close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում. Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությունը

Արցախ

29 Հոկտեմբերի 2020, 15:34
 Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում. Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությունը

Գերագույն հոգեւոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների եւ մատակարարելով գերժամանակակից մեծաքանակ զենքեր:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս ընթացքում կիրառելով իր ողջ զինանոցը, այդ թվում եւ միջազգայնորեն արգելված զինատեսակները, թիրախավորում է Արցախի բնակավայրերը, նաեւ խնամատարական, կրթական, մշակութային եւ պաշտամունքային նշանակության բազմաթիվ շինություններ, ընդհուպ՝ Ստեփանակերտի ծննդատունը, ինչն աննախադեպ վարքագիծ է՝ անգամ ահաբեկչական խմբավորումների վարքագծի տեսանկյունից:

Հայրենիքի պաշտպանության սրբազան պայքարում ունենք հարյուրավոր վիրավոր եւ նահատակ զինվորականներ, բնակավայրերի հրետակոծության հետեւանքով կան բազում վիրավորվածներ եւ զոհեր խաղաղ բնակչության մեջ։

Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ այդ ոճրագործություններին աջակցող եւ անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջեւ եւ պատասխանատվության ենթարկվեն իբրեւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կազմակերպիչներ։

Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, հավատարիմ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներին, առավել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արյունահեղության կասեցման, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման եւ արցախահայության ինքնորոշման եւ պարզապես մարդկանց կյանքի, ապրելու իրավունքի իրացման համար:

Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։

Գերագույն հոգեւոր խորհուրդը բարձրորեն գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետեւողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը եւ պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից:

Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ եւ մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին: Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։

Աղոթում ենք, որ Տերը օրհնի Հայաստան եւ Արցախ մեր հայրենի երկիրը, ամենազոր Իր Սուրբ Աջի հովանու ներքո հույսով ու հավատքով զորավոր ու միասնական պահի մեր ժողովրդին եւ զորացնի բազուկը հայրենյաց մեր քաջարի պաշտպանների։

Թող Ամենողորմ Աստված խաղաղության մեջ պահի համայն աշխարհը՝ զերծ պատերազմի արհավիրքներից, ցավերից ու վշտերից։

 
 
Լույս չի լինելու
5 Դեկտեմբերի 2020, 10:12 Լույս չի լինելու
Աստղագուշակ. դեկտեմբերի 5
5 Դեկտեմբերի 2020, 09:23 Աստղագուշակ. դեկտեմբերի 5
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica