close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Արցախը և Հայաստանը. Լեպեխին

Աշխարհ

2 Նոյեմբերի 2020, 15:09
 Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Արցախը և Հայաստանը. Լեպեխին

Եվս մեկ անգամ կրկնեմ` ինչ էլ այսօր հայրենասեր դարձած լիբերալներն ասեն Հայաստանի մասին, Ռուսաստանը վաղ, թե ուշ հարկադրված կլինի պաշտպանել Արցախը և Հայաստանը, հակառակ դեպքում՝ Ռուսաստանից շուտով կարող են մնալ եղջյուրներն ու ոտքերը. գրում է ռուս հեղինակավոր քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

«Այսօր որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն մեջբերում են հեռուստաալիքներից մեկով Սերգեյ Կարագանովի՝ մի քանի շաբաթ առաջվա ելույթը, երբ նա հայտարարեց, որ «ծայրաստիճան դեմ կլինի մեր խաղաղապահներին այնտեղ (Արցախ) ուղարկելուն. այս երկրներն իրենք են դուրս եկել Խորհրդային միությունից, հեռացել Ռուսաստանից: Հիմա թող վճարեն դրա համար»: Մեկ այլ լիբերալ, հայտնի ամերիկամետ Անդրեյ Կորտունովը, իր հերթին, «պրագմատիկորեն» ակնարկեց, որ Ռուսաստանը կշահի Բայդենի հաղթանակից ԱՄՆ ընտրություններում, որից հետո հնարավոր է Բրեստ-Լիտովսկի խաղաղություն  Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Մինչդեռ Կարագանովի «նեոմեկուսացումը», ինչպես նաև Կորտունովի «գլոբալամետ» պրագմատիզմը ակնհայտորեն հակասում են Ռուսաստանի Դաշնության իսկական ազգային շահերին: Որո՞նք են այդ շահերը: Նախ`արտաքին սպառնալիքների համարժեք գնահատում, և երկրորդ` Ռուսաստանի Դաշնության ապագայի տեսանկյունից այդ սպառնալիքներին օպտիմալ պատասխանի որոշում:

Վերոհիշյալ փորձագետները ակնհայտորեն փոխարինում են Ռուսաստանի`որպես քաղաքակիրթ երկրի դեմ սպառնալիքներն անձամբ իրենց դեմ սպառնալիքներով... Ոմանք, կարծես, ցանկանում են շարունակել միջնորդ լինել ռուսաստանյան և եվրոպական «էլիտաների», իսկ մյուսները՝ ռուսաստանցիների և ամերիկացիների միջև: Այն, ինչ տեղի կունենա երկրի և ազգի հետ, նրանց համար, ըստ երևույթին, տասներորդական բան է: Մինչդեռ այսօր Արցախի և Հայաստանի պաշտպանությունը բացարձակապես նույնական է Ռուսաստանի շահերի պաշտպանության հետ: Քիչ, թե շատ գրագետ դիտորդի համար վաղուց արդեն պարզ էր, որ Ղարաբաղում ռազմական բախումը ոչ մի դեպքում տեղական չէ: Այդ տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղ է սկսվել, և այն համաժամանակյա է այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում այսօր Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Վրաստանում, և վաղը դրանք լիովին կդրսևորվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման անվճռականությունն ու փոխզիջման հակումները աշխարհաքաղաքական հակառակորդներն ու մրցակիցները ընկալում են որպես թուլություն, հետևաբար՝ որպես Ռուսաստանի շահերի դեմ ուղղված ավելի ակտիվ և լայնամասշտաբ գործողությունների հրավեր: Բերեմ միայն մեկ օրինակ, թե ինչպես է Թուրքիան պատրաստվում հետխորհրդային տարածքում հետագա ռազմական արշավին:

Ըստ որոշ հաղորդագրությունների՝ Թուրքիան վերջերս սկսել է վերակազմակերպել ղարաբաղյան ուղղությամբ գործող ուժերի հարվածային խումբը «Թուրանի բանակի» (ETA) շրջանակներում: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ ETA-ի ստեղծման նախագիծը Թուրքիայի ղեկավարությանը առաջին անգամ առաջարկվել է 2019-ի սեպտեմբերին: Աղբյուրները հայտնում են, որ ETA-ի շրջանակներում ստեղծվել է հատուկ խումբ, որը մասնագիտանում է հյուսիսային ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ նոր մարտավարական տեխնիկայի մշակման մեջ: Մասնավորապես՝ այս խումբը մշակում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի զինված ուժերի գործողությունները համակարգելու ռազմավարություն՝ տարբեր աշխարհագրական պայմաններում ռազմական արշավներ իրականացնելու իրական և հնարավոր տեխնոլոգիաներն ու մեթոդները մշակելու և փորձարկելու համար:

Այս փուլում ETA-ի հիմնական նպատակն է իրականացնել գաղտնի գործողություններ Ռուսաստանի Դաշնության սահմանների անմիջական հարևանությամբ, ներառյալ՝ ահաբեկչական գործողություններ և բնապահպանական աղետներ, Ռուսաստանի և նրա ռազմավարական դաշնակիցների, այդ թվում` Հայաստանի զինված ուժերի տեղաշարժի մոնիտորինգ, ինչպես նաև աջակիցների հավաքագրում: Խումբը ներառում է մի քանի մասնագիտացված (գրոհային, վերլուծական, ուսումնական, տեխնիկական և տեղեկատվական-քարոզչական և այլն) ջոկատներ: Միևնույն ժամանակ, ETA հրամանատարության սպաների մեծ մասը Իրաքի, Սիրիայի և Լիբիայի տարածքում մարտերին մասնակցելու փորձ ունեն, և անձնակազմի ուսուցումն, ինչպես հաղորդվում է, իրականացվում է SADAT մասնավոր զինվորական կազմակերպության շրջանակներում:

ETA-ի հարվածային ուժերի հրամանատարությունը գտնվում է Ստամբուլում, իսկ վերլուծական կենտրոնը՝ Իզմիրում: Նշեմ նաև, որ այս խմբի ծրագրերը ցանկացած պահի կարող են ճշգրտվել (եթե արդեն չկա) հյուսիսկովկասյան և Վոլգայի տարածքներում գործակալներ ներգրավելու ուղղությամբ: Այսօր տաք Մոսկվայում նստած «նեոմեկուսացնողներին», որոնք երազում են նմանակել Ռուսաստանի «ինքնիշխանությունն» ու «ինքնաբավությունը», որը պետք է հրաժարվի պայքարել իր շահերի համար մոտակա արտերկրում՝ միաժամանակ պահպանելով «կառուցողական երկխոսություն» «ուժային կենտրոնների» հետ հեռավոր արտերկրում, թվում է, թե Ռուսաստանի Դաշնության ծայրամասում հրկիզումը անձամբ չի ազդի իրենց վրա: Բայց սա նրանց անձնական եսասիրական խաղն է:

Ինչ վերաբերում է ռուսամետ վերնախավերի, օրինակ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Անվտանգության խորհրդի այսպիսի կառույցների դիրքորոշմանը, ես կարծում եմ, որ նրանք հակված են ավելի շատ փաստերին վստահել, քան դեմագոգիային: Կարծում եմ՝ կարիք չկա անհատների ջայլամային դիրքը շփոթել մի տերության ազգային շահերի հետ, որին այսօր չի խանգարում կանգնել իր ամբողջ աշխարհաքաղաքական կշռի և բարձրության վրա:

Վերջերս կարդացի մի ռուս «քաղաքագետի» գրառում՝ «Ինչու չի կարելի ռուս խաղաղապահներին բերել Ղարաբաղյան հակամարտության գոտի» վերնագրով, որում հեղինակը «պրագմատիկորեն» բողոքում է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող իր խաղաղապահներին ուղարկել ԼՂՀ՝ առանց Բաքվի համաձայնության, առանց ՄԱԿ-ի որոշման և առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի: Հարց՝ այս երեք որոշումներից ո՞րն էր պետք Ռուսաստանին Ղրիմի ժողովրդի կամքը ճանաչելու համար: Իրականում, նույն Թուրքիային, արաբական և հետխորհրդային երկրների հետ պայմանագրերի բացակայությունը չի խանգարում կոշտ առաջ տանել իր շահերը ինչպես Սիրիա-Լիբիայում, այնպես էլ Հարավային Կովկասում`միաժամանակ ուղղվելով դեպի Հյուսիսային Եվրասիայի թյուրքալեզու երկրներ: Իմ տեսակետից՝ Վլադիմիր Պուտինի սկզբունքը`գործել հայելային, միակ ճիշտ որոշումն է ստեղծված իրավիճակում: Առանց հաշվի առնելու միջազգային կառույցները, որոնցից շատերը ստեղծվել են Արևմուտքի կողմից հենց այն նպատակով, որպեսզի Ռուսաստանին զսպեն «միջազգային իրավունքի սկզբունքների» վերաբերյալ մանիպուլյատիվ դեմագոգիայով:

Արցախի ղեկավարի և Հայաստանի վարչապետի կոչերը Ռուսաստանի նախագահին`համատեղ գործողությունների անհրաժեշտության մասին, բավական են, որպեսզի կողմերի հաշտեցման անհրաժեշտության մասին խոսքերից անցում կատարվի տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու կոնկրետ գործողությունների»,- գրում Լեպեխինը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica