close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը ԼՂՀ-ում խփում է խորհրդանիշներին․ թյուրքական սնոտիապաշտություն

Արցախ

12 Հոկտեմբերի 2020, 18:48
 Ադրբեջանը ԼՂՀ-ում խփում է խորհրդանիշներին․ թյուրքական սնոտիապաշտություն

Շուշիի Սուրբ Աստվածածին Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելիս՝ ադրբեջանական զինուժը ԱԹՍ-ով թիրախն ընտրել է այնպես, որ հրթիռը դիպչի խորանի խաչի ուղիղ կենտրոնին։

Բնականաբար, խաչը որպես քրիստոնեական սիմվոլ նրանց համար թշնամական թիրախ է՝ վկայում են ժամանակին թուրք-ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրած հայերը։ Նրանք ասում են, որ թուրքերի ու ադրբեջանցիների համար միշտ էլ կարևոր են եղել խորհրդանիշները․ որոշակի թվեր, տարեթվեր, պատկերներ, սրբավայրեր, գերեզմանոցներ և այլն։

Այս պատերազմն էլ սկսվեց մի ժամանակահատվածում, երբ հայերը պատրաստվում էին նշել Սևրի պայմանագրի 100-ամյակը`Yerkir.am-ի հետ հարցազրույցում ևս մեկ խորհրդանշական ամսաթիվ նկատեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Սևրի պայմանագրով 1920 թ-ի օգոստոսի 10-ին Թուրքիան պարտավորվում էր Հայաստանին ելք ապահովել դեպի ծով և ստանձնում էր մի շարք այլ պարտավորվածություններ, որոնք Թուրքիայում ընկալում են որպես մեծագույն ամոթ իրենց երկրի համար։ 2020 թ-ին՝ 100-ամյակի միջոցառումների շրջանում էլ սկսվեցին թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու ՊՆ-ների պայմանավորվածությունները, որը սեպտեմբերի 27-ին դրսևորվեց համատեղ հարձակմամբ ՀՀ և ԼՂՀ վրա։

Ռուբեն Մելքոնյանը նշեց այլ օրինակներ ևս, երբ թուրքերն ու ադրբեջանցիները թիրախավորել են հայ և, իրենց համար թշնամի համարվող, այլ ժողովուրդների խորհրդանիշներ։

Նա մի դրվագ հիշեց ռուս-թուրքական պատերազմներից․ 19-րդ դարում՝ ամեն ռուս-թուրքական պատերազմից հետո, Օսմանյան կայսրությունում կառուցվել են 2 ռուսական հուշարձաներ, որոնք խորհրդանշում էին այդտեղ զոհված ռուս զինվորների հիշատակը։

«Ընդհանրապես, այդ երկու հուշարձաններն էլ թուրքական հասակության մեջ կոչվում էին «ամոթի հուշարձաններ»․ ամոթի, որ ռուսական զորքը հասել է այնտեղ՝ Ստամբուլ, և կառուցել է խաչով մատուռ ի հիշատակ զոհված ռուս զինվորների»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Եվ 1914 թ-ին, Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուց առաջ, Օսմանյան պետությունը իր բարձրաստիճան վերնախավի մասնակցությամբ սիմվոլիկ արարողություններով պայթեցրեց այդ ռուսական երկու մատուռները, որպես նշան իրենց ամոթի վերացման և որպես ատելության խոսք ուղղված քրիստոնեական արժեքներին և այդտեղ զոհված ռուս զինվորների հիշատակին։

Թուրքագետը ռուսական սրբավայրերի թիրախավորման այլ օրինակներ ևս հիշեց․ Կարսի անկումից հետո Կարսի ռուսական Սուրբ Նևսկու եկեղեցու գմբեթները քանդեցին և այն այսօր ծառայում է որպես մզկիթ, այսինքն, մշակութային եղեռն նաև ռուսական խորհրդանիշների նկատմամբ։

Մեկ այլ օրինակ է Սարիղամիշի Ցարական որսորդական պալատը, որը գրավելուց հետո թուրքական հասարակությունը և թուրքական զինուժը դարձրին հրաձգության, պղծման թիրախ։

«Ընդ որում, ընտրված էր որպես ռուսական խորհրդանիշ, որի հանդեպ և՛ թուրք հասարակությունը, և՛ բանակը, և՛ թուրքական պետությունը տածում էր ատելություն և դա դրսևորում էր կրակելով, պղծելով»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ստամբուլի հունական եկեղեցիների կործանման օրինակը թուրքագետը հիշեց ավելի ուշ շրջանից՝ 1955 թ-ի սեպտեմբերի 6-7-ից։ Այդ օրերին Ստամբուլում հարձակվում են հունական համայնքի, եկեղեցիների և այլնի վրա։

«Դա խորհրդանշող բազմաթիվ նկարներ կան, որտեղ կործանվում են Ստամբուլում գտնվող մոտ 70 հունական եկեղեցի և կործանվում են սիմվոլիկ պղծման արարողություններով՝ իջեցնում են խաչը, պատռում սրբապատկերները, անգամ մյուռոն եփելու կաթսաները պղծում են՝ դարձնելով հանրային զուգարանի օգտագործման առարկաներ»,-պատմեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ նույն օրերին նաև քանդում են հունական գերեզմանները, հույն պատրիարքների կմախքները հանում և հրապարակավ պղծում։ Ընդ որում, դա անում է ժողովուրդը, կան նկարներ, որ ուղղակի զարհուրելի է՝ հույն մահացած պատրիարքի գանգով երեխաները ֆուտբոլ են խաղում։

«Սա խոսում է այն մասին, որ ոչ միայն պետությունը, այլև այդ հասարակությունները՝ թուրքական ու ադրբեջանական, հեղեղված են ցեղասպանական մտածողությամբ և ամեն անգամ առիթի դեպքում՝ կլինի պատերազմ, թե կլինի այլ իրավիճակ, նրանք այդ մտածողությունը կյանքի են կոչում»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ցեղասպանության ժամանակ և ավելի ուշ՝ հայ-թուրքական պատերազմի ժամանակ խաչերի՝ հրաձգության թիրախ դառնալու կոնկրետ օրինակ կարելի է տեսնել Գյումրիում․ հրապարակի «Յոթ վերք» եկեղեցու կողքին դրված է Հայկաձոր գյուղի եկեղեցու գմբեթի խաչը, որը որպես թիրախ է ծառայել 1918-20 թթ հայ-թուրքական պատերազմների ժամանակ։

Ռուբեն Մելքոնյանը իբրև խորհրդանիշ նշեց նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած գրիչի փոխանցումը Թուրքիայի պատմության թանգարան։

«1920 թ հայ-թուրքական պատերազմը, որն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով, որը Հայաստանի համար բավական դաժան էր, այդ պայմանագիրը, որն ստորագրել է թուրքական կողմից գեներալ Քազըմ Կարաբեքիրը, որը նույնպես ցեղասպան էր և Շիրակում իրականացրել է հայերի ցեղասպանության մի դրվագ, այդ գրիչը, որով ստորագրել էր պայմանագիրը, նույն պահից փոխանցեց Թուրքիայի պատմության թանգարան։ եվ այսօր, երբ Թուրքիայի պատմության թանգարան ես մտնում, դրված է այդ գրիչը, որով ստորագրվել է հայ-թուրքական պայմանագիրը և նշված է․ «Սա այն գրիչն է, որով ստորագրվել է Հայաստանը կործանող պայմանագիրը»։ Դպրոցականների հաճախակի այցելության վայրերից է այդ թանգարանը և թուրքական նոր սերունդը, նայելով այդ գրչին, ներշնչվում են Հայաստանի կործանումը շարունակելու գաղափարով»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Իբրև թվերի սիմվոլիկայի օրինակ կարելի է համարել մի քանի տարի առաջ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, Թուրքիայում հայազգի զինծառայող Սևակ Բալաքչըի սպանությունը թուրքական բանակում, որի սպանողը ծայրահեղ աջ ազգայնամոլական խմբավորման անդամ էր։

«Նա խորհրդանշական առումով սպանեց հայազգի քաղաքացու։ Այսինքն, այս խորհրդանիշները շատ կարևոր, ցավոք սրտի՝ բացասական, դեր ունեն  թուրքական և ադրբեջանական մտածողության մեջ»,-ասաց Մելքոնյանը։

Ադրբեջանցիների համար սիմվոլիկա է նաև ՌԴ-ից ձեռք բերած Ս-400 համակարգերի փորձարկումը այս օրերին։

«Ս-400-ի որոշակի սիմվոլիկան ուղղված է ոչ միայն  Հայաստանին, որպես Ռուսատանի դաշնակից, այլ նաև ՆԱՏՕ-ին, որովհետև այս օրերին ՆԱՏՕ-ական մի շարք երկրներ բացահայտ քննադատում էին Թուրքիային՝ հիշենք Ֆրանսիայի պահվածքը։ Ս-400-ները, որոնք բավական նուրբ խնդիր են ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում, բերելով առաջին պլան, անպայման խորհրդանշական քայլ է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Եվ այսօր այն, ինչ կատարվում է Արցախում՝ Շուշիի Սուրբ Աստվածածին Ղազանչեցոց եկեղեցու, հատուկ որպես քրիստոնեական արժեքի թիրախավորումը, թուրքագետի համոզմամբ, պետք է ահազանգ լինի ինչպես մեր դաշնակից երկրներին, մեր հավատակից երկրներին, այնպես էլ ամբողջ աշխարհին, որ սա ցեղասպանական, մշակութային եղեռնի քաղաքականության շարունակությունն է, որն Ադրբեջանը շարունակում է անգամ 21-րդ դարում, նրանց գաղափարականի հենքից ցեղասպան մտածողությունը դուրս չի գալիս։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica