close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թումանյանը հավերժ է, ինչպես ռուսների համար Պուշկինը․ կայացավ «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան»-ի շնորհանդեսը

Մշակույթ

30 Սեպտեմբերի 2020, 18:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թումանյանը հավերժ է, ինչպես ռուսների համար Պուշկինը․ կայացավ «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան»-ի շնորհանդեսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքի շնորհանդեսը։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ լույս տեսած աշխատությունը հայ իրականության մեջ առաջին գրական հանրագիտարանն է, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ի կողմից:

«Այս հանրագիտարանը բովանդակում է ամեն ինչ Թումանյանի մասին, որը օգտակար և լուրջ աշխատանք է»,- շնորհանդեսի բացմանն ասաց  ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը և փաստեց․ «Քանի որ նոր սերունդը քիչ է կարդում, այս գրքով կարող է ամեն ինչ իմանալ Թումանյանի մասին և հիանալ Ամենայն հայոց բանաստեղծով»։

Հայկական հանրագիտարանի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, մինչ գրքին անդրադառնալը, ասաց․ «Փառք ու պատիվ մեր բանակին, որ կարողանում ենք այսօր մեզ թույլ տալ այս տեսակ շնորհանդեսներ կազմակերպել՝ այս լարված պայմաններում»։

 Ապա ներկայացնելով գիրքը` շեշտեց, որ այնտեղ հսկայական ծավալ է կազմում Թումանյանի հասարակական գործունեությունը: «Զորավար Անդրանիկին վերաբերող մեծ բաժին ունենք, քանի որ Թումանյանն Անդրանիկի հետ մտերիմ է եղել։ Հետաքրքիր պատմություններ կան Անդրանիկի և Թումանյանի զրույցներից»,- ասաց Հովհաննես Այվազյանն ու շտապեց տեղեկացնել, որ տպավորություն չստեղծվի, թե հանրագիտարանում պիտի կարդան Թումանյանի այս կամ այն ստեղծագործությունը։ Փոխարենը ընթերցողը գրքում կարող է բացահայտել, օրինակ, փիլիսոփա, ազգագրագետ, մանկավարժ և այլ մասնագիտական դրսևորումներով Թումանյանի, որին անդրադարձել են հենց տվյալ ոլորտների գիտակ մարդիկ:

«Հանրագիտարանի վրա աշխատել են մի քանի տասնյակ հեղինակներ, օրինակ՝ Թումանյանի փիլիսոփայության մասին գրել է փիլիսոփա, Թումանյան-ազգագրագետի մասին՝ ազգագրագետ… Այսինքն՝ գրական ժառանգությունից բացի, ներկայացվել են Թումանյանի հակումները, որոնք դրսևորվել են այս կամ այն ոլորտում՝ գիտակարգի ձևով»,- ասաց Այվազյանը եւ տեղեկացրեց, որ հաջորդ նման հանրագիտարանը մտադիր են հրատարակել Ավետիք Իսահակյանի մասին։

ՀՀ  ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն  Արարատ Աղասյանն էլ, կարևորելով  հանրագիտարանը, փաստեց, որ այն իր տեսակով եզակի է: «Աշխարհի մակարդակով մատների վրա կարելի է հաշվել այս տիպի, մեկ անձին նվիրված հանրագիտարանները»,- ասաց նա, ապա առաջարկեց, որ հեռանկարում նկատի ունենան նաև կոմիտասյան հանրագիտարան հրատարակելը, քանի որ Կոմիտաս վարդապետի մասին հսկայական նյութ կա կուտակված։

Ըստ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանի` Հովհաննես Այվազյանից մեծ եռանդ ու ուժ է պահանջվել, որպեսզի 1224 էջանոց հանրագիտարանը լույս տեսնի: «Այնպես որ` սա մեծ հարստություն է մեր գիտության համար։ Բայց սա միայն թումանյանագետների համար չէ, այս հատորում հսկայական նյութ կգտնեն գրականագետները, հայոց պատմության նորագույն շրջանի մասնագետները»,- ասաց նա, ապա առանձնահատուկ շեշտեց, որ գրքում ներկայացված են նաև թումանյանագիտության մեջ արտահայտված տեսակետներ, որոնց շուրջ չբացառեց նաև վեճեր ու առարկություններ, որոնք մտքերի փոխանակման համար փայլուն առիթ կլինեն։

ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն էլ, կարևորելով հանրագիտարանի լույսընծայումը, շեշտեց․ «Այն, առաջին հերթին, հայ գրողներին նվիրված առաջին հանրագիտարանն է, որն ինչ-որ տեղ ճանապարհ հարթող է թե՛ մեթոդիկայի, թե՛ բառահոդվածների ընտրության առումով»։

Գրականագետ, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանն էլ, եզրափակելով շնորհանդեսը,  հպարտորեն ընդգծեց` պատահական չէ, որ հենց այս պատերազմական օրերին է ընթանում գրքի շնորհանդեսը: «Հպարտ եմ, որ գրքի լույսընծայումը և քննարկումը ընթանում է հենց պատերազմի օրերին։ Չմոռանանք, որ մեր ակադեմիան ստեղծվեց 1943 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի օրերին։ Պետք է սովորենք մեր բուն գիտական գործը շարունակել նաև պատերազմի օրերին, որքան էլ, որ դժվար լինի»,- ասաց գրականագետն ու շեշտեց․ «Թումանյանի յուրաքանչյուր օրը կապված է եղել հայ ժողովրդի ճակատագրի, բախտի հետ։ Ահա այս տարեգրությունն էլ փայլուն գործ է։ Թումանյանը հավերժ է, ինչպես ռուսների համար Պուշկինը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica