close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Վարչապետը» պետք է օր առաջ հեռանա, որպեսզի հնարավոր լինի փրկել հայոց պետականությունը և դնել ապագայի հիմքերը (մաս 1)

Քաղաքական

26 Նոյեմբերի 2020, 17:38
 «Վարչապետը» պետք է օր առաջ հեռանա, որպեսզի հնարավոր լինի փրկել հայոց պետականությունը և դնել ապագայի հիմքերը (մաս 1)

2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը Հայ ժողովրդից թաքուն ՀՀ «վարչապետ» Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն ակտ, որով Ադրբեջանին հանձնեց Հայոց աշխարհի չքնաղագույն, արգավանդ, ամրակուռ, ռազմունակ, Հայոց աշխարհի ու հայ ժողովրդի անվտանգության համար բացառիկ ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող հատվածներից մեկի՝ Արցախի Հանրապետության (այսուհետև՝ Արցախ) մեծագույն մասը (մոտ 9,5 հազ. քառ. կմ), թշվառության մատնեց տասնյակհազարավոր մեր հայրենակիցների։ Ընդգծենք՝ հայոց պատմության մեջ նախադեպը չունեցող ստորագույն, կորստաբեր ու անպատիվ այդ ակտով թշնամուն հանձնվեցին նաև այնպիսի տարածքներ, որոնց մասին 1994 թ. հայ-ադրբեջանական զինադադարից ի վեր ընթացող բանակցությունների ընթացքում երբևէ թշնամին նույնիսկ չէր էլ բարձրաձայնել։ Միաժամանակ, այդ ակտով սպառնալիքի տակ են դրվում ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը, տարածաշրջանում մեր միակ հուսալի հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանի առկայությունը, որով վտանգվում են նաև արտաքին աշխարհի հետ մեր միակ հուսալի հաղորդակցուղիները։ Չմոռանանք՝ այդ նույն թշնամին բացահայտ, իհարկե՝ անհիմն, հավակնություններ ունի նաև Գեղարքունիքի, Սյունիքի, անգամ Երևանի նկատմամբ: Հիշենք՝ «վարչապետն» Արցախը հանձնեց թշնամուն՝ անտեսելով Արցախը որևէ մեկին չզիջելու, Արցախի խնդիրը լուծելիս ժողովրդի կարծիքը հաշվի առնելու վերաբերյալ նույն ժողովրդին իր իսկ տված խոստումները և խախտելով խորհրդարանական կառավարման սկզբունքները, ըստ մի շարք իրավաբանների՝ նաև ՀՀ սահմանադրական կարգը։

Մարդկության պատմության ընթացքում պարտված, ձախողված, առավել ևս կապիտուլացված երկրների ղեկավարներն ինքնակամ հեռացել են իշխանությունից ինքնամեկուսանալու, երկրից հեռանալու, փախչելու կամ ինքնասպանություն գործելու եղանակով։ Կարելի է ասել, որ այդ գործիչներն ունեցել են արժանապատվություն, ինքնասիրություն, երբեմն էլ առաջնորդվել են սեփական երկրի ու ժողովրդի համար առաջընթացի ու զարգացման հնարավորություն ապահովելու հայրենասիրական մղումով։ Այլ է պատկերը մեզանում. գլխավոր պատասխանատուն հրաժարական չի տվել, չի էլ կամենում և շարունակում է կառչած մնալ իր ձեռքում գտնվող իշխանությունից։ Ինչո՞ւ է այդպես վարվում, ի՞նչ ակնկալիքներ ունի, և ի՞նչ վտանգներով է այդ կեցվածքը հղի մեզ համար։

Փորձենք քայլ առ քայլ պարզել ու պարզաբանել։

Ինչի՞ արդյունք էր կապիտուլյացիոն ակտը՝ դավաճանությա՞ն, հանցավոր անպատասխանատվությա՞ն, խելամիտ մտածողության բացակայությա՞ն, թե՞ ապաշնորհության, որոնք բոլորն էլ, ի վերջո, նկատի ունենալով Հայ ժողովրդին հասցված ողբերգության և վնասի ահագնությունը, ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ «ծանրագույն հանցագործություն»։

Սկսենք մի փոքր հեռվից։ 2018 թ. մայիսից՝ «հեղափոխություն» հորջորջվող ազգային ողբերգության ժամանակից ՀՀ բարձրագույն օրենսդիր ու գործադիր իշխանության բացարձակ կրող ՀՀ «վարչապետը»՝ իր քաղաքական թիմով, ի՞նչ է կատարել ՀՀ տնտեսությունը, այդ թվում և ամենից առաջ՝ ռազմարդյունաբերությունը զարգացնելու, ՀՀ-ն հարստացնելու, երկրի ֆինանսները նպատակային օգտագործելու, երկրի գիտատեխնիկական ներուժը խթանելու, կրթության որակը բարձրացնելու, հայ հասարակությունը համախմբելու, ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու՝ բավարար չափով արդիական սպառազինությամբ զինելու, Հայոց բանակի կառավարման համակարգը կատարելագործելու, ՀՀ արտաքին քաղաքական դիրքերն անխոցելի դարձնելու համար։ Հատկապես՝ ի՞նչ քայլեր են կատարվել տարածաշրջանում իր առանձնակի շահերն ունեցող, տարածաշրջանի փաստացի «տեր» և «արբիտր», ի վերջո, գերտերություն հանդիսացող Ռուսաստանի Դաշնության, տարածաշրջանի խոշոր երկրներից մեկի՝ ՀՀ-ի հետ շահերի ընդհանրություններ ունեցող Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ավելի սերտացնելու, նրա դիրքորոշումն առավելագույնս հայամետ դարձնելու, միջազգային հարթակներում մեր երկրի համար նպաստավոր արտաքին քաղաքական իրավիճակ ստեղծելու և հայոց համար գերխնդիր հանդիսացող Արցախի խնդրին հայանպաստ լուծում տալու ուղղություններով։

Փորձագիտական կարծիքների, նաև սեփական դիտարկումների համաձայն՝ անցած 2,5 տարիների ընթացքում չեն կատարվել մասշտաբային, հեղափոխական քայլեր ՀՀ տնտեսությունը զարգացնելու, նույնիսկ դրա համար անհրաժեշտ հիմքեր գցելու ուղղությամբ: Նույնիսկ տնտեսության իրական զարգացման ծրագիր ու հայեցակարգ չի ներկայացվել։ Որքան էլ զարմանալի է, շրջափակման մեջ գտնվող երկրում գրչի մեկ հարվածով վերացվեց գյուղատնտեսության նախարարությունը:  

Անցած 2,5 տարիների ընթացքում հսկայական չափերի հասնող միջոցներ հատկացվեցին տարատեսակ անժամանակ զվարճանքների ու միջոցառումների համար. մի քանի տասնյակ հազար դոլար վճարվեց Հայաստան հրավիրված մի օտար երգչի՝ Ամանորին երգելու համար, 100-ավոր մլն դրամ՝ մի ոչ անհայտ կրթահամալիրի ու հրատարակչության, Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և ամանորյա տոնակատարությունները նշելու, Արցախի նախագահական ընտրությունները «հսկելու», ինչ-որ գորգեր լվանալու, անհասկանալի թատերական միջոցառումներ կազմակերպելու համար և այլն, և այլն։

Պատերազմին նախորդած ժամանակաշրջանում ՀՀ քաղաքական ու գաղափարական օրակարգերը ծանրաբեռնված էին աշխարհաքաղաքական, ներպետական և ազգային իրողություններից ու մարտահրավերներից հեռու հարցերով։ Երկրում քննարկվում էին երկրի անվտանգության հետ կապ չունեցող, ավելին՝ անվտանգությունը, ազգային համախմբվածությունն ու սոցիալական համերաշխությունը խարխլող հարցեր՝ Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա, անհարկի խճճված ու պրոբլեմային դարձված առարկայական կրթական չափորոշիչներ, դարեր ի վեր հայերին ոչնչացնող, թալանող, նրա արժանապատվությունը, կրոնական զգացումները ոտնահարող, մշակութային ժառանգությունը ոչնչացնող, Հայոց ցեղասպանություն իրագործած և ներկայումս Հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքը խոսքով ու գործով շարունակող, Հայաստանի նկատմամբ զավթողական նկրտումներ ունեցող, իրենց պապերի ցեղասպան ծրագրերն ավարտին հասցնելու ծրագրեր որոճացող թուրքերի հետ խաղաղ համակեցության ու եղբայրության քարոզչություն, հայ հասարակության մեջ «բարի թուրքի» կերպարի մասին կեղծ գաղափարների տարածում, որոնց գլխավոր նպատակը թերևս ադրբեջանա-թուրքական մահասփյուռ վտանգի դեմ Հայ ժողովրդի հավաքական զգոնության ու պայքարի անհրաժեշտության գաղափարի թուլացումն էր։

Նախորդ 2-2,5 տարիների ընթացքում աննախադեպ մասշտաբներով նսեմացվում, արհամարհվում կամ ծաղրուծանակի էին ենթարկվում ազգային արժեքները, հայրենասիրական հայացքները, 2018 թ. «հեղափոխությունը» գերադասվում էր Արցախյան ազատագրական պատերազմից, փորձ էր արվում մոռացության մատնել Արցախյան առաջին պատերազմի հերոսների մեծագործությունները, իրականացվում էին Արցախյան պատերազմի մասնակիցների հետապնդումներ, հարձակումներ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, նույնիսկ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա, թուրքական «զուլումի» ժամանակաշրջանը հիշեցնող հարձակումներ հայոց պատմության, հայոց լեզվի և հայ գրականության, հայրենագիտության վրա և այլն։ Ամեն ինչ արվում էր, որպեսզի Հայ հասարակության մեջ ներարկվի անտարբերություն ազգային արժեքների, անգամ՝ Հայրենիքի նկատմամբ։

Ասվածից ամենևին չի հետևում, թե 2018 թ. առաջ ՀՀ-ում իշխանություններն առանձնապես մտահոգ էին ժողովրդի բարեկեցության բարձրացման, տնտեսության, այդ թվում և՝ արդիական ռազմարդյունաբերության, գիտության ու կրթության զարգացման, պետական ու ազգային միջոցների նպատակային օգտագործման և բազում այլ կենսական խնդիրներով։

Այժմ ամենաառանցքային հարցը՝ արդյոք ձեռնարկվե՞լ են կոնկրետ քայլեր չհայտարարված պատերազմական իրավիճակում գտնվող ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ հնարավոր պատերազմը կանխելու համար։ Արդյոք վերջին 2-2,5 տարում ՀՀ-ում մասշտաբային, բավարար քայլեր կատարվե՞լ են Հայոց բանակը ժամանակակից՝ 5-րդ սերնդի պատերազմների համար անհրաժեշտ սպառազինությամբ ապահովելու ուղղությամբ՝ թե´ ներկրելու, թե´ արտադրելու տարբերակներով։ Չէ՞ որ վերջին տարիներին աշխարհի տարբեր մասերում ընթացող պատերազմները, իրենց ռազմական ներուժը բարձրացնելու նպատակով տարբեր երկրների, մասնավորապես՝ Իսրայելի կողմից իրականացված քայլերը, 2019 թ. Սաուդյան Արաբիայի նավթահանքների դեմ խիստ սահմանափակ հնարավորությունների տեր ուժերի կողմից 1-2 տասնյակ ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված հաջող հարձակումը, որի արդյունքում տևական ժամանակով շարքից հանվեց այդ երկրի նավթարդյունաբերության մոտ 50%-ը, նույնիսկ անհատների համար ակնհայտ էր դարձրել, որ պարզ հրազենային ու հրետանային, ավանդական ռազմաօդային միջոցների ժամանակներն անցել են։ Ակնհայտ էր, որ բավարար քանակի ժամանակակից սպառազինություն ունենալու և ռազմական համակարգի ճկուն գործունեությունն ապահովելու պարագայում համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով ու միջոցներով կարելի էր արձանագրել արմատական հաջողություններ հնարավոր պատերազմներում: Ի դեպ, այդ հնարավորությունն այժմ էլ կարելի է, դեռ ամեն ինչ կորած չէ։ Կարծում ենք՝ այդպիսի միջոցներով բավարար չափով համալրված լինելու, թշնամուն էականորեն չզիջելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել պատերազմից կամ գոնե հետաձգել այն։ 2020 թ. սեպտեմբերի 27-ից ՀՀ-ի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սկսված ագրեսիայի արդեն առաջին օրերին մենք ականատեսը եղանք մի ցավալի փաստի՝ մեր բանակը թշնամու բանակին էականորեն զիջում էր 5-րդ սերնդի պատերազմների համար անհրաժեշտ հարձակողական ու պաշտպանողական սպառազինությամբ։ Մեկ այլ հարց՝ որքանո՞վ էր զինված ուժերի մոբիլիզացիոն ներուժը և կառավարման համակարգը նախապատրաստվել նախապատերազմական ու պատերազմական ժամանակաշրջաններին՝ այն հաշվով, որ ռազմական մեքենան պատերազմի ժամանակ աշխատեր անխափան և օպերատիվ։ Փորձագետների ու ռազմական գործիչների կարծիքով՝ այդ ուղղությամբ ևս քայլերը բավարար չեն եղել: Այժմ հայտնի դարձած որոշ տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիներին զինված ուժերի համակարգում կատարվել են կառուցվածքային և մարտական ուժի քանակական կրճատումներ, ինչն իրեն զգացնել տվեց պատերազմի ընթացքում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մի կողմ են գցվել ԱԹՍ-ների դեմ պայքարի համար նախատեսված՝ մեր զինանոցում առկա ՀՕՊ ռադիոէլեկտրոնային ռուսական ժամանակակից համակարգերը։ Պատերազմի մասին ռազմական հաղորդագրությունները փաստում են, որ չհայտարարված պատերազմական իրավիճակում գտնվող ՀՀ-ում բավարար նախապատրաստական քայլեր չեն կատարվել հերթական զորակոչի կազմակերպման, պահեստազորի կազմավորման, ամենից առաջ պահեստազորի հաշվին Հայոց բանակը ենթասպայական ու սպայական կադրերով համալրելու ուղղությամբ։ Ըստ էության, ավելի շատ եղել է խոսք, քան գործ։ Հայտնի է, որ մեր զինվորները հաճախ մնում էին առանց սպայական ու ենթասպայական կազմի ներկայացուցիչների այն պատճառով, որ պատերազմի առաջին օրերին նրանք կրել էին մեծ կորուստներ, նրանց թիվն ուղղակի բավարար չէր հրամանատարներ նշանակելու համար։

Ի՞նչ է կատարվել արտաքին քաղաքական ասպարեզում, հատկապես՝ Արցախի խնդրի շուրջ ընթացող բանակցություններում ՀՀ-ի և Արցախի դիրքերն ամրապնդելու համար: Իր դիրքորոշմամբ «վարչապետը», կարծես, առիթ է ստեղծել պատերազմի համար։ Կարելի է ենթադրել, որ նրա խոսքերն այն մասին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», որ ինքը Արցախի խնդրի շուրջ բանակցությունները սկսում է զրոյից՝ իր կետից, ունեցան խիստ բացասական ազդեցություն միջազգային կառույցների և տերությունների վրա։ Ըստ էության, ՀՀ-ն ընկալվեց իբրև անպատասխանատու, անվստահելի, անհուսալի բանակցային կողմ, քանզի չէր պահպանում անգամ դիվանագիտական վարվեցողությունը բանակցության մեջ ընդգրկված կողմերի նկատմամբ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը, եթե ոչ՝ թշնամացումը, ուղղակի կամ անուղղակի բազում չմտածված քայլերի, վերջինիս նկատմամբ տարատեսակ անհարգալից կամ արհամարհական գործողությունների ու արտահայտությունների պատճառով (մասնավորապես՝ ՌԴ նախագահի նկատմամբ բացահայտ անհարգալից արտահայտված անձը կարող էր հատուկ վստահություն վայելել իշխանությունների, անձամբ «վարչապետի» կողմից, ռուսական ընկերությունների, հեռուստաալիքների նկատմամբ բացասական վերաբերմունքը, ՀՀ իրավապահ կառույցների ներխուժումը ռուսական ընկերություններ, բարձրագույն, այդ թվում և՝ առանցքային, անվտանգության հետ կապված պաշտոններում բացառապես Ռուսաստանում չարիք համարվող սորոսական հոսանքի կադրերի նշանակումները, Ռուսաստանի հետ աշխատանքային տևական կապեր ունեցող գործիչների հեռացումը պաշտոններից և այլն), Իրանի հետ հարաբերությունների սառեցումը (չմտածված կամ անհաջող արտահայտություններ, Իսրայելում ՀՀ դեսպանատան բացում և այլն), ըստ էության, ՀՀ-ն դարձրին խոցելի ու դրանով իսկ ադրբեջանա-թուրքական ագրեսորներին հնարավորություն և առիթ տվեցին պատերազմ սկսելու ՀՀ-ի և Արցախի դեմ: Իհարկե, ընդսմին պետք է հիշել, որ ՀՀ-ի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի պատճառը նրանց զավթողական նկրտումներն էին:

Շարունակելի

Արմեն Ասրյան

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

Սպասվում են տեղումներ
16 Հունվարի 2021, 10:20 Սպասվում են տեղումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica