close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիրքերից իջած զինվորները մաքրել են Շուշիի հրթիռակոծված եկեղեցին

Արցախ

19 Հոկտեմբերի 2020, 19:20
 Դիրքերից իջած զինվորները մաքրել են Շուշիի հրթիռակոծված եկեղեցին

ԼՂՀ առաջնագծի դիրքերից մի քանի օրով Շուշի իջած զինվորները փոշուց ու քարաբեկորներից մաքրել են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Նրանք հանձնել են հերթափոխը՝ հանգստանալու և նորից առաջնագիծ վերադառնալու համար։

«Մտահղացումը մեր տղաներինն է, եկան, ասացին, որ ուզում են մաքրել եկեղեցին։ Ես ասացի՝ հա, խնդիր չկա, ես էլ ձեզ հետ կմաքրենք։ Հավաքվեցին, եկան, միասին մաքրեցինք։ Շատ լավ էր, որ իրենք են նախաձեռնել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Տաճարը շատ է տուժել, կրկնակի հրթիռակոծությունից տանիքի մի մասը փլված է, պատուհանները կոտրված, բայց շատ մարդիկ, միևնույն է, գալիս են, մոմ են վառում, աղոթում են առաջնագծում գտնվող իրենց հարազատների համար։

Տեր Անդրեաս քահանա Թավադյանն ասաց, որ պատարագ անցկացնելու մասին մտածելը դեռ վաղ է՝ առաստաղից կախված վտանգավոր քարեր կան, որ մաքրել դեռ հնարավոր չէ, մարդկանց կուտակումներն էլ կսադրեն նոր հրթիռակոծություն։

«Առաջին հարվածից հետո ես հասցրեցի եկեղեցու սրբությունները հանել, բայց Սուրբ սեղանը  ամբողջությամբ փոշու մեջ է, ոչ պատուհան կա, ոչ դուռ կա և նաև խփելու վտանգը նորից կա։ Մենք էլի ամեն մտնելիս աղոթում ենք, բայց եթե ժողովուրդ հավաքվի, վտանգ կա, որ նորից կարող են խփել»,-ասաց Տեր Անդրեասը։

Հրետակոծության ժամանակ քահանան դեպի եկեղեցու մուտքն է գնալիս եղել, զանգակատան մոտ է հասել ու արկն ընկել է․ ասում է՝ Աստծո ողորմությունն էր, որ ինքը փրկվեց։ Եկեղեցու նկուղում մանկահասակ երեխաներ են եղել։ Ճաշի ժամին, երբ մայրիկ-տատիկները դուրս են եկել նկուղից ու գնացել՝ տներից ուտելիք բերելու, այդ ժամանակ էլ խփել է առաջին հրթիռը։ Վախեցած մայրերը վազելով հետ են եկել, մի կերպ հանել փոքրիկներին խորանի տակից։ Հետո՝ երկրորդ հրթիռն է ընկել։

Տեր Անդրեասն այժմ ինքն էլ եկեղեցու նկուղում չի մնում․ տան նկուղից է աղոթքն Աստծուն բարձրացնում։ Երբ 1992 թ-ին Շուշին ազատագրեցին, նա դեռատի սարկավագ էր․ հիշում է՝ տաճարն այն ժամանակ ավելի վատ վիճակում գտան՝ ադրբեջանցիները զինապահեստ էին սարքել։ Այն ժամանակ էլ արկերը հանեցին, հողը մաքրեցին, վերականգնեցին Ղազանչեցոցը, հիմա էլ կվերականգնեն, շատ շուտով, երբ հաղթանակը վերջնական դառնա։

«Միշտ էլ մենք սարքում ենք, իրենք՝ քանդում։ Կսպասենք՝ խաղաղություն լինի, համազգային ուժերով կվերականգնենք։ Էմոցիաները ծանր են իհարկե, ցավալի է, որ սարքում ենք, այնուհետև մեկ վայրկյանում իրենք քանդում են։ Բայց այդ ձեռագիրը չեմ կարծում, որ կկարողանանք փոխել, միայն պարտադրելով որոշ չափով կարող ենք փոխել ադրբեջանցիների այդ ձեռագիրը»,-ասաց Տեր Անդրեասը։

Հրաշքներ, ասաց, շատ են լինում՝ և՛ առաջնագծում, և՛ քաղաքի ներսում, և՛ առօրյայում։ Ամեն օրվա արթնանալն էլ հրաշք է, դրա համար էլ փառք են տալիս Աստծուն, որ կան և խնդրում են, որ բանակը ամուր լինի, զինվորները անփորձանք վերադառնան։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica