close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայում ահաբեկչությունները Թուրքիայի կողմից իսլամիստ ծայրահեղականների՝ Արցախում ակտիվացման հետևանք են․ արաբագետ

Աշխարհ

29 Հոկտեմբերի 2020, 19:41
 Ֆրանսիայում ահաբեկչությունները Թուրքիայի կողմից իսլամիստ ծայրահեղականների՝ Արցախում ակտիվացման հետևանք են․ արաբագետ

Ֆրանսիայում այսօր ակտիվացած ահաբեկչական գործողությունները Թուրքիայի քաղաքականության հետևանք են, որն ահաբեկիչներին ոչ միայն մտցրեց արցախյան հակամարտության գոտի, այլև իր հռետորաբանությամբ միջկրոնական թշնամանք է սերմանում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Իբրև մասնագետ՝ նրա համար մեկ ամիս առաջ էր ակնհայտ․ երբ արդեն բացահայտ դարձան փաստերը, որ արցախյան պատերազմում Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, օգտվում է ահաբեկիչների ծառայություններից, ուրեմն ամբողջ աշխարհում սկսվելու է ահաբեկչական սպառնալիքի նոր փուլ։

Դա նաև գիտական բացատրություն ունի․ արևելագետն ասում է՝ ժամանակակից ահաբեկչական սպառնալիքի կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ դրա ապակենտրոն բնույթն է։

«Երբ երկրագնդի որևէ հատվածում կրկին ակտիվանում է ահաբեկչական որևէ օջախ, այդ գործընթացը ունենում է շղթայական բնույթ և նպաստում է ահաբեկչական տարբեր բջիջների ակտիվացմանը։ Դրանք անգամ աշխարհագրորեն կարող են բավականաչափ հեռու լինել ակտիվ օջախից, որն այս դեպքում արցախյան պատերազմի գոտին է»,-ասաց Արմեն Պետրոսյանը։

Խոսենք փաստերով․ պատերազմի մեկնարկից անմիջապես հետո Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնիում, տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, ապա Վոլգոգրադում, Ինգուշեթիայի քաղաքներից մեկում, որին հետևեց Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատումը, Նիսի դեպքերը, երբ տաճարի մոտ հավաքվածների վրա հարձակվել է ահաբեկիչը, 3 մարդու սպանել, որոնցից մեկին հասցրել է գլխատել, և նաև մեկ այլ դեպք Ֆրանսիայում, երբ Ավինյոն քաղաքում ահաբեկիչը դանակով սպառնացել է քաղաքացիներին․ վերջին երկու դեպքերում էլ ահաբեկիչները չեզոքացվել են։ Արմեն Պետրոսյանը հիշեցրեց նաև տարբեր ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայի տարածքում։

«Սա շղթայական և կանխատեսելի գործընթաց է և բոլոր մասնագետները, որոնք վերջին մի քանի տարիներին հետևում են ժամանակակից ահաբեկչական սպառնալիքին, դրա առանձնահատկություններին, միտումներին, միանշանակորեն նման կանխատեսումներ են հնչեցրել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները վերջինը չեն»,-ասաց արաբագետը։

Բացի նշված գործոններից, ըստ Արմեն Պետրոսյանի, ահաբեկչության վերջին օրերի ակտիվացմանը նպաստում է նաև Թուրքիայի գործող իշխանությունների քաղաքականությունը, մասնավորապես, Էրդողանի հռետորաբանությունը։

«Միանշանակորեն գծվում է գլոբալ հակամարտության նոր գիծ, որի հիմքը քաղաքակրթականն է․ Թուրքիայի այսօրվա իշխանությունները նպաստում են երկու հիմնական կրոնների միջև թշնամանքին և անգամ հակամարտությանը։ Թուրքիայի որևէ տարածքում Թուրքիայի նախագահը այնպիսի հայտարարություն է հնչեցնում, որն ուղղակիորեն նպաստում է աշխարհի որևէ երկրում գտնվող մահմեդականի կրոնական ծայրահեղականության խորացմանը»,-ասաց Արմեն Պետրոսյանը։ 

Որոշ քաղաքական գործիչներ կարծիք հայտնեցին, որ Ֆրանսիայում ահաբեկչությունը խթանվել է նաև նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունների հետևանքով, քանի որ նա չի դադարեցնում «Շառլի Հեբդոյի» գործունեությունը, որը ծաղրանկարներ է հրապարակում մահմեդականների թեմայով, ինչպես նաև կոշտ գնահատականներ է հնչեցնում իսլամիստ ահաբեկիչների մասին։

Արմեն Պետրոսյանը, իբրև արևելագետ, համաձայն չէ այս տեսակետին։ Նա համոզված է, որ Ֆրանսիայի նախագահի առաջնային պատականություններից մեկն էլ սեփական հասարակության արժեքային համակարգի պաշտպանությունն է, իսկ ահաբեկչական խմբավորումներին միանշանակ պետք է չեզոքացնել՝ առանց զիջումների։

«Ի՞նչ է նշանակում տուրք տալ ծայրահեղական իսլամիստների պահանջներին, դա նշանակում է ահաբեկչական սպառնալիքի դիմաց ընկրկել և զիջել սեփական արժեքները»,-ասաց Արմեն Պետրոսյանը։

Նա համոզված է, որ ահաբեկչության հետ երկխոսությունը սխալ քաղաքականություն է, զիջումների գնալը վտանգավոր է ցանկացած երկրի առաջնորդի համար, այն կարող է սպառնալ երկրի ամբողջական ապակայունացմանը։ Ահաբեկչության դեմ պետք է պայքարել ուժով, ցանկացած ահաբեկչական բջիջ, որն ակտիվացել է, պետք է հետևողական գործողություններով մարել, հակառակ դեպքում, Արցախի օրինակով, դա տարածվելու է և ընդգրկելու է ավելի մեծ տարածք։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica