close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտի «Բարդակի» Ազատը արկի բեկորները մարմնում հյուրընկալում է կամավորներին

Արցախ

22 Հոկտեմբերի 2020, 19:28
 Ստեփանակերտի «Բարդակի» Ազատը արկի բեկորները մարմնում հյուրընկալում է կամավորներին

Ադրբեջանցիների խփած «Սմերչի» փողը Ազատը հանել է Ստեփանակերտի ասֆալտի միջից, բեռնել իր մեքենան ու տարել Արցախում իր հիմնած PUB-ը՝ «Բարդակը», որ որպես նմուշ ցուցադրի մի անկյունում։

«Նայեցինք, երկաթով էլ մի քանի անգամ խփեցինք․․․ ախպերս կատակ ա անում, ասում ա՝ մեկը մուրճը վերցրած ականին խփում ա, ասում ա՝ մի խփի, կպայթի, ասում ա՝ ոչինչ մի հատ էլ ունենք։ Համ ասում, համ խնդում էինք ու էդ արկը հանում»,-Yеrkir.am-ին պատմեց Ազատ Ադամյանը։

Կար ժամանակ, որ նույն մեքենայի տանիքին, Սմերչի արկի փոխարեն, Երևանից Ստեփանակերտ գնացած աղջիկներ էին, որոնց Ազատը տանում էր Շուշիի մոտակա հանգստավայրը՝ «Զոնտիկներ»։

Այսօր Ազատի մի ոտքն ու մի ձեռքն են աշխատում, մյուս ոտքուձեռքի մեջ ու դեմքին արկի բեկորներ են․ առաջնագծում է վիրավորվել։ Պատերազմի 6-րդ օրը դիրքերում ավտոմեքենան եկավ, կանգնեց, որ զինամթերքը թափեն, Ազատը որպես մեջների ջահելներից ցատկեց մեքենան, բայց մի 10 արկ թափած, պայթյունի ձայն լսեց։

«Առաջինը որ խփեց, վիրավորվեցի՝ տվավ ոտս երկու տեղ, ձեռք, երես։ Երկրորդն էլ որ արդեն խփեց, թաքստոցում էի արդեն։ Սմերչ էր, հետո կասետային չպայթած ռումբերը գտանք»,-պատմեց Ազատը։

Տարել են հիվանդանոց, որ բեկորները հանեն, հարցրել է՝ որ վիրահատեն, քանի օր է պառկելու, ասել են՝ մի երկու շաբաթ։ Հարմար պահ է ընտրել ու փախել հիվանդանոցից․ ասում է՝ երկու շաբաթը շատ է, այդքան չի կարող պառկել, լիքը անելիք կա։ Արկի բեկորները մարմնում Ազատը նորից դիրքեր է գնացել, որ գոնե մեկ ձեռուոտքով անի, ինչ կարող է, սպան անմիջապես հետ՝ հիվանդանոց է ուղարկել։ Նորից չի համբերել, լքել է հիվանդանոցը, ասում է՝ պատերազմը վերջանա, կպառկեմ, կվիրահատեն, հիմա դրա ժամանակը չէ։ Ցավազրկողը գրպանում ապրանք է տանում-բերում դիրքեր, կամավորներին է դիմավորում։

Պատերազմի սկսվելու մասին Ազատն իմացավ իր հիմնած քեմփինգում՝ Ստեփանակերտի մոտ։ Այդ օրն էլ առաջին արտասահմանյան տուրիստներն էին եկել Մեծ Բրիտանիայից՝ մի 4 հոգանոց ընտանիք։  

«Մի հատ էլ էշի քուռակ էմ առել, առավոտը շուտ՝ ժամը 7-ից որ սկսեց զռռալ, ասում եմ՝ խայտառակ ա անելու, չի թողնելու քնեն։ Տենց անընդհատ զռռում էր։ Հետո էդ գմփոցը որ լսեցի, մտածեցի՝ իրենք են, ինչ-որ բան են գցել, որ լռի կամ թե՝ էշն է։ Պատուհանից նայեցի, տեսա երկնքում կլոր ծուխը, հասկացա, որ ինչ-որ բան են խոցել։ Հետո միանգամից հագնվեցի, իջա, մարդկանց հանգստացրի, որ ամեն ինչ լավ է, նկուղը բացեցի, որ տեղավորվեն»,-պատմեց Ազատ Ադամյանը։

Պատերազմի դեմքը նրան ծանոթ էր 2016 թ-ի ապրիլյան քառօրյայից։ Այն ժամանակ էլ կամավոր էր գնացել։ Այս անգամ, ընտանիքի անդամներին ու ընկերուհուն նկուղում տեղավորելուց հետո Ազատը քայլեց դեպի ադրբեջանական կամիկաձե ԱԹՍ-ի հարվածի ծուխը․ մի պահեստ էին խոցել, ծուխ էր բարձրանում։ Արդեն այնտեղ որ արկերը տեսավ, հասկացավ, որ պատերազմ է։ Պայթյունների ձայներն էլ չէին լռում։

Սպասել չէր լինում, կարծես ասեղների վրա, Ազատը հավաքեց իրերն ու գնաց ազատամարտիների միություն՝ կամավորագրվելու։ Ասացին՝ իրեն զինկոմիսարիատով պիտի կանչեն։ Գնաց մեկ ուրիշ տեղ՝ Երիտասարդական պալատում  կամավորագրվեց, միանգամից արդեն ավտոմեքենայով ուղարկեցին դիրքեր։

Ազատը ջութակահար է մասնագիտությամբ, Երևանի կոնսերվատորիան է ավարտել։ 2016-ի քառօրյա պատերազմից հետո, երբ կյանքի համն ավելի սուր զգաց, որոշեց, որ իր երկիրը՝ Արցախը զարգացնելու է, շենացնելու է ու մի քանի բիզնես հիմնեց։

«Այդ խրամատների մեջ արդեն մտածում էի, որ գնամ քաղաք՝ ինչ պիտի անեմ։ Հայրենասիրությունը մի կողմ, բայց այդտեղ հողի գինը դու արդեն սկսում ես զգալ էլի, ինչ արժե։ Մինչև էդ, հա, գիտեինք, որ էդ հողը մեզ համար թանկ է, բայց մեր կաշվի վրա չէինք զգացել էլի։ Նույնն էլ այս մի պատերազմի ժամանակ, արդեն հասարակ որ պառկում ես, որ քնես, արդեն հասկանում ես՝ քո քունն ինչքան է արժեքավոր, ինչքան մարդիկ են ապահովել քո քունը ու մինչև հիմա ապահովում են»,-ասաց Ազատը։

Սկզբում հյուրատուն բացեց՝ տուրիզմով էր զբաղվում։ Հետո ասացին՝ խաղաղ չէ, տուրիստ չի գա, ասաց՝ մի ուրիշ բան եմ մտածել։ Ու Ազատը բացեց Ստեփանակերտի ամենակոլորիտային PUB-ը՝ «Բարդակը»։ Իրենց գյուղի նկուղից, հարևաններից հավաքեց հին իրեր՝ սամովար, տպագրական մեքենա, մոմե տիկնիկ, սովետական դրոշներ, վրացական գլխարկներ, կճուճներ, սափորներ․․․ ինչ պատահի ու ինչը հետաքրքիր է ու կահավորեց «Բարդակը»։ Այս տարի արդեն քեմփինգը բացեց՝ մի հետաքրքիր անկյուն Ստեփանակերտի մոտ, վրաններով հանգստի վայրը։

Ազատին այս անգամ, երբ կռիվ էին ճանապարհում ընտանիքի անդամները, ընկերուհին սկսեց լացել։ Ինձ լացելով մի ճանապարհեք, էլի, ուրախ ճանապարհեք, որովհետև հաստատ հետ եմ գալու՝ ասաց Ազատը, թեև վստահ էլ չէր, թե ինչպես կստացվի։

2016-ի ապրիլին, երբ կամավոր էր գնացել, ահագին բան էր սովորել, որ հիմա դիրքերում պետք  եկավ՝ պատերազմական ժամանակաշրջանում ոնց պետք է վարվել, որն է ավելի լավ տարբերակը։

«Օրինակ, մի օր որ կապն  ընդհատվեց, մոտ 2 ժամ կապ չկար, ես ու մի ժամկետային զինվոր կար՝ բարձրացանք վերևի դիրքը, հասկացանք, որ դիրքերից զինվորները տեղափոխվել էին, պաշտպանողական դիրք էին ընդունել, մեր կողմը մարդ չկա էլի։ Միանգամից այդ ժամկետային երեխեքին ասացի, որ մենք էլ տեղափոխվենք։ Բա չէ, դիրքը չենք թողնի, ասում եմ՝ դիրքը չենք լքում էլի, դա վերադասավորվել է կոչվում։ Ապրիլյանում էի դա սովորել։ Հետո որ մենք վերադասավորվեցինք, ավելի հարմար դիրքեր զբաղեցրինք, սպաներից կապվեցին մեզ հետ, ասացին՝ դա լավագույն ճիշտ տարբերակն էր, որովհետև եթե էնտեղ մնայինք, հաստատ էնտեղից դուրս չէինք գա, որովհետև արդեն մերոնք էլ էին էդ ուղղությամբ աշխատում, գիտեին թե մարդ չկա»,- այդ փորձառությունից մի դեպք պատմեց Ազատը։

Դիրքերում երբ կրակոց չկա, ուրախ է, կատակներ են անում։ Սկզբում 12-13 ժամ անընդհատ կրակում էին ադրբեջանցիները։

«Հիմա մեջքները ջարդվել է, էդ հաստատ․ էն վախտ մենք խրամատների մեջ էնքան էին խփել, որ խրամատները կիսով չափ հողով լցվել էին, մենք էլ մեջը։  Հիմա տենց բան չկա, հիմա մերոնք են խփում, տարբեր գործողություններ են անում»,-պատմեց Ազատը։

Առաջնագծի ընկեր-կամավորներից մեկը՝ Սերգո հոպարը, որոշել է անհատական ՀՕՊ զորքեր ստեղծի․ հենց դուրս է գալիս ծխելու, սիգարետը վառում է, միանգամից մի 10 թռչող սարք է գալիս, ասում է՝ կհավաքվեն, մերոնք էլ հեշտ կխփեն։

Աննա Բալյան

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica