close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարճ ժամանակում ունենալու ենք արժութային ճգնաժամ․ տնտեսագետ

Տնտեսական

21 Նոյեմբերի 2020, 19:38
 Կարճ ժամանակում ունենալու ենք արժութային ճգնաժամ․ տնտեսագետ

Հայաստանում դոլարի արժևորումը վերջին օրերին շարունակվում է, փոխարժեքը հատել է 500 դրամի սահմանը։ Այս միտումը շարունակվելու դեպքում, ըստ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, առաջիկայում սոցիալական խնդիրներ կսկսվեն Հայաստանում։

«Առաջինը, լինելու են սոցիալական հետևանքներ, և դրանք արդեն կան։ Այս գործընթացն անմասն չի թողնելու գնաճը, հատկապես այն ապրանքների գծով, որոնք ներկրվում են ՀՀ։ Նաև այն  ապրանքների մասին է խոսքը, որոնք արտադրվում են Հայաստանում, բայց ունեն ներմուծման բաղադրիչ։ Արդեն նկատելի է, որ մենք ունենք առաջին անհրաժեշտության ապրանքների տեսանելի գնաճ։ Փոխարժեքը 490-495-ից բարձրացել է և այս պահին արդեն 510 -ի շեմն է անցել»,- Lragir.am-ին ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանում շատ կարճ ժամանակահատվածում կգրանցվի ազգային արժույթի առնվազն 20-25 տոկոս արժեզրկում։ Եվ կարձանագրվի առաջին անհրաժեշտության ապրանքների՝ դրան մոտ թանկացում։ «Նաև չի բացառվում, որ ունենանք այդ ապրանքների դեֆիցիտ, որովհետև այդ գնաճն անընդհատ բերելու է նրան, որ մարդիկ հոգեբանական գործոնի ազդեցությամբ ձևավորելու են հավելյալ պահանջարկ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տնտեսական առումով ռիսկերին՝ Թադևոս Ավետիսյանն ասում է, որ ազգային արժույթի արժեզրկումը ոչ թե անկախ պրոցես է, այլ հետևանք է մակրոտնտեսական խախտված կայունության։ «Եվ ակնհայտ է, որ պետական բյուջեն ունի, մեղմ ասած, հիմնական ուղղություններով իր ծախսերը ֆինանսավորելու դժվարություններ։ Բացի դա, նաև աճում է պետական պարտքը։ Այսպիսի իրավիճակում մյուս գործոնն է շատ կարևոր՝ տնտեսական անկումը և անկման սպասումները։ Նաև պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնք տեղի ունեցան՝ պատերազմն իր պարտության ելքով և Covid 19-ի հետևանքների դեմ փաստացի տապալված վիճակը։ Սա շատ կարևոր է, որպեսզի տեսնենք, թե ինչ բարդ իրավիճակ է»,- ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ այսպիսի պարագայում անխուսափելիորեն վրա է հասնում հոգեբանական գործոնը՝ և տնտեսվարողների, և քաղաքացիների մոտ։

«Արդեն ակնհայտ է, որ հիմա մարդիկ ու տնտեսավարողներն սկսել են վերադասավորել իրենց ակտիվները և ունեցած ռեսուրսները։ Օրինակ՝ արդեն կա հստակ տեղեկատվություն, որ քաղաքացիները դիմում են բանկեր՝ իրենց ավանդները հետ ստանալու համար, հատկապես դրամային ավանդները։ Դա ինքնանպատակ չեն անում, դրամային ավանդները հետ են վերցնում, որպեսզի փոխարինեն դոլարով ու եվրոյով։ Եվ սա լուրջ հարված է լինելու այս գործընթացներին, որովհետև առաջացնելու է դրամի լրացուցիչ առաջարկ և միաժամանակ դոլարի, եվրոյի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ։ Սա արժեզրկում ծնող շատ կոնկրետ գործոն է։ Եվ նաև քաղաքացիներն ու տնտեսվարողներն ակնհայտորեն փորձելու են ազատվել արժեզրկվող արժույթից և իրենց ազատ միջոցները փոխել կայուն արժույթի։ Սա ևս բերելու է նույն բանաձևով արժեզրկման»,- ասաց նա։

Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ պատերազմի ընթացքում ինտերվենցիաները, այսինքն՝ պահուստներից կայուն արժույթների ինտենսիվ վաճառքը բերել է նրան, որ այլևս չկա այդ ներուժը՝ տնտեսությունում ներարկում անելու։ «Սա սահմանափակ ռեսուրս է, և այն 500 մլն դոլարը, որ ասում էին՝ կուտակել ենք ռեզերվներում, դա վաղուց արդեն սպառվել է։ Այսինքն՝ մենք չունենք նաև ինտերվենցիայի հնարավորությունը։ Այս պարագայում ես կանխատեսում եմ, որ մենք շատ կարճ ժամանակահատվածում ունենալու ենք արժութային ճգնաժամ, ինչն իր հերթին կազդի ֆինանսական շուկայի և ընդհանուր մեր մակրոտնտեսական կայունության վրա։ Այստեղ լուրջ մոտեցումներով ու խորքային քայլեր են անհրաժեշտ։ Այսօրվա ձևավորված իրավիճակը հետևանք է 2,5 տարվա ձախողված տնտեսական քաղաքականության։ Եվ իշխանություններն ուղղակի չունեն որևէ հնարավորություն՝ շտկելու իրավիճակը»,- հավելեց նա։

Տնտեսագետ նշեց, որ այս իրավիճակը հանգեցնելու է սոցիալական լարվածության կայուն խորացմանը։ Ըստ նրա՝ իրականում միայն պատերազմի ու Covid-ի վրա բարդել այս իրավիճակը սխալ է, սա վերջին 2,5 տարվա քաղաքականության հետևանք է։ «Covid-ը չի հաղթահարվել, որովհետև 2,5 տարի մենք ունեցել ենք ձախողված տնտեսական քաղաքականություն։ Այն բարեփոխումները, որոնք պետք է տեղի ունենային, տեղի չեն ունեցել, մեր տնտեսական ներուժը, որ պետք է զարգացնեինք, քայլերը բացառապես եղել են պոպուլիստական, քան իրական։ Խնդիրները չեն լուծվել իրականում, դրանք պարտակվել են պոպուլիստական հնարքներով և բերել են այսպիսի իրավիճակի»,- ասաց նա։

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica