close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Քաղաքական

27 Նոյեմբերի 2020, 18:24
 Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից եւ հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որեւէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռեւս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում:

Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Վահան Քերոբյանին հետագա գործունեության մեջ եւ նշել. «Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին եւ այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել կառավարությունում եւ ոչ միայն բարձրաձայնել, այլեւ անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»: Վարչապետի խոսքով՝ Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների եւ գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձեւը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի պարոն Քերոբյանի աշխատանքը: «Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք եւ տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից եւ այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ նախարարության անձնակազմին համագործակցության համար: «Պարոն վարչապետ, չի եղել այնպես, որ երկու տարիների ընթացքում մեր պատասխանատվության ոլորտում գտնվող որեւէ խնդիր, որ նկատված է եւ ունի լուծման առաջարկ, Ձեր գլխավորությամբ կառավարության քննարկմանը ներկայացնենք եւ դա մնա անարձագանք: Հուսով եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք լուծել խնդիրների մի զգալի մաս: Շատ դժվար ժամանակներ են եղել՝ փոփոխական, որովհետեւ միշտ գործոնները, որոնք ի հայտ են եկել տնտեսության վերջին, հատկապես ավելի քան 9-10 ամիսների ընթացքում, անսպասելի ուժով են ազդել տարբեր ոլորտների վրա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ դեպքերում եղել են արձագանքներ մասնավոր հատվածից, որ կառավարության որոշումները, հատկապես հակաճգնաժամային միջոցառումների տեսքով, ունեցել են թիրախային, կետային նշանակություն, դրական փոփոխություններ առաջացնելու նախադրյալ ստեղծող ազդեցություն: «Կարծում եմ, որ հենց այդպես էլ մասնավոր հատվածը սպասում է, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը շարունակի գործել: Շատ ուրախ եմ, որ պարոն Քերոբյանը գալիս է մասնավոր հատվածից՝ լավ պատկերացնելով այն խնդիրները, որոնք այնտեղ կան: Ըստ էության, նա ունի աշխատանքի նույն ձեռագիրը, կարեւորում է նույն արժեքները: Մաղթում եմ մեծ հաջողություններ, ուզում եմ վստահեցնել, որ նախարարության անձնակազմը պրոֆեսիոնալ է, գիտի իր խնդիրները եւ Ձեր առաջնորդությամբ, պարոն Քերոբյան, կշարունակի խնդիրները լուծել, ինչպես առնվազն մինչեւ հիմա: Հուսով եմ եւ հավատում եմ, որ հաջողությունները երկար սպասեցնել չեն տա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման հնարավորություն ընձեռելու համար եւ Տիգրան Խաչատրյանին՝ նախորդ երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Չնայած ես քննադատել եմ, բայց, միեւնույն է, հարգանքի եւ հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը, որովհետեւ այն թիմը, որը ձեւավորվել է, այն խնդիրները, որոնք առաջացել են մինչեւ այս տարվա առաջին եռամսյակի ավարտը, փայլուն ձեւով լուծվել են: Պարզապես, իմ կարծիքով, կորոնավիրուսը եւ պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, եւ մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետեւ զգում եմ այդ կրակը եւ մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը:

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միեւնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ եւ այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica