը բարդում են բանակի գեներալների, զինվորների, դաշնակիցների վրա: Բայց չէ՞ որ դավաճանության մեղքը բանակի պարտության մեջ չէ: Պարտությունը դրա հետևանքն է միայն: Դավաճանությունը՝  քայլ առ քայլ    պարտությունը նախապատրաստելու մեջ էր:

 Նրանք  անամոթաբար մեղադրում են բոլորիս, ոտնահարելով բոլոր նրանց ինքնասիրությունը,  ովքեր պատերազմի  առաջին օրից  համախմբվեցին  պետության շուրջ, կամավորական ջոկատներ կազմեցին և մեկնեցին ճակատ մեր սահմանները պաշտպանելու, ովքեր ինչպես և ինչով կարող էին օգնեցին  բանակին: Ինչպես են բացատրելու նաև այն փաստը, որ իր խոսնակների միջոցով  վարչապետը ապատեղեկացնում էր սեփական ժողովրդին, թաքցնում էր իրականությունը ռազմաաճակատում, պետության բարձրագույն ղեկավարությունից ոչ մեկին, էլ չենք ասում ընդիմությանը,  տեղյակ չէր պահում թե ինչի շուրջ է բանակցում  բարեկամ պետությունների և մասնավորապես ՌԴ ղեկավարության հետ: Այսօր է պարզվում, որ նա թյուրիմացության մեջ էր գցում նաև վերջիններիս: Նրանք զրպարտանքներ են տարածում ընդիմության հասցեին, ցանկանալով մոռացության մատնել այն իրողությունը, որ բոլոր ընդիմադիր կուսակցությունները, քաղաքական գործիչները  առաջին իսկ օրից մի կողմ դրեցին  իրենց տարաձայնությունները իշխանությունների հետ,  նեցուկ կանգնեցին պետությանը և իրենց ջանքերն ուղղեցին երկրի պաշտպանությանը: Ընդիմության կոնկրետ առաջարկները հնարավորինս օգնելու  ռազմական,քաղաքական ու դիվանագիտական խնդիրները լուծելու համար մերժվում կամ անտեսվում էին: Վարչապետը ամեն ինչ վերցրել էր իր ձեռքը, չեզոքացրել էր բոլորին և առաջի հերթին, իհարկե ընդիմությանը: Եվ մի՞թե զարմանալի է , որ ընդիմությունը պատասխանատվության է կանչում գաղտագողի վերջնագիր ստորագրած վարչապետին և պահանջում է նրա հրաժարականը: Ընդիմության այս պահանջը վարձու քարոզիչները  ներկայացնում են  որպես իշխանության գալու փորձ,  որպես աթոռակռիվ , դիմում են շանտաժի վախեցնելով  թե՛ մեր ժողովրդին, թե՛ միջազգային հանրությանը, որ իշխանության  գալով ընդիմությունը վերսկսելու է պատերազմը: Այո՛, ընդիմությունը ուզում է օր առաջ ազատվել Նիկոլից և կազմել նոր իշխանություն երկիրը փրկելու և նոր կորուստներից խուսափելու համար: Ի՞նչ է,  ընդիմությունը այդ իրավունքը չունի՞:  Պատմության մեջ չի եղել ու չկա որևէ քաղաքական  ընդիմություն, որ չպահանջի պարտված ու ձախողված իշխանության հրաժարականը: Դա ընդիմության պարտքն է հասարակության առաջ: Ընդիմությանը կարելի է և պետք է քննադատել,  եթե այն իր այդ պարտավորությունը չի կատարում , այլ ոչ թե հակառակը: Դա ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից է:  Տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ պետությանն ու ժողովրդին մեծագույն վնասներ հասցրած իշխանություններին պատասխանատվության կանչելու համար, ընդիմությանը մեղադրեն:

    Ն. Փաշինյանի կառավարումը երկարաձգելու համար մյուս,  ամենածիծաղելի փաստարկը, որ տարածում  են ժողովրդի մեջ,  հետևյալն  է. ՛՛ եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ՛՛: Նախ ասենք, որ Նիկոլի մակարդակին համապատասխան փոխարինող կարելի է գտնել թեկուզ նրա   նվիրյալ զինակիցների  շրջանում: Այնտեղ   քիչ չեն Քաջ Նազարի, Փանջունու, Ավիս Նուրիջանյանի համատեղված հատկություններով կերպարներ, որոնք կարող են փոխարինել Նիկոլին: Դրանցից շատերը  պետական համակարգը կազմալուծելու և տնտեսությունը ավերելու զգալի փորձ են ձեռք բերել,  նույն հաջողությամբ կարող են զվարճացնել ամբոխին  շոուներով ու միտինգներով, շանտաժով վարկաբեկել ու հալածել իրենց հակառակորդներին: Քիչ չեն և պատրաստ են նրան փոխարինել  հհշական ինկուբատորներում  աճած ու դաստիարակված ժառանգական լիբերալները նաև իմքայլականների մեջ: Եվ վերջապես ընդօրինակելով ուկրաինական փորձը, կարող են իշխելու կանչել մեծ լիբերալ  Սահակաշվիլուն: Բայց իհարկե նիկոլն ուրիշ է:

  Իսկ այս  վարձկան ագիտատորների հարցին պատասխանենք հարցով. իսկ ի՞նչ է,  ձեր կարծիքով  Հայստանում կրթված, բարեկիրթ, ազնիվ ու պետություն ղեկավարելու հատկություններով օժտված մարդիկ  չե՞ն մնացել: Եթե ոչ,  էլ պետությունն ինչների՞ս է պետք:

   Այս քարոզիչները բոլոր միջոցներով  ցանկանում են շեղել  կատարվածից, արդարացնել իրենց կուռքին: Նրանք գուցե չեն էլ գիտակցում, որ անկախ այն բանից Նիկոլը հրաժարական կտա թե ոչ,  մեղա կգա իր ժողովրդի առաջ և հազարավոր զոհված երիտասարդների համար խղճի տանջանքներին չդիմանալով  ինքնասպան կլինի, թե ոչ , միևնույն է , նա այլևս մեր պատմության մեջ հավիտյանս  կմնա, որպես ԴԱՎԱՃԱՆ: Դա ընդիմությունը չի որոշում: Դա  ամրագրված է  միջազգային փաստաթղթերում : Արդեն ամրագրված է մեր պատմության սև էջերում:

 

  Սակայն, չնայած կատարված աղետին, և համազգային նսեմացմանը  ժողովուրդը չի ելնում բողոքի, չի կանգնում ընդիմության թիկունքին: Իսկ առանց հզոր, զանգվածային բողոքի շարժման Նիկոլից և նիկոլականներից ազատվել դժվար է: 

  ՄԻ քանի հազար քաղաքացիներ են ելնում բողոքի, մի քանի հազարն են, որ չեն կարող տանել ազգային ամոթը, կորուստների կսկիծը:Ստորացվել է նրանց՝ որպես հայ մարդկանց ազգային արժանապատվությունը և նրանք պահանջում են սրբել այս խայտառակությունը մեր պատմության երեսից: Չգիտենք թե, որքան է նման մարդկանց քանակը: / Հասարակական կարծիքի  հետազոտություններ մեզանում չեն անցկացվում  և դժվար է մեր հասարակության տարբեր շերտերի ճշգրիտ քանակական ու որակական սահմանումները տալ,/: Եթե դրանք կազմում են մեր քաղաքացիների  գոնե 5-7 տոկոսը, ապա կարող ենք վսահ լինել, որ մենք ապագա ունեցող ժողովուրդ ենք:

 Մեր ազգային արժեքները կրող և պահպանող, ազգային արժանապատվությամբ օժտված  այս մարդիկ են մեր երկրի աղը: Այս մարդիկ են,   որ ուղղելու  և ամուր են պահելու մեր ժողովրդի ողնաշարը, մեր կյանքի  տարբեր բնագավառներում իրենց աշխատանքով կերտելու և շարունաակելու են մեր պատմությունը:  Երբ ասում ենք հայ ժողովուրդ,  պատկերացնում ենք մեր պատմությունը ամբողջության մեջ, մեր ծագումը, մեր մշակույթը, լեզուն, կրոնը, հաղթանակները, կորուստները և այլն, որոնք և տալիս են հայ ժողովրդի ամբողջական, ավարտուն  կերպարը, դարձնում են այն ընկալելի և շոշափելի:Այս մարդկանց շնորհիվ է ձևավորվելու  մեր ազգային կերպարը:

Այս մարդիկ են մեր ժաղովրդի, մեր պետության գոյատևման գրավականը, այլ ոչ թե Նիկոլի հետևորդներից բաղկացած ամբոխը: Ամբոխ, որը հավաքագրվեց գունավոր հեղափոխություններ կազմակերպող  մասնագետների կողմից, ներառելով քաղաքային լյումպենը,  աղանդավորներին, ԼԳԲԴ համայնքը, իրենց բիզնեսմեն անվանող սպեկուլյանտներին, չճանաչված հանճարի կերպար ընդունած անտաղանդ արվեստագետներին, սոցցանցերում կեղծիքներ թխողներին, ֆեյսբուքյան կրթություն ստացած քաղաքագետներին ու ժուռնալիստներին: Խոստումներ տալով ու վախեցնելով  սրանք իրենց կողմը ներգրավեցին չինովնիկների, որոնց համար միևնույն է թե ում կծառայեն, միայն թե իրենց պաշտոնին մնան, շարքային քաղքենիների, որոնց արժանապատվությունը չափվում է միայն իրենց մերսեդեսով , վզի հաստությունով և կերած խմածի չափով:  Սա այն ամբոխն է, որ անտարբեր է մեր ազգային արժեքների, մեր ժողովրդի ճակատագրի նկատմամբ, որի համար կարևորը իր ամենանսեմ բնազդների բավարարումն է:       

Վերջապես սա այն ամբոխն է, որին եթե հարցնենք, թե  ու՞մ է ուզում , կպատասխանեն  Նիկոլին, իսկ Արցախն ի՞նչ անենք, կպատասխանեն խաչեք, խաչեք:

Վարդան Հակոբյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica