close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հրահրած ռազմական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանը. Ալեքսանդր Մարգարով

Քաղաքական

1 Հոկտեմբերի 2020, 17:41
 Թուրքիայի հրահրած ռազմական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանը. Ալեքսանդր Մարգարով

Թուրքիայի պահվածքը բացարձակապես չի նպաստում տարածաշրջանում անվտանգությանը, ինչն այսօր դատապարտվում է ոչ միայն ՄԱԿ-ի, այլև առանձին պետությունների ղեկավարների կողմից.  Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Տեսնում ենք, որ կան համապատասխան ուղերձներ: Կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանություններն այս գործողություններն այս ակտիվությամբ, այս ինտենսիվությամբ չէին իրականացնի, եթե չլիներ Թուրքիայի զգալի օժանդակությունը»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից և Արցախյան հարցի կարգավորման հարցում ունի պրոադրբեջանական դիրքորոշում:

«Այդքան բացահայտ օժանդակությունը, որը Թուրքիան ցուցաբերել է Ադրբեջանին, այդ թվում`  նաև հրահրելով ռազմական  գործողությունները, բացարձակ չի նպաստում խաղաղությանը տարածաշրջանում և կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նախաձեռնություններին, որոնք իրականացվել են Մինսկի խմբի համանախագահողների կողմից: Թուրքիան փորձում է հանդես գալ որպես կողմ` համանախագահողների հետ, և դրան միանշանակ անհրաժեշտ է դադար տալ»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոչ թե խաղաղության հասնելու նպատակ ունեն, այլ նպաստում են ռազմական գործողությունների  մեծացմանը:

Մարգարովն ընդգծեց՝ միանշանակ պետք է բացառել բանակցային գործընթացում երրորդ կողմի ներգրավվածությունը: Ըստ քաղաքագետի՝ պետք է հստակ ցույց տալ, որ Թուրքիան ոչ միայն չի նպաստում խաղաղության զարգացմանը, այլև օգտագործում է միջազգային ահաբեկչական կառույցները՝ տարածաշրջանում լարվածությունն ու անկայությունը մեծացնելու համար:  

Անդրադառնալով թուրքական Ֆ-16 կործանիչի կողմից Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի Սու-25-ին՝ Մարգարովը նշեց, որ սա փաստում է՝ Թուրքիան ռազմական գործողությունների անմիջական մասնակից է:

«Սա փաստում է, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է ոչ միայն բարոյական, այլև իրական օժանդակություն: Նրանց անմիջական մասնակցությունը միջազգային նորմերի խախտում է: Մենք պիտի ապացուցենք, որ հենց թուրքական Ֆ-16-ն է խոցել մեր Սու-25-ը», - ընդգծեց քաղաքագետը:

Հիշեցնենք՝ հայկական կողմը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին թուրքական Ֆ-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հռթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ: Թուրքական կողմը, սակայն, հերքում է տեղեկությունը:

«Այս հանգամանը ստեղծում է լուրջ մտահոգություն ոչ միայն հայկական կողմի համար, այլև գլոբալ առումով, որովհետև Թուրքիան ևս մեկ անգամ խառնվել է այլ երկրների գործին և հանդես է գալիս որպես հրահրող», - նշեց Մարգարովը՝ պնդելով, որ դատապարտման պիտի արժանանա ոչ միայն Ադրբեջանը՝ ագրեսիան սկսելու համար, այլև Թուրքիան, որն անմիջականորեն նպաստում է ագրեսիային և խրախուսում Ադրբեջանին:    

Հարցին, թե, իրադարձություններին հետևելով, ի՞նչ եզրակացություն կարելի է անել, ինչպե՞ս կզարգանան և արդյո՞ք շուտ կավարտվեն ռազմական գործողությունները, քաղաքագետը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ ավարտը կարող է պայմանավորված լինել այն գործողությամբ, որը իրականացվում է Արցախի ՊԲ-ի կողմից, որը կարող է ստիպել հակառակորդին դադարեցնել գործողություններն ու խաղաղություն խնդրել: Մեր խնդիրն այստեղ ադրբեջանական կողմին խաղաղություն պարտադրելն ու բանակցային գործընթացը շարունակելն է, որի արդյունքը լինելու է դե ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակի ամրագրումը դե յուրե տարբերակով: Ռազմական գործողությունների դադարեցումը կանխատեսելի է այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր մաշկի վրա ևս մեկ անգամ զգա, որ իր գործողությունները հասնելու են այն կետին, որ իրենք կորցնելու են նոր տարածքներ»:

Սեպտեմբերի 27-ի լուսաբացին արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամու կողմից սանձազերծվել են ռազմական գործողություններ: Արցախում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ում և Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն: Այս պահին ևս մարտերը շարունակվում են:

 

Վարդուհի Ստեփանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica