close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապրելու պայքարը, սարից մի քանի կիլոմետր սողալով, ինձ բերեց դեպի փրկություն․ դերասանուհու վիրավոր որդուն փրկել է արդեն անմահացած բժիշկը

Հասարակություն

30 Հոկտեմբերի 2020, 11:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապրելու պայքարը, սարից մի քանի կիլոմետր սողալով, ինձ բերեց դեպի փրկություն․ դերասանուհու վիրավոր որդուն փրկել է արդեն անմահացած բժիշկը

Այս պատերազմը ոչ ոքի չանտեսեց. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Աննա Գևորգյանը, որի ժամկետային զինծառայող որդին՝ Դավիթ Ալեքսանյանը, Արցախյան երկրորդ պատերազմի համառ մարտերի 12-րդ օրը ծանր վիրավորվել է:

 «Որպես մայր՝ չեմ ուզում նկարագրել, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Երբ զանգեցին մեծ որդուս ու ասացին, որ եղբայրը վիրավոր է, իհարկե, ականջ էի դրել նրանց խոսակցությանը, որովհետեւ անընդհատ վախ կար, ամեն մի անծանոթ զանգից պոռթկում էր ներսս։ Ասացի՝ չեմ հավատում, որ վիրավոր է, այդպես եք ասում, որ ծանր չտանեմ, բայց երբ տվեցին՝ ձայնը լսեցի․․․ Արդեն աշխարհն իմն էր։  Երբ Դավիթս իմ հուզված ձայնը լսեց, ասաց․ «Մա՛մ, մինչեւ վիրավորվելը 12 օր պայքարել եմ ապրելու համար, պայքարել ենք մեր հայրենի հողի համար․․․»։ Երբ հեռախոսով խոսում էինք ասում էր. «Մա՛մ,  քեզ այնքան բան ունեմ պատմելու․․.»: Մի խոսքով՝ հաջորդ օրը Դավիթիս տեղափոխեցին Երեւանի հիվանդանոց, ու երբ իրենց տեսա․․․ ամեն ինչ քարացավ ինձ մոտ՝ սիրտ, զգացողություն, աչքեր, ու միայն մի բան ասացի՝ սրա անունը հայրենիք է»։

Հայ մորը հատուկ անսահման հպատությամբ, խեղդելով կոկորդում եղած արցունքները, դերասանուհին պատմում է․ «Դավիթս ասում է․ «Մա՛մ, պատերազմ է, դու գիտես, որ գնում ես կա՛մ ապրելու, կա՛մ մեռնելու, երրորդ տարբերակ չկա։ Պատերազմ է, դու պետք է կենտրոնանաս, հասկանաս՝ որտեղ ես, ինչի համար․․․»։ Այդտեղ ես մտաբերեցի ու ասացի․ «Դավի՛թ ջան, հիշո՞ւմ ես, քեզ ֆուտբոլ խաղալուց էլ բերեինք բեմ, դու կենտրոնանում էիր, հավաքվում ու ֆանտաստիկ ջութակ էիր նվագում, բոլորը զարմանում էին քո այդ բնավորության համար։ Այդ պահին Դավիթս ասաց․ «Մա՛մ, հենց այդ իմ կենտրոնացումն էլ ինձ փրկեց»։

Դավիթը վիրավորումը ստացել է հայտնի բարձունքն ազատագրելու ժամանակ: «Դավիթս պատմում է. «Մա՛մ, որ սնարյադը կողքիս պայթեց, այդ ալիքներն ամբողջը դեպի ինձ եկան, և  թմրեցի ու հասկացա, որ իրականության հետ գործ չունեմ։ Ու այդ պահին ինքն իրեն հարցրել է՝ ես մահացա՞, սա՞ է մահը․․․ Ասում է. «Երբ այդ թմրությունն անցավ հասկացա, որ իրականության մեջ եմ, ողջ եմ, բայց ամբողջությամբ արյան մեջ եմ, ու աչքերս ոչինչ չեն տեսնում։ Բայց ապրելու այդ պայքարն ինձ արյանս հետ, սարից մի քանի կիլոմետր սողալով, բերեց դեպի փրկություն»։ Նրա կենտրոնացումն է ճիշտ ճանապարհով բերել հետ, ու, բարեբախտաբար, թշնամու դիրք չի գնացել»,- պատմում է Աննա Գևորգյանը։

Նրա համար այսօր սահմանին կանգնած բոլոր տղաները հերոսներ են, բայց նրան զարմացնում է մի հանգամանք, թե 18-20 տարեկան տղաների մեջ որտեղի՞ց այդքան զորություն, այդքան ուժ, ասում է ու գտնում դրա միակ բացատրությունը՝ այստեղ միայն Աստծո գործոնն է։

Դավթին ու մարտական ընկերներին մարտի դաշտում վիրավոր ժամանակ առաջին բուժօգնությունը ցուցաբերել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը, որը, սակայն, կարճ ժամանակ անց, ցավոք, թշնամու մահացու հարվածից զոհվել է․ «Դավիթիս առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկը հետ է գնում, որ մյուս զինվորներին օգնի, ու, ցավոք, զոհվում է։ Դավիթս ասում է՝ մա՛մ, շատ հետաքրքիր տղա էր, բոլորը սիրում էին իրեն, մարդիկ իրենց ներսով պատիվ էին տալիս, ա՛յ, այդքան սիրում էին իրեն»։ 

Ի դեպ, 18-ամյա Դավիթը, չնայած տարիքին, հասցրել էր իր սիրելի ջութակի հետ փայլել միջազգային բեմերում ու դառնալ մրցույթների քառակի դափնեկիր ու ոսկե մեդալակիր։ Դերասանուհի մայրը պատմում է, որ ծառայության մեկնելիս որդին կտրուկ որոշում է կայացրել․ «Ասաց՝ վերջ այլևս չեմ նվագելու։ Իրեն իմանալով՝ գիտեի, որ իր ասածի տերն էր, բայց ինձ համար ցավոտ էր նրա այդ որոշումը, քանի որ շարքային ջութակահար չէր։ Բայց, դե, մեծ տղա էր, որ ընտրել էր այդ ճանապարհը, ի՞նչ պիտի անեի։  Ճիշտ է, սրտի ցավ ունեի, բայց, չգիտես՝ ինչու, մտածում էի, որ ծառայությունից վերադառնա,  փոխվելու է։ Պատկերացրեք, նա 18 տարեկան է, բայց ինձ թվաց, թե ես 40 տարեկան տղամարդու եմ դիմավորում, այդ 12 օրը նրան այնքան էր հասունացրել․․․ Կորցրեց շատ մտերիմ ընկերներ․․․ Բայց ես իր աչքերի մեջ հաղթանակի, պայքարի զգացողություն եմ տեսնում»։

Ամեն դեպքում՝ օրերս հիվանդասենյակում, հավանաբար կարոտ զգալով իր սիրելի ջութակի հանդեպ, Դավիթը խնդրել է մորը ջութակն իր հետ բերել հիվանդանոց․ «Ինձ ասաց՝ մա՛մ, մի բան եմ ուզում խնդրել, իմ ջութակը կբերե՞ս, ու ես ոչինչ չհարցրեցի, որովհետև հասկացա, թե ինչ է իր մոտ կատարվում։ Դավիթն իր ջութակը շատ էր սիրում, երբ բացում էր, համբուրում էր, նվագում ու հետո, նորից համբուրելով, դնում էր տեղը։ Ով հասկանում է՝ ջութակն ինչ բան է, կիմանա, այնտեղ կատարյալ փափուկ մատների վազք պետք է ունենաս, իսկ իր ձախ ձեռքի մատներն ընդհանրապես չեն աշխատում․․․ Բայց տարա ջութակը, բացեց ու այդ վնասված մատներով գործ նվագեց․․․ Հասկացա, որ ինքն ունեցածը  լրիվ նվիրեց․․․»։

Այնուամենայնիվ, տիկին Աննան վստահ է՝ մենք հաղթել ենք, քանի որ արդեն մեկ ամիս է՝ կռվում ենք երկու պետության դեմ․ «Անուններն էլ չեմ ուզում հիշատակել։ Երկրորդ ցեղասպանություն չի լինելու։ Այո, նրանք պետք է հասկանան, որ հայն անմահ է ու անհաղթելի։ Թող իմանան, որ նման օրհասական պահերին մենք մի բռունցք ենք։ Իմ ցավը միայն մեր զոհերն են»։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica