close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա ուրիշ՝ հուժկու պատերազմ է, բարբարոսության համը ռունգերում զգում ես․ ԼՂՀ մշակույթի նախարար

Արցախ

9 Հոկտեմբերի 2020, 19:23
 Սա ուրիշ՝ հուժկու պատերազմ է, բարբարոսության համը ռունգերում զգում ես․ ԼՂՀ մշակույթի նախարար

Բարբարոսության և քաղաքակրթության բախումը․ ո՞նց կարող են միասին ապրել քաղաքակրթությունն ու բարբարոսությունը՝ սա առաջինն էր, որ անցավ Լուսինե Ղարախանյանի մտքով, երբ տեսավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի ռմբահարումը Ադրբեջանի զինուժի կողմից։

Լուսինե Ղարախանյանը ԼՂՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարն է։

—Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացա արկերի ձայնից։ Ուզում էի ինձ համոզել, որ դա հակակարկտային կրակոցներ են։ Այդ պահին ոչինչ չէի անում, ընդամենը հետևում էի, ինչպես է ամուսինս զինվորական հագուստ հագնում, որ դուրս գա։ Ուսապարկը վերցրեց ու գնաց,-Yerkir.am-ին ասաց Լուսինե Ղարախանյանը։

Երկու ամիս էլ չկար, որ ամուսնու զինվորական համազգեստը կախել էին պահարանում ու անցել քաղաքացիական կյանքի։ Մինչ այդ պայմանագրային զինծառայող էր, դիպուկահար, բայց ծառայության ժամկետն ավարտվել էր ու որոշել էին քաղաքացիական կյանքի անցնել։ Չստացվեց։

—Հետո սովորական պես գնացի աշխատանքի ու ինքս իմ դեմ կռվելով, ներքին մեծ ծանրությամբ ստորագրեցի ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման հրամանը։ Դա երևի իմ կյանքի ամենածանր դրվագներից էր։ Առաջինը հենց այդտեղ լիարժեք հասկացա, որ պատերազմ է,-պատմեց ԼՂՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարը։

Չնայած երիտասարդ տարիքին, 3 պատերազմ է տեսել Լուսինե Ղարախանյանը։

— Գիտեք, ես հոգնել եմ, մենք իսկապես հոգնել ենք ստեղծելու և նրանց քանդելու պրոցեսից։ Բարբարոսություն-քաղաքակրթություն, որքան կարելի է բախվեն, որքան կարելի է․․․ մենք, իմ կարծիքով, թուրքերի բարդույթն ենք, որ, ինչպես տեսնում եք, չի հաղթահարվում։

1991-92-ին, երբ արցախյան առաջին ազատամարտը սկսվեց, նա 6-րդ դասարանում էր։ Ասում է՝ ոչ մի վտանգ չի զգացել այդ տարիներին, նկուղում դասապրոցես էին անցկացնում։ Արկը ընկնում  էր, լռում էին, վազում էին նկուղ, հետո էլի պայթյունները դադարում էին, էլի դասավանդում էին։ Նույնիսկ 4 տարի տևած այդ պատերազմում խաղաղ էպիզոդներ ունենում էին։

Հետո եղավ 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը․․․ հպանցիկ։

—Իսկ սա արդեն շատ հուժկու է, շատ սարսափելի, կարծես նույն 1915 թ-ի Հայոց ցեղասպանության սցենարով, ուղղակի ժամանակակից զենք-զինամթերքով, ոչ մի տարբերություն չկա։ Այդ բարբարոսության համը զգում ես, ռունգերում զգում ես։

Նախարարը պատերազմի երրորդ օրը 5-ամյա դստրիկին ճանապարհեց Երևան, փոխանցեց հարազատներին, բայց ինքը Երևան չհասավ, հետ եկավ Արցախ։ Ամեն օր մի քանի ժամով մտնում է աշխատավայր։ Հետո իջնում ապաստարանում հարմարեցված կարի ֆաբրիկան, որտեղ այլ կամավորների ու մասնագետների հետ, բրոնեժիլետների դետալներ է կարում, սպիտակեղեն, քնապարկեր, ինչի անհրաժեշտությունը կա։

—Երբ գնացի աշխատավայր, գրանցեցինք կամավորների, ընտրեցինք ընդհանուր ղեկավար, հետո 200 հոգին բաժանեցինք 5-ի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեցինք պատասխանատու․ հացի փուռի հետ կապված այլ մարդ է զբաղվում, հավաքագրում իր կամավորներին, ամեն օր բերում այն կետը, որտեղ պետք է, մեքենաներ բեռնելու և բեռնաթափելու համար կան տղամարդ աշխատողներ, կան նաև սնունդ պատրաստող կամավորներ, իսկ ես միացել եմ կարի խմբին։

Կամավորների այս խմբին թիկունքային ջոկատ են անվանում․ դրանում ընդգրկել են կրթության, մշակույթի ոլորտի աշխատակիցներին։ Վստահ են, որ թիկունքում աշխատանքը գրագետ կազմակերպելով՝ սահմանը ապահով կլինի։

Լուսինե Ղարախանյանը առաջնագծում կռվող ամուսնուց լուր է ստանում միայն այն ժամանակ, երբ նա կարողանում է զանգել, կարճ հարցնել՝ ո՞ղջ եք, ասում են՝ այո, ասում է, որ ինքն էլ է ողջ ու անջատում են։ Լուսինեն չի զանգում՝ անվտանգության նկատառումով։

Լուսինեն մի քանի օր ոչ մի անգամ չլացեց։ Արցունքները խեղդեցին ու ժայթքեցին միայն այն պահին, երբ նոր զորակոչված՝ 18-20-ամյա ժամկետային զինծառայողների մահեր տեսավ։ Մտավ կաբինետ ու թաքուն արտասվեց ամբողջ պատերազմի համար։

—Ես ուզում եմ շատ արագ ամեն ինչ ավարտվի և ավարտվի հստակությամբ, ոչ թե՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Ես ուզում եմ մեր երկիրը դադարի խրամատային սահման պահող երկիր լինելուց։ Մենք հոգնել ենք, մենք ստեղծում ենք․․․ Մատաղիսի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ունեինք, մասնակցում ենք միջազգային օլիմպիադայի, Արցախի աշակերտը այնտեղ գովասանագիր է ստանում ու այդ ամեն ինչը թուրքը մեկ վայրկյանում փոշիացնում է։

Նախարարը սրտի ցավով թվարկում է՝ Շուշիի փառահեռ մշակույթի տունն են ավիրել, Ստեփանակերտի միջնակարգ դպրոցը, Մատաղիսի էտալոնային դպրոցը, որի ուսուցիչները սպայակազմի կանայք էին և քաղաքի խորհրդակցություններին ինքը Մատաղիսի դպրոցի օրինակն էր բերում։

Լուսինե Ղարախանյանն ասում է՝ չի հոգնում, մտքերը նորից գալիս են, գլխում հավաքվում, նորից Մատաղիսում ինժեներական տեխնոպարկ են կառուցելու, աշխարհին համաքայլ գնալու են, աշխարհի գիտակրթական տարածքում իրենց տեղն ունենալու են։ Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին էլ 170-ամյա գոյության ընթացքում Շուշիի հայերի ջարդեր է տեսել, վերածվել է ամբարի, ավտոտնակի, եղել զինապահեստ, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թիրախավորվել թշնամու կողմից, բայց վերակագնվել է։

Հարցը դա չէ, մարդիկ հոգնել են անորոշությունից, իրենց գերհստակություն է պետք։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica