close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի հիմնական հույսը ադրբեջանական նավթադոլարներն են, որոնք տարեկան շուրջ 17 միլիարդի են հասնում. Թադևոս Ավետիսյան

Տնտեսական

25 Նոյեմբերի 2020, 12:30
 Էրդողանի հիմնական հույսը ադրբեջանական նավթադոլարներն են, որոնք տարեկան շուրջ 17 միլիարդի են հասնում. Թադևոս Ավետիսյան

365news.am-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ

– Տարածաշրջանային երկրներում տնտեսական ճգնաժամ է: Մասնավորապես՝ Թուրքիայի տնտեսությունում ի՞նչ պատեր են:

– Թուրքիայի տնտեսությունը գտնվում է երկարաժամկետ ճգնաժամի մեկնարկի մեջ, որովհետև իրականում ազգային արժույթի արժեզրկումը հետևանք էր այն տնտեսական բացասական գործընթացների, որոնք արդեն 2-3 տարի է՝ իրողություն են դարձել: Ըստ էության՝ Էրդողանը վարում է ագրեսիվ աշխարհաքաղաքականություն և դրա հետևանքները լինում են այն, որ աստիճանաբար գործընկեր պետությունները՝ Եվրամիության անդամ երկրներ, Միացյալ Նահանգներ, տարածաշրջանի երկրները, արաբական աշխարհի երկրներ, հետևողականորեն փորձում են պատժամիջոցներով կամ հակազդելով թուրքական այդ քաղաքականությանն՝ օգտագործել հիմնական տնտեսական գործիքները:

Եվրամիության պատժամիջոցները շարունակվում են, դրանք շատ ավելի առարկայական են և խիստ, քանի որ Թուրքիան այնքան է սանձարձակվել, որ օգտվելով աշխարհում ստեղծված իրավիճակից՝ փորձում է իր նպատակները կյանքի կոչել: Անընդհատ այս կամ այն երկիր է փորձում մտնել, նաև Հարավային Կովկասում իր ողջ սանձարձակ դրսևորումներով հանդես եկավ, որոնց հետևանքները մարդկային կյանքեր են և նաև ազդեցությունների բալանսի փոփոխություններ են նկատվում, ինչը չի հանդուրժվելու:

– Թուրքիայում տնտեսական անկումային վիճակներն ինչպե՞ս են փորձում լուծել թուրքական իշխանությունները:

– Էրդողանի կոռուպցիոն կլանը փորձում է ներտնտեսական ձախողումները, սոցիալական խորացող խնդիրները լուծել արտաքին իր վայրենի ագրեսիայով, բայց երկու տարբերակ ունի աշխարհը Թուրքիային հակազդելու համար: Առաջինը՝ ռազմական ճանապարհով Թուրքիային հակազդելն է, որպեսզի Թուրքիայի այս մղումներն ուղղակի սահմանափակեն, կամ որ կիրառեն տնտեսական սանկցիաներ, որպեսզի ծնկի բերեն թուրքական տնտեսությունը:

Դա սոցիալական լարվածության խորացում է ենթադրում և քաղաքական անկայունություն, հետևաբար մեծանում են նաև քաղաքական ռիսկերն ու փոփոխությունները: Ես կարծում եմ, որ աշխարհը երկու տարբերակներին էլ պատրաստվում է, հատկապես որ Եվրամիության անդամ երկրները և Միացյալ Նահանգներում նախագահի փոփոխությունից հետո ականատես կլինենք ավելի կոշտ և հստակ հակազդմանը: Բայց և այնպես պետք է նաև նշենք, որ իրականում միայն տնտեսական պատժամիջոցները կարող են նաև չլուծել այդ խնդիրը, այսինքն՝ չզսպեն Էրդողանի մարդակեր ախորժակը:

Էրդողանի հայտնի կոռուպցիոն կլանի առկայությունը ևս իր հետևանքներ է թողնում տնտեսական վիճակի վատթարացման վրա, ինչպես նաև տնտեսության զարգացման տեսանկյունից բացասաբար է ազդում մրցակցության ձևավորման վրա:

– Թուրքիան բազմաթիվ երկրներում մասնակցում է ռազմական գործողությունների: Այս ռազմական քաղաքականությունը որքանո՞վ է ազդում Թուրքիայի տնտեսության վրա:

– Ռազմական այդ տարբեր գործողություններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում բավականին թանկ են նստում Թուրքիայի վրա, դա ռազմական բավականին ծանր ծախսեր է ենթադրում, ունեն նաև կորուստներ: Այս պարագայում Էրդողանի հիմնական հույսն ադրբեջանական նավթադոլարներն են, որոնք տարեկան շուրջ 17 միլիարդ դոլարի են հասնում՝ նավթի ու գազի արտահանման շնորհիվ:

Ակնհայտ է, որ Թուրքիան հատկապես վերջին պատերազմից հետո ամբողջությամբ գաղութացրել է Ադրբեջանին որպես պետություն, և հետևաբար մենք ականատես ենք լինելու իր մասնաբաժինը ստանալուն երկարաժամկետ կտրվածքով: Կարծում եմ, որ այս մղումներն էին նաև պատճառը, որ Թուրքիան այդպիսի աննախադեպ մասնակցություն ունեցավ այդ գործընթացներին:

– Արցախյան պատերազմն ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադրբեջանի տնտեսության վրա:

– Ադրբեջանն ինքը որպես տնտեսական համակարգ դժվար է բնութագրել, որովհետև տնտեսության առնվազն մեկ ճյուղը՝ 50 տոկոսը, նավթի, գազի վրա են հենված: Այստեղ մեծ հաշվով իրենց հիմնական զենքը նավթը և դրանից եկող նավթադոլարներն են: Բայց այստեղ ևս կա կոռուպցիոն համակարգ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, նույն Ալիևի և նրա կնոջ ու շրջապատի հետ:

Այդ ագրեսիան և այդպիսի մոտեցումները, որոնք Արդբեջանը ցույց տվեց աշխարհին, որ կարող է անվերապահորեն Թուրքիայի կցորդը դառնալ, կիրառել ամենավտանգավոր ահաբեկչություն հարևան երկրի և կոնկրետ խաղաղ բնակչության նկատմամբ, կարծում եմ, որ որքան էլ նավթադոլարները քաղցր են աշխարհի տարբեր երկրների համար, որոնք գնում են ադրբեջանական նավթը շուկայականից ավելի էժան, իրենք գիտակցելու են իրենց հանրային շահից ելնելով ու սա անհետևանք չի մնալու:

Կարծում եմ՝ Արդբեջանն ունենալու է էական դժվարություններ, ու չեմ բացառում որոշակի պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ հատկապես նրա քաղաքական ղեկավարության նկատմամբ: Բայց և պետք է ընդունենք, որ Արդբեջանն ունի ռեսուրս, որը կայուն կերպով իրենց նավթադոլարներ է ապահովում, ինչը կարող է ծառայել նաև արժույթի փոխարժեքի կայունացմանը:

– Ադրբեջանում տոնում են Հայաստանի դեմ սկսած պատերազմի հաղթանակը: Դա կազդի՞ տնտեսական անկումային ֆոնին հասարակության տրամադրությունների վրա:

– Կա մեծ ոգևորություն որպես հաղթող պետություն և այդ ոգևորության վրա ևս խաղալու են նրանց իշխանությունները և փորձելու են նաև դրա ֆոնի վրա որոշակիորեն մեղմել այս սոցիալական խնդիրները, որոնք կան և խորանում են: Էյֆորիան մենք նաև մեր օրինակով գիտենք, որ երկար չի տևում:

Էյֆորիան ինչպես որ թեժ առաջանում է, այնպես էլ շատ արագ վերանում է և դրանից հետո, բնականաբար, բախվելու են իրենց խնդիրներին և այդ խնդիրները պակաս չեն խորացել Ադրբեջանում՝ նկատի ունենալով պատերազմի հետևանքները հենց իրենց վրա, այդ թվում՝ մարդկային կորուստները, ռազմական խոշոր ծախսերը և այլն:

Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանը, Վրաստանը բավականին անկայուն վիճակում են գտնվում ու ոչ միայն տնտեսական ու սոցիալական՝ դրանք միայն հետևանքներ են, այլև աշխարհաքաղաքական: Այստեղ բախվում են ամենատարբեր կենտրոնների շահերը, և սա ևս մեկ անգամ մեզ հուշում է, որ մենք՝ որպես պետություն, որը նաև գնտվում է այսքան դժվար վիճակում, մեր հետևությունները հստակ պետք է անենք և մեկ օր առաջ պետք է արմատական փոփոխությունների ենթարկենք բոլոր ոլորտները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica