close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ակտիվացել իրանաարցախյան սահմանագծին

Քաղաքական

8 Հոկտեմբերի 2020, 18:36
 Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ակտիվացել իրանաարցախյան սահմանագծին

Իրանաղարաբաղյան սահմանի այն հատվածը, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները այս օրերին մեծաթիվ խմբերով կուտակվում են և Արաքս գետի երկայնքով փորձում առաջ շարժվել, փաստացիորեն վարակված է Բաքվի պրոպագանդայով` Yerkir․am-ի հետ հարցազրույցում ասաց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Գառնիկ Ասատրյանը։

Արցախին սահմանակից Իրանի այդ տարածքներում մոտ 5 միլիոն թյուրքախոս իրանցի է ապրում։ Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի գրավել Արցախի հատկապես այդ շրջանը, որպեսզի թյուրքախոս իրանցիների հետ անմիջականորեն սահմանակից դառնան և քարոզչությունն ավելի ակտիվ իրականացնեն։

«Իրանի թյուրքախոս քաղաքացիներով բնակեցված այդ տարածքները Բաքվի կողմից հատուկ թիրախավորվում են քարոզչությամբ․ տարբեր խմբեր են ուղարկում այդ տարածքներ՝ տուրիստներ, հոգևորականներ և մարդկանց նախապատրաստում են պատերազմի՝ միավորյալ Ադրբեջան ստեղծելու համար։ Տարբեր կազմակերպություններ են ստեղծվել, ասոցիացիաներ կան, մարդիկ փող են ստանում, անգամ կուսակցություններ կան, որոնք պրոպագանդում են այդ գաղափարը»,- ասաց Գառնիկ Ասատրյանը ։

Նա նշեց, որ ադրբեջանական քարոզչական վիրուսով վարակված այդ շրջաններում մարդիկ երբեմն խմբերով հավաքվում են, ակցիաներ են անում, Հայաստան գնացող ավտոբուսների, մեքենաների ճանապարհն են փակում, երբեմն անգամ հակաիրանական քարոզչություն են անում։ Բայց այդպիսի դրսևորումները Իրանի իշխանությունների կողմից արագ չեզոքացվում են։

«Բաքվում մեծագույն երազանք կա, որ թյուրքախոս իրանցիներով բնակեցված այդ տարածքներն, իբր թե, իրենց երկիրն է, Թավրիզն իրենց մայրաքաղաքն է։ Նման ֆանտաստիկ գաղափարներ վաղուց են նրանք փայփայում։ Բայց դրանք երբևէ չեն իրականանա և որևիցե հիմք չունեն»,-ասաց Գառնիկ Ասատրյանը։

Նա նշեց, որ անգամ տերմին են հորինել այդ նպատակով՝ «էթնիկ ադրբեջանցիներ», ինչը իրականության հետ կապ չունի․ այդ մարդիկ Իրանի քաղաքացիներ են, խոսում են պարսկերեն և միայն իրենց տներում են թյուրքերենը կիրառում, որը ադրբեջանական կողմի բնակիչների հետ նույն բարբառն է։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը զգուշացրեց, որ չի բացառվում՝ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, փախչեն իրանական տարածք և իրանական կողմը ստիպված լինի կանխել դա։

Իրանագետ Գառնիկ Ասատրյանը հիշեցրեց, որ Ղարաբաղյան առաջին ազատամարտի տարիներին՝ 1990-ականներին, այդպիսի մի քանի դեպք եղել է, որ ադրբեջանցիներին հաջողվել է այդ հատվածում սպրդել Իրանի տարածք և թիկունքից հարվածել հայկական ուժերին։ Բայց այս անգամ, նրա կարծիքով, դա չի հաջողվի, քանի որ իրանական կողմը սեփական զորքով ամրապնդել է սահմանը։

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների 3-րդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Իրանի զինուժը խոցեց Ադրբեջանի բանակին պատկանող իսրայելական ԱԹՍ, որը հայտնվել էր Իրանի տարածքում։ Դրանից մեկ օր առաջ Իրանի սահմանային զորքերի հրամանատարի տեղակալ Քասեմ Ռեզայը նախազգուշացրել էր` ավելի լավ վերահսկել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության հետ սահմանային գոտում, քանի որ Ադրբեջանի արձակած ականանետային արկերը պատահաբար հարվածել էին Իրանի տարածքին:

Ադրբեջանցի զինվորականները, ըստ իրանագետի, Արաքսի երկայնքով են գալիս նաև այս հանգամանքը հաշվի առնելով՝ որ հայկական զինուժը զգուշանա խոցել՝ Իրանօ պբյեկտները չվնասելու նկատառումով։

«Սա բնական երևույթ է, ուզում են օգտագործել իրանական սահմանը, որպես ապահովության խարիսխ իրենց համար»,-նշեց նա։

Իսրայելական ԱԹՍ-ները ադրբեջանական զինուժի կազմում Իրանի կողմը ուղարկելը, ըստ իրանագետի, նոր մարտահրավեր չէ․ տասնյակ տարիներ Իսրայելը ամենասերտ համագործակցություն ունի Ադրբեջանի հետ և զինատեսակներ է տրամադրում, խորհրդատվություն է տրամադրում, մարդիկ է տրամադրում, համապատասխան տեխնոլոգիա է տրամադրում, դա վաղուցվա մարտահրավեր է։

Այսուհանդերձ, նա համոզված է, որ այդ ԱԹՍ-ները Իրանի տարածքը հետախուզել չեն կարող․ «Չեն կարող, որովհետև անպայման կխփեն դրանց»։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica