close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և Վրաստանը

Տարածաշրջան

23 Նոյեմբերի 2020, 15:27
 Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և Վրաստանը

2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի լայն աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված արյունալի պատերազմին Վրաստանի «մասնակցությունը» (խոսքը, իհարկե, դիրքորոշման, չեզոքության պահպանման կամ կողմերից որևէ մեկին այս կամ այն կերպ աջակցելու մասին է) տեղիք տվեց հայ և օտար շրջանակներում բազմաթիվ քննարկումների, մեկնաբանությունների, անգամորոշ մեղադրանքների: Զուգահեռաբար կրկին ակտիվացան հակամարտող կողմերի զինամատակարարման և զինտեխնիկայի փոխադրման տարանցիկ ուղիների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, որոնք ոչ միշտ էին համահունչ մասնագիտական և հանրային շահագրգիռ շրջանակների ձեռքերում հայտնված փաստերին:

Վրաստանը տնտեսական, էներգետիկ, ռազմական, տարանցիկ և այլ ոլորտներում խոր կախվածություն ունի իր հարևաններ Թուրքիայից և Ադրբեջանից: Եթե այս ամենին գումարենք նաև երբեմն ծայրահեղության հասնող արևմտամետ, դեպի ՆԱՏՕ ձգտող, միևնույն ժամանակ հակառուսական քաղաքականությունը, ապա«Վրաստանն ինչպե՞ս կդրսևորի իրեն ուժերի «ուղղահայաց» և «հորիզոնական» առանցքների օղակների (ՀՀ-Արցախ, Ադրբեջան) միջև ընթացող արյունալի պատերազմի օրերին, երբ վաղուց ներքաշված է «հորիզոնական» ուժային վեկտորի մեջ» հարցադրումը միանգամայն հասկանալի է:

Պատերազմի նախօրյակին

Նախապատերազմական շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Վրաստանի օդային տարածքով հաճախակի թռիչքներ են կատարել երկու երկրների միջև: Հայկական և միջազգային փորձագիտական շրջանակները, սակայն, պատերազմի նախօրյակին բարձրաձայնել էին, որ, սկսած սեպտեմբերի 23-ից, այդ թռիչքների թիվը կտրուկ աճել է: Նշված ժամանակահատվածում Թուրքիայի Կայսերի, Թեքրիդաղ և այլ քաղաքների օդակայաններից Վրաստանի օդային տարածքով դեպի Ադրբեջանի Գյանջա (Գանձակ), Եվլախ և Բաքու քաղաքների օդակայաններ և հակառակ ուղղություններով գերակտիվ թռիչքներ են իրականացրել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները՝ հավանաբարԱդրբեջան տեղափոխելով մեծաքանակ զինտեխնիկա:

Ավելին՝ ինչպես Ադրբեջանի ռազմաօդային ուժերին, այնպես էլ ադրբեջանական մասնավոր «Silk Way West» ավիափոխադրողին պատկանող բեռնատար ինքնաթիռները նշված ժամանակահատվածում կրկին Վրաստանի օդային տարածքով ակտիվ թռիչքներ են իրականացրել նաև Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել և հակառակ երթուղիներով: Եթե հաշվի առնենք պատերազմի ողջ ընթացքում կիրառված իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի ու այլ տեսակի զինտեխնիկայի ահռելի քանակը, ինչպես նաև այն իրողությունը, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից մեկն է, պարզորոշ է, որ պատերազմի նախօրյակին թռիչքների նման ակտիվացումը խոսում է զինտեխնիկայի փոխադրման քանակական աճի մասին: Ըստ այդմ՝ Իսրայելը ևս Թուրքիայի հետ մեկտեղ մասնակցել է Արցախի դեմ ակտիվ ռազմական գործողությունների նախապատրաստմանը:

Պատերազմ, քաղաքական հայտարարություններ

Պատերազմի առաջին իսկ օրերին Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլին հայտնեց, որ «….իր դիրքորոշումը լիովին ակնհայտ է, որը հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, հետևաբար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»: Որևէ նորություն չպարունակող, իրավիճակի վրա ոչ մի ազդեցություն չունեցող, այդուհանդերձ, պատերազմի օրերին աղմուկ հանած այդ հայտարարությանը Վրաստանի պետական այրերը շտապեցին արձագանքել՝ միաժամանակ ներկայացնելով Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը, երկրի տեղն ու դերը արցախա-ադրբեջանական պատերազմի հարցում: Մ. Սահակաշվիլիի հայտարարության հրապարակման հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, նշված հայտարարությունը Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին որակեց սադրանք: Հայտարարելով, որ Վրաստանն առավելագույնս ձեռնպահ և չեզոք պետք է լինի, Գ. Վոլսկին նշել է հետևյալը. «Ապակայունացման և վնաս պատճառելու դրսևորում է մի կողմին աջակցություն հայտնելն ու դիրքորոշում արտահայտելն այն ժամանակ, երբ Վրաստանի շահն է հարևանությամբ միայն խաղաղություն ունենալը: Սահակաշվիլիի նպատակը վրացիների հետ հարյուրավոր տարիներ խաղաղ բնակվող հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի բախումներ առաջացնելն է։ Ու եթե Սահակաշվիլիի երազանքը կատարվի, այս ամենը կվերածվի հակամարտության: Այդ հայտարարությունն այլ բան չի կարող նշանակել»:

Չնայած այս հայտարարությանը՝ պատերազմի առաջին իսկ օրերին տեղեկություններ շրջանառվեցին, որ Վրաստանի օդային տարածքով Ադրբեջան է տեղափոխվում ոչ միայն թուրքական և իսրայելական զինտեխնիկա, այլև ահաբեկչական խմբեր Սիրիայից և այլն: Դրությունը Վրաստանում լարվեց հատկապես այն ժամանակ, երբ Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները թույլ չտվեցին ջավախահայության մարդասիրական օգնության բեռները Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետով տեղափոխել Երևան: Ի պատասխան դրան՝ սեպտեմբերի 29-ին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների բնակիչները հավաքվեցին սահմանային Կարծախ գյուղում և փակեցին Թուրքիա-Վրաստան նորակառույց միջպետական ճանապարհը: Ինչպես պարզվեց, ջավախահայության նախաձեռնած հանրահավաքի նպատակներից էր նաև Վրաստանի ցամաքային ճանապարհով Թուրքիայից դեպի Ադրբեջան զենքի ու զինամթերքի տեղափոխությունն արգելելը:

Սեպտեմբերի 30-ին այդ ամենը փորձեց հերքել Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ հայտարարելով, որ Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա: «Վրաստանը ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Երկու պետություններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխմանն է վերաբերում: Մենք կտրականապես մերժել ենք բոլորին: Դա գիտեն մեր հարևաններն ու հարգանքով են վերաբերվում: Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետևում ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»,-հայտարարել է Սեսիաշվիլին` ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին դադարեցնելու կրակը: Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ նշելով, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով օգնելու դուրս գալու ստեղծված իրավիճակից, այդ թվում՝ հակամարտող կողմերի ներկայացուցիչներին երկխոսության նպատակով ընդունելու Թբիլիսիում: Հետաքրքրական է, որ Վրաստանի վարչապետն իր հայտարարության մեջ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմն Արցախի դեմ անվանել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատում»՝հավանաբար Ադրբեջանին ցույց տալու համար, որ Վրաստանը չի ճանաչում Արցախի գոյությունն ու չի ընդունում վերջինիս ինքնորոշման փաստը: Այսպես. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ, կան շատ զոհեր, և, ցավոք, մինչ այժմ չի հաջողվել դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության վրա:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային դերակատարները պետք է առավելագույնս օգտագործեն իրենց հնարավորությունները՝ էսկալացիայի դադարեցման և երկխոսության վերսկսման համար: Ինչպես գիտեք, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Պատմականորեն Վրաստանում ապրող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման գործում: Միևնույն ժամանակ նրանց համակեցությունը լավ օրինակ է, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ունեն ներուժ՝ ամբողջ Հարավային Կովկասը դարձնելու խաղաղության և զարգացման տարածք»:

Վրաստանի օդային տարածքով թուրքական և իսրայելական զինտեխնիկայի, ինչպես նաև սիրիացի ահաբեկչական խմբերի՝ Ադրբեջան տեղափոխման մասին բավականին փաստարկված հրապարակումները հոկտեմբերի 3-ին փորձեց հերքել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ հայտարարելով, թե նման տեղեկատվության տարածման նպատակը տարածաշրջանն ապակայունացնելն է: Վրաստանի տարածքով զենք-զինամթերքի փոխադրման վերաբերյալ Գ. Լիլուաշվիլին նշել է հետևյալը. «Հակամարտության էսկալացիայից հետո Վրաստանը չի սահմանափակել քաղաքացիական բեռների փոխադրումն իր տարածքով։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը լարվածության առաջացումից ի վեր ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով՝ ինչպես ցամաքով, այնպես էլ օդով, դեպի երկու երկրներ ռազմական բեռների տեղափոխման թույլտվությունների տրամադրումը: Այդ մասին կողմերը տեղեկացվել են»։ Այդուհանդերձ, Վրաստանի օդային տարածքով Ադրբեջան ռազմական նշանակության բեռների փոխադրման վերաբերյալ փաստարկված հրապարակումները շարունակվեցին նաև նշված հայտարարությունից հետո: Անդրադառնալով դրանց՝ Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան հոկտեմբերի 13-ին հայտարարեց.«Մենք ցանկանում ենք կրկնել, որ Վրաստանի տարածքով ռազմական տրանզիտ չի իրականացվում: Ըստ Վրաստանում առկա փաստաթղթերի՝ Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները միայն մարդասիրական ու քաղաքացիական բնույթ ունեն և լիովին համապատասխանում են ICAO-ի չափանիշներին»:
Փաստենք, որ այս հայտարարությունը ևս չի փարատել շահագրգիռ շրջանակների կասկածները, որոնք արդեն փաստական հիմք ստացան հոկտեմբերի 22-ին: Եթե մինչ այդ տարբեր հարթակներում խոսվում էր ռազմական բեռների տեղափոխման թույլտվություն ունեցող ադրբեջանական «Silk Way West Airlines» ընկերության բեռնատար ինքնաթիռներով Ադրբեջան զինտեխնիկայի փոխադրման շարունակականության մասին(դրանք վրաց պաշտոնյաներն իրենց հայտարարություններում անվանել են «մարդասիրական» կամ «քաղաքացիական» թռիչքներ), ապա հոկտեմբերի 22-ին Վրաստանի երկնքում արդեն հստակորեն երևաց Ադրբեջանից դեպի Թուրքիա թռչող՝Թուրքիայի ՌՕՈՒ-ին պատկանող«TUAF512» (Airbus A400M-180) ռազմական բեռնատար ինքնաթիռը։ Հայկական մամուլը, փաստական հենք ունենալով, բարձրաձայնեց այդ մասին, այդուհանդերձ, Թբիլիսին որևէ պաշտոնական հայտարարություն չարեց այդ առիթով:

Հայ-ադրբեջանական «հակամարտություն» Վրաստանում՝ քաղաքական հողի վրա

Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժում»-ից Ազեր Սուլեյմանովը և «Վրացական երազանք»-ից Ռուսլան Գաջիևը, պատերազմի հենց հաջորդ օրն իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական պատերազմին: Ազեր Սուլեյմանովը Հայաստանին մեղադրել է Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու և Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացնելու, ինչպես նաև Վրաստանի դեմ հանցագործություն կատարելու մեջ: Նա նաև բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նշել, որ «վերջինիս որոշիչ քայլերով իրենց հողերը վերջնականապես կազատագրվեն»: Ռուսլան Գաջիևը նույնպես իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և նշել, որ «Ադրբեջանի զինված ուժերի հաջող ռազմական գործողությունները՝ իր տարածքային ամբողջականությունը հաստատելու համար, հիմք են տալիս ասելու, որ մեր տարածաշրջանում նման հակամարտությունները պետք է շուտափույթ լուծում ստանան»: Ադրբեջանցի պատգամավորների հայտարարություններին արձագանքեցին ինչպես Վրաստանի պետական, այնպես էլ հայկական հասարակական-քաղաքական շրջանակները:

Նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին Վրաստանի խորհրդարանի անդամների կողմից արված հայտարարությունն ամոթալի է որակել և նշել, որ կուսակցությունները պարտավոր են պարզաբանել կատարվածը. «Բացարձակապես ամոթալի փաստ է: Նրանք Վրաստանի խորհրդարանի անդամներ են և չգիտեն, թե ինչպես պետք էվարվել. սա անընդունելի է և մտածելու տեղիք պետք է տա կուսակցություններին: Փաստ է, որ այս մարդիկ չեն զգում, որ Վրաստանի պատգամավորներ են և որպես այլ երկրի պատգամավոր, քաղաքացի կամ նրա շահերը պաշտպանող են ներկայանում: Պետության խնդիրն է, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, և տարածաշրջանում պահպանվի կայունություն, իսկ ներկայումս այս քաղաքական գործիչների դիրքորոշումը լրիվ հակառակն է: Չի երևում, թե նրանք մտածում են տարածաշրջանի կայունության մասին. նրանք ակնհայտորեն մտածում են տարածաշրջանի անկայունության մասին: Առանձին պատգամավորների այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ ակնհայտորեն այս մարդիկ չեն գիտակցում՝ որ երկրի քաղաքացիներ են»:

Բնականաբար, Ադրբեջանը քաջ գիտակցում է Վրաստանի տեղն ու դերը ՀՀ-ի համար` ռազմավարական, տարանցիկ և այլ առումներով: Որպես արդյունք՝ամեն ինչ արվել և արվում է ՀՀ-Վրաստան առանց այն էլ փխրուն հարաբերություններում առավել խոր վիհեր ստեղծելու համար, իսկ այդ քաղաքականության լավագույն գործիքը Վրաստանում ապրող ադրբեջանական զանգվածն է: Բարեբախտաբար, Վրաստանի պետական-հասարակական շրջանակները, քաջ գիտակցելով այդ ամենը, հնարավորինս արագ չեզոքացրին ադրբեջանական սադրանքները: Այդ խնդրում կարևոր դերակատարություն ունեցան նաև Ջավախքի հասարակական-քաղաքական շրջանակները: Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, Վրաստանի խորհրդարանի՝ Ջավախքից ընտրված երկու պատգամավորներից մեկը, Ջավախքի առանձին շրջանների ՏԻՄ ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանական ընտրություններին Ջավախքից իրենց թեկնածությունն առաջադրած մի շարք քաղաքական այրեր իրենց հայտարարություններով անվերապահորեն աջակցեցին Արցախյան գոյապայքարին, դատապարտեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը՝ միաժամանակ հայտարարելով, որ ՀՀ-Վրաստան հարաբերությունների վատացմամբ շահագրգիռ ադրբեջանական ուժերն ու անձինք որևէ կերպ հաջողության չեն հասնելու:

Հոկտեմբերի 5-ին հատուկ կոչ-ուղերձով հանդես եկավ նաև Վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Ախալքալաքի ու Գումբուրդոյի վարդապետ Նիկոլոզ Պաչուաշվիլին: Հայտարարելով Վրաստանի կողմից չեզոքություն պահպանելու անհրաժեշտության մասին՝ նա կողմերին կոչ արեց դադարեցնելու զինված հակամարտությունը և գտնելու ընդհանուր լեզու. «Ես՝ վարդապետ Նիկոլոզ Պաչուաշվիլիս, ապրում եմ Ախալքալաք, Գումբուրդո, Կարս կոչվող թեմում: Իմ թեմում հայերը ճնշող մեծամասնություն են կազմում՝ ավելի քան 97%։ Ես ապրում եմ հայերի մեջ, շփվում եմ նրանց հետ, հոգ եմ տանում նրանց մասին, սիրում եմ նրանց։ Եվ հետևաբար այն, ինչ կատարվում է այժմ Ղարաբաղում, ինձ համար շատ ցավալի է: Սա բաց վերք է ոչ միայն ադրբեջանցիների և հայերի, այլ նաև Վրաստանի և, հուսով եմ, ամբողջ աշխարհի համար: Ջավախքում անհիշելի ժամանակներից բոլոր հովիվները ադրբեջանցիներ են ( նկատի ունի Ջավախքի լեռնային արոտավայրերը վարձակալող անասնապահներին, որոնք ամռանն այս վայրեր են գալիս Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններից – Վ.Ս.), և երբևէ հակամարտություն չի եղել ադրբեջանցի և հայ բնակիչների միջև: Հետևաբար մենք ես անձամբ և վրացիները, և վրացական պետությունը իրավունք չունենք որևէ կողմի սատարելու: Մենք պետք է ամեն ինչ անենք հաշտության համար: Որպես քրիստոնյա՝ ես ուզում եմ ձեզ հորդորել սիրել մարդուն և սիրել սեփական թշնամուն: Իր հայրենիքի պաշտպանը չպետք է վերածվի մարդասպանի ։ Ես բոլորին կոչ եմ անում գտնելու ընդհանուր լեզու և դադարեցնելու ռազմական գործողությունները»:

Վրաստանն Իրանի «կարգավիճակում»

Ինչպես Իրանի հյուսիսային շրջանների պարագայում, Վրաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջանները ևս «առնչվեցին» պատերազմին. հոկտեմբերի 7-ին՝ գրեթե նույն ժամին, Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: Պարզվել է, որ Ադրբեջանի կողմից արձակված հրթիռն ընկել է Կախեթի նահանգի Ղվարելիի շրջանի (սահմանակից է ՌԴ-ին) Կուճատան գյուղի խաղողի այգում, իսկ կրկին ադրբեջանական անօդաչու թռչող սարքը՝ նույն մարզի Սագարեջոյի շրջանի՝ Ադրբեջանին սահմանամերձ Ուդաբնո գյուղում (գյուղի մոտ է գտնվում նաև Դավիթ Գարեջիի հայտնի վանական համալիրը): Երկրի ներքին գործերի նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել:

Եզրակացություն

Չնայած Վրաստանի պատկան բարձրաստիճան պաշտոնյաների՝ չեզոքության մասին բազմաթիվ հայտարարություններին և վստահեցումներին, այդուհանդերձ, հավաստի փաստերի համաձայն, Վրաստանի օդային տարածքով Ադրբեջան զինտեխնիկայի փոխադրման գործընթացն ինտենսիվորեն շարունակվել է պատերազմի ողջ ընթացքում: Այդ ընթացքում Ադրբեջան զինտեխնիկա և վարձկաններ են փոխադրվել ինչպես ադրբեջանական ընկերություններին պատկանող քաղաքացիական, այնպես էլ Թուրքիայի ՌՕՈՒ-ին պատկանող ռազմական բեռնատար ինքնաթիռներով: Զինամատակարարումն իրականացվել է կա՛մ Թուրքիայի և Ադրբեջանի՝ Վրաստանի հետ ունեցած ներքին պայմանավորվածությունների շրջանակներում, կա՛մ ստիպողաբար, այն է՝ Վրաստանի վրա ճնշումների գործադրման միջոցով:

Չնայած որոշ քաղաքացիների հրապարակած տեսանյութերին, այդուհանդերձ, Թուրքիայի կողմից Վրաստանի ցամաքային ճանապարհով Ադրբեջան զինտեխնիկայի փոխադրման փաստերը չհաստատվեցին: Կարծիք կա, որ Վրաստանը դա թույլ չի տվել՝ կանխելով ջավախահայության շրջանում հնարավոր ընդվզումները, որոնց դեպքում փխրուն կայունությունը կարող էր վերաճել անգամ քաղաքացիական (հայ-ադրբեջանական) բախումների: Չնայած Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից տարիներով անտեսված լինելու հանգամանքին, ինչպես նաև սեփական հողի վրա ազգային-քաղաքական բազում հիմնահարցերի առկայությանը՝ ջավախահայությունը, փաստորեն, թուրք-վրաց-ադրբեջանական «հորիզոնական» առանցքի հակահայ գործողությունների զսպման հարցում ունեցավ անառարկելի դեր:

Վահե Սարգսյան

«Դրօշակ», թիվ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica